Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հակադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ Իրանը ոչ թե ահաբեկչության աղբյուր է, այլ դրա զոհը։
«Երեկ Թրամփը մեզ ահաբեկիչներ անվանեց։ Մենք ահաբեկչության զոհեր ենք», - ասել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը հիշատակել է պատերազմի ընթացքում երկրի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունն ու Մինաբ քաղաքի դպրոցի ռմբակոծությունը։
«Ես գալիս եմ Իրանից, որտեղ մեր գերագույն առաջնորդը սպանվեց՝ առանց որևէ իրավական հիմքի կամ պատճառի։ Ես գալիս եմ Իրանից, որտեղ դպրոց ռմբակոծեցին։ Այս երեխաները զոհվեցին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կիրառված ռումբերից», - հայտարարել է նա։
Իրանական պաշտոնական տվյալներով՝ փետրվարի 28-ին Մինաբի դպրոցի վրա հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 120 երեխա և 26 ուսուցիչ։
Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ վերջին երկու դարերի ընթացքում Իրանը որևէ երկրի կամ տարածքի վրա չի հարձակվել։
«Բայց այժմ մեզ մեղադրում են տարածաշրջանում անկայունության աղբյուր լինելու մեջ։ Մեզ պիտակավորում են որպես ահաբեկիչներ», - ասել է Իրանի նախագահը։
Երբ Փեզեշքիանը ելույթի ընթացքում մեղադրանքներ էր հնչեցնում Վաշինգտոնի հասցեին, դահլիճում գտնվող ԱՄՆ միակ ներկայացուցիչը վեր է կացել և հեռացել։
Փեզեշքիանի ելույթը հաջորդում է Դոնալդ Թրամփի նախօրեին ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած կոշտ հայտարարություններին։ ԱՄՆ նախագահն ասել էր, որ ակնկալում է Իրանի հետ համաձայնության հասնել նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, բայց միաժամանակ զգուշացրել էր, որ համաձայնության բացակայության դեպքում կարող է «ոչնչացնել» Իսլամական Հանրապետությունը։
Թրամփը նաև Իրանին մեղադրել էր տարածաշրջանում ապակայունացնող գործունեության մեջ և պնդել, որ Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ունենալ։