Իրանը հայտարարում է՝ միակողմանի զիջումների չի գնա և հիմա գնդակն ԱՄՆ դաշտում է

Իրանը պատրաստ է փոխզիջումների՝ միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու համար, եթե Վաշինգտոնն էլ պատրաստ լինի քննարկել պատժամիջոցները վերացնելու հարցը, Ժնևում վաղը երկու երկրների միջև նախատեսված բանակցություններից առաջ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը:

BBC-ին տված հարցազրույցում Մաջիդ Թախտ-Ռավանչին շեշտել է՝ Թեհրանը միակողմանի զիջումների չի գնա և հիմա գնդակն ԱՄՆ դաշտում է, որը պետք է ապացուցի, որ ցանկանում է գործարք կնքել։

«Մենք պատրաստ ենք քննարկել այս և մեր միջուկային ծրագրին վերաբերող այլ հարցեր, եթե նրանք ևս պատրաստ լինեն խոսել պատժամիջոցների մասին: Քանզի այդ ապօրինի պատժամիջոցները ևս պետք է լինեն բանակցությունների սեղանին»,- ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին:

Իրանի արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության դեպարտամենտի փոխտնօրենն էլ հայտարարել է, որ Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ այնպիսի համաձայնության, որը տնտեսապես շահավետ կլինի երկու կողմերի համար: Եվ որպեսզի համաձայնագիրը երկար տևի, կարևոր է, որ ԱՄՆ-ն ևս օգուտ ստանա այն ոլորտներում, որոնք արագ և բարձր եկամտաբերություն ունեն, ասել է Համիդ Ղանբարին:

«Բանակցություններում ներառված են նավթի և գազի հանքավայրերի, համատեղ հանքավայրերի, հանքարդյունաբերության մեջ ներդրումների և նույնիսկ ինքնաթիռների գնման ոլորտում ընդհանուր շահերը»,- Fars գործակալությանն ասել է նա։

Իրանն ու ԱՄՆ-ն այս ամսվա սկզբին վերսկսեցին բանակցությունները՝ տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու և նոր ռազմական բախումը կանխելու համար։ ԱՄՆ-ն մեծ թվով ռազմական տեխնիկա և զորք է ուղարկել տարածաշրջան, որտեղ ուղևորվում է արդեն երկրորդ ավիակիրը: Ամերիկացի պաշտոնյաները Reuters-ին ասել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է երկարատև ռազմական գործողությունների, եթե բանակցությունները ձախողվեն:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին երեկ Բրատիսլավայում հայտարարել է, որ նախագահ Թրամփը նախընտրում է խնդիրը դիվանագիտությամբ լուծել, սակայն պատրաստ է այլ սցենարների, եթե բանակցություններն արդյունք չտան:

«Մենք գործ ունենք արմատական շիա հոգևորականների հետ: Մարդիկ, որոնք աշխարհաքաղաքական որոշումներ են կայացնում՝ հիմնվելով բացառապես աստվածաբանության վրա։ Եվ դա բարդ է։ Ոչ ոք երբեք չի կարողացել հաջող գործարք կնքել Իրանի հետ, բայց մենք փորձելու ենք»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Իսրայելի վարչապետն էլ երեկ հայտնել է, որ անցած շաբաթ ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանն ասել է՝ Իրանի հետ ԱՄՆ ցանկացած գործարք պետք է ներառի Իրանի միջուկային ենթակառուցվածքների ապամոնտաժումը, այլ ոչ թե միայն ուրանի հարստացման դադարեցումը։

Բենյամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին նաև ասել է, թե թերահավատ է, որ Իրանի հետ հնարավոր է գործարք կնքել, քանզի չի վստահում նրանց:

Իսրայելի վարչապետի խոսքով.- «Նրանք ստում են և խաբում։ Բայց ես ասացի՝ եթե համաձայնության պետք է հասնել, ապա այն պետք է ունենա մի քանի բաղադրիչներ, որոնք, մեր կարծքով՝ կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհի անվտանգության համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփ. Ռեժիմի փոփոխությունը կլինի «լավագույն բանը, որ կարող է պատահել» Իրանում

Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Իրանում ռեժիմի փոփոխությունը «լավագույն բանը կլինի, որ կարող է պատահել» այդ երկրում, քանզի մի քանի տասնամյակի ընթացքում իշխանությունների բռնաճնշումների հետևանքով հազարավոր մարդիկ են սպանվել: Սպիտակ տան ղեկավարը, սակայն չի նշել, թե ով կարող է ղեկավարել Իրանը ռեժիմի տապալվելու դեպքում, միայն նշել է, թե «կան նման մարդիկ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտնում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը տնտեսական օգուտ պետք է բերի երկու կողմերին էլԻրանը պատրաստ կլինի փոխզիջումների, եթե ԱՄՆ-ը քննարկի պատժամիջոցների վերացման հարցը. ԱԳ փոխնախարարԹրամփն ու Նեթանյահուն համաձայնել են, որ ԱՄՆ-ը ճնշում գործադրի Իրանի վրա՝ Չինաստան նավթի վաճառքը կրճատելու համար․ AxiosԱՄՆ զինված ուժերը նախապատրաստվում են Իրանի դեմ հավանաբար երկարատև գործողությունների. Reuters