Իրանը կշարունակի լիովին վերահսկել Հորմուզի նեղուցը. Խամենեիի խորհրդական

Գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավի, Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական հարցերով խորհրդական

Հորմուզի նեղուցը «երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին», և Իրանը կշարունակի «լիովին կառավարել և վերահսկել» ջրային այս ուղին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական հարցերով խորհրդական գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին:

Տեսանյութում, որը հրապարակել են իրանական Fars և Tasnim լրատվական գործակալություններ, Սաֆավին պնդում է, որ Իրանն ու Օմանը «համաձայնության են եկել նեղուցի կառավարման մեխանիզմի վերաբերյալ, սակայն ամերիկացիները խոչընդոտել են դրան»։

Պատերազմից առաջ Հորմուզով էր փոխադրվում աշխարհում սպառվող նավթի և բնական գազի մոտ 20 տոկոսը: Մինչդեռ հիմա օրական շատ քիչ նավեր են անցնում նեղուցով:

Գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ Պարսից ծոցը և Կարմիր ծովը, ինչպես նաև Հորմուզի նեղուցը և Բաբ էլ-Մանդեբը որպես փոխկապակցված պատերազմի թատերաբեմ դիտարկելու Իրանի ռազմավարությունը հիմնարար կերպով կփոխի հակամարտության բնույթը։

Սաֆավին նաև ասել է, որ Եմենի հութիները, որոնք առաջխաղացում են գրանցել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում և կարևոր դիրքեր են զբաղեցնում, իրենց «սեփական նպատակներն ու ռազմավարությունը, և նրանք մեծ առաջընթաց են գրանցել զենքի արտադրության գործում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փեզեշքիան․ «Մենք ահաբեկչության զոհ ենք»

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեկ էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից վստահեցրել էր, որ Իրանը երբեք չի հանձնվի Միացյալ Նահանգներին, բայց դեռ հավատում է դիվանագիտությանը:

Նա նաև հակադարձել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ Իրանը ոչ թե ահաբեկչության աղբյուր է, այլ դրա զոհը։ «Երեկ Թրամփը մեզ ահաբեկիչներ անվանեց։ Մենք ահաբեկչության զոհեր ենք», - ասել էր Փեզեշքիանը։

Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ թե՛ Հորմուզի նեղուցի վերահսկողության, թե՛ Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների շուրջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել էր, որ իրանական կողմի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպում են ունեցել: Նախագահ Թրամփն այն «կառուցողական» էր որակել:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ հայտնել էր, որ Թեհրանը Նյու Յորքում Կատարի միջոցով Վաշինգտոնին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները: Ըստ այդմ՝ Իրանը պահանջում է, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմը բոլոր ճակատներում, վերացնի իրանական նավահանգիստների շրջափակումն ու տնտեսական պատերազմը, և ազատի իրանական բռնագրավված ակտիվները: