Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները «շատ լուրջ» են ընդունում որևէ հնարավոր սպառնալիք Վաշինգտոնին՝ արձագանքելով հաղորդումներին, թե Իրանը ծրագրում է թիրախավորել ԱՄՆ պաշտոնյաներին «կեղտոտ ռումբով»:
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆիլիպիններ այցի ընթացքում պատասխանելով հնարավոր սպառնալիքի վերաբերյալ հարցին, Թրամփն ասել է. - «Եթե կա (այդպիսի սպառնալիք), նրանք այնպիսի գին կվճարեն, որի նմանը նախկինում երբեք որևէ այլ երկիր չի վճարել»:
«Հուսով եմ՝ այդպես չէ, բայց մենք դա շատ լուրջ ենք ընդունում, քանի որ նրանք, ինչպես պարզվել է, խելագար են», - հավելել է Թրամփը:
CNN-ը ամերիկացի յոթ պաշտոնյաների հղում անելով հաղորդել էր, թե Միացյալ Նահանգների հետախուզությունը զգուշացրել է Իրանի կողմից ենթադրաբար նախապատրաստվող՝ Թրամփի վարչակազմի պաշտոնյաների նկատմամբ Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հարձակման մասին:
«Կեղտոտ ռումբը» սովորական պայթուցիկ է, որը պարունակում է ռադիոակտիվ կամ քիմիական նյութեր:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային այդ հաղորդումը «հորինվածք» է որակել՝ պնդելով, թե Վաշինգտոնը «փորձում է լրատվական հիմք ստեղծել իր չարագործ ծրագրերի համար»:
«Քայլ առ քայլ, նրանք ջանում են լեգիտիմության շղարշ ստեղծել հետագա ագրեսիայի և վայրագությունների համար», - գրել է Բաղային X սոցցանցում:
Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները փակուղում են հայտնվել, Իրանը վերջերս թիրախավորել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ենթակառուցվածքները: