Իրանը հնարավորության դեպքում կարող է գազ արտահանել Հայաստան, այս մասին հայ-իրանական միջկառավարական խորհրդի նիստից հետո հայտարարեց Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին:
«Կարծում եմ տեղյակ եք, որ Իրանը աշխարհի խոշորագույն գազի պաշարներ ունեցող երկրներից է, և եթե ունենա հնարավորություն գազի արտահանման առումով, ի՞նչ ավելի լավ ընկեր, քան Հայաստանը, որ արտահանենք», - նշեց փոխնախագահը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:
Նա ասաց, որ հայ-իրանական համագործակցության շրջանակում ստեղծված հանձնաժողովներից մեկը զբաղվում է էներգետիկ ոլորտով։ Հավելեց, որ դրա շրջանակներում քննարկվել են էներգետիկ ոլորտի համագործակցության բոլոր ուղղությունները՝ գազ, դիզվառելիք, նույնիսկ Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ ապահովմանն առնչվող հարցերը:
Կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություններ են կնքվել իրանական կողմի հետ այսօրվա նիստի արդյունքներով. Նիստը համանախագահող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց՝ «չկա մի ոլորտ, որի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերած չլինեն»:
«Ոլորտները՝ առևտուր, էներգետիկ ոլորտ, այդ թվում՝ գազ, էլեկտրաէներգիա, գործարքի նախագծի իրականացման ընդլայնման հնարավորություններ, մշակույթ, ենթակառուցվածքներ, որ նույնպես շատ կարևոր է՝ ենթակառուցվածքների փոխկապակցում և զարգացում», - ասաց Մհեր Գրիգորյանը՝ առանց ձեռք բերված պայմանավորվածությունների ժամկետներ նշելու։
Դեռ հուլիսին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։
Թեհրանի հետ էներգետիկ համագործակցությունը խորացնելու և գազի մատակարարման ծավալներն ավելացնելու մասին Իրանից հնչող հայտարարությունները հաջորդում են Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի թանկացման մասին զգուշացումներին։
Գրեթե 20 տարի առաջ կառուցված Իրան-Հայաստան գազատարը տարեկան ավելի քան երկու միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու կարողություն ունի, սակայն այն տարիներ շարունակ օգտագործում է իր կարողության չնչին տոկոսը։
Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածը 2015 թվականից գտնվում է ռուսական «Գազպրոմի» վերահսկողության ներքո։ Փորձագետները նշում են, որ առանց ռուսական կողմի համաձայնության իրանական գազի արտահանման ծավալների մեծացում հնարավոր չէ։ Նախարար Խուդաթյանը, սակայն, «Ազատությանն» ասել է, թե հայկական կողմը գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում սահմանափակումներ չունի և որևէ խնդիր չի կարող առաջանալ։