Ամերիկյան 3-րդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք

USS Theodore Roosevelt ավիակիրն անցնում է Խաղաղ օվկիանոսով՝ Հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ անցկացնելով նավի համար նախատեսված ուսումնական պատրաստության պարապմունք, 30-ը ապրիլի 2017 թ.
USS Theodore Roosevelt ավիակիրն անցնում է Խաղաղ օվկիանոսով՝ Հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ անցկացնելով նավի համար նախատեսված ուսումնական պատրաստության պարապմունք, 30-ը ապրիլի 2017 թ.

Ատոմային շարժիչով աշխատող USS Theodore Roosevelt ավիակիրը մտել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի, հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ:

Այս ավիակրի ժամանմամբ ԱՄՆ Ռազմածովային ուժերի երեք հարվածային խմբեր են այժմ փաստացի տեղակայված Իրանի հարավ-արևելքում, նշում է ռուսական «Ինտերֆաքսը»:

Ամերիկյան Axios-ն էլ նշում է, որ սա վկայում է ԱՄՆ ռազմածովային ներկայության անսովոր բարձր մակարդակի մասին Իրանի հետ պատերազմի ֆոնին, որը շարունակվում է ավելի քան յոթ ամիս։

USS Theodore Roosevelt ավիակիրից բացի՝ ժամանած երրորդ խմբի մեջ են նաև USS Chosin հրթիռային հածանավը, երկու էսկադրային ականակիր՝ USS Paul Hamilton-ը և USS Decatur-ը, և Seahawk անօդաչու նավը (MUSV), որը նախատեսված է էլեկտրոնային հետախուզության, մակերևութային և ստորջրյա հսկողության, ինչպես նաև վաղ նախազգուշացման առաքելությունների համար։

Ներկայումս Արաբական ծովի՝ Իրանի հարավ-արևելք ընկած հատվածում մարտական հերթապահություն են անցկացնում USS George Washington և USS George Bush ավիակիրները: Դրանցից յուրաքանչյուրի վրա տեղակայված է 48 կործանիչ։

Դրանց հետ մեկտեղ Իրանի մոտակայքում տեղակայված են մեկ հածանավ և 11 հրթիռային էսկադրային ականակիր, ինչպես նաև USS Miguel Keith ռազմածովային բազան: ԱՄՆ ռազմածովային ուժերի ևս երկու էսկադրային ականակիր տեղակայված է Կարմիր ծովում, ևս չորսը՝ Միջերկրական ծովի արևելյան մասում:

ԱՄՆ Ռազմածովային Ինստիտուտի տվյալներով՝ US Theodore Roosevelt ավիակիրը, ենթադրաբար, կփոխարինի USS George Washington-ին, որը Մերձավոր Արևելքում է տեղակայված օգոստոսի 19-ից։ Հստակ չէ, թե արդյոք ԱՄՆ-ն որոշ ժամանակ կպահպանի տարածաշրջանում երեք ավիակիրների միաժամանակյա ներկայությունը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդների միջոցով բանակցությունները փաստացի փակուղում են: Նախագահ Թրամփը նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ։ Թեհրանը պնդում է, որ բանակցությունների օրակարգը կորոշի միայն իր յոթ պայմանների ընդունումից հետո։ Բացի դրանից՝ Իրանը չի համաձայնում երկրից հանել հարստացված ուրանը։ ԱՄՆ-ն պահանջում է, որ միջուկային ծրագրի սահմանափակումները ներառվեն համաձայնագրի սկզբնական փուլում։

Իսկ այս ընթացքում ԱՄՆ-ն շարունակում է Իրանի նավահանգիստների ռազմածովային շրջափակումը, իսկ Իրանը շարունակում է սահմանափակել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Վերջին շրջանում երկու կողմերն էլ հաղորդել են նավերի վրա հարձակումների և պայթյունների մասին։

​
XS
SM
MD
LG