Իրանը հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների վրա

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անհայտ վայրից հրթիռ է արձակում Կատարում, Քուվեյթում և Օմանում գտնվող ԱՄՆ թիրախների ուղղությամբ, 17-ը հուլիսի, 2026թ.

Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում ու Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, հայտնում է Reuters-ը:

Իրանի բանակը, մասնավորապես, հայտարարել է, որ թիրախավորել է Քուվեյթի Ալի ալ Սալեմ բազայում գտնվող ամերիկյան անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կայանքները:

Քուվեյթը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունը հակազդում է «թշնամական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին»։ Սա նավթով հարուստ երկրի վրա Իրանի առաջին հարձակումն էր սեպտեմբերից ի վեր։

Բահրեյնն իր հերթին հայտարարել է, որ այս շաբաթ արդեն երրորդ անգամ է կասեցրել Իրանի օդային հարձակումները։ Պաշտոնական Մանաման մեղադրել է Թեհրանին «համակարգված թշնամական մոտեցում» դրսևորելու մեջ՝ թիրախավորելով երկիրը, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը «շատ լուրջ» է ընդունում Վաշինգտոնին Իրանի սպառնալիքի մասին հաղորդումը, Թեհրանը հերքում է

Եմենում Իրանին դաշնակից հութիների դեմ պայքարող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան իր հերթին հայտարարել է, որ որսացել է աշխարհազորայինների կողմից Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի ուղղությամբ արձակված թևավոր հրթիռը։

Երեկ ամերիկյան կործանիչները կրակ էին բացել իրանական Քեշմ կղզում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռների արձակման կայանի վրա, հայտնում է գործակալությունը: Ամերիկյան կողմը նշել է, որ հարվածը պատասխան էր Իրանի կողմից ամերիկյան անձնակազմի և ակտիվների վրա հարձակումներին։

Իրանական լրատվամիջոցները, հղում անելով իրանցի պաշտոնյայի, հայտնել են, որ ԱՄՆ հարձակումը չի վնասել իրանական ենթակառուցվածքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

10 երկիր աջակցել է Հորմուզի նեղուցը վերաբացելու Իրանի ծրագրին

Նոր հարձակումները տեղի են ունենում լուրերի ֆոնին, որ Իրանը ծրագրում է թիրախավորել ԱՄՆ պաշտոնյաներին «կեղտոտ ռումբով»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները «շատ լուրջ» են ընդունում որևէ հնարավոր սպառնալիք Վաշինգտոնին:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆիլիպիններ այցի ընթացքում պատասխանելով հնարավոր սպառնալիքի վերաբերյալ հարցին, Թրամփն ասել է. «Եթե կա [այդպիսի սպառնալիք -խմբ.], նրանք այնպիսի գին կվճարեն, որի նմանը նախկինում երբեք որևէ այլ երկիր չի վճարել»:

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդների միջոցով բանակցությունները փաստացի փակուղում են: Նախագահ Թրամփը նոյեմբերի 12-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամերիկյան 3-րդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք

Թեհրանը պնդում է, որ բանակցությունների օրակարգը կորոշի միայն իր յոթ պայմանների ընդունումից հետո։ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ տարածաշրջանի 10 երկրներ աջակցել են Հորմուզի նեղուցը վերաբացելու՝ Թեհրանի առաջարկին, որը Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու բանակցությունների շրջանակում։

Բացի դրանից՝ Իրանը չի համաձայնում երկրից հանել հարստացված ուրանը։ ԱՄՆ-ն պահանջում է, որ միջուկային ծրագրի սահմանափակումները ներառվեն համաձայնագրի սկզբնական փուլում։