Իրանում զոհերի թիվը հասել է մոտ 2600-ի. Թրամփը կոչ է արել շարունակել ցույցերը

Հակակառավարական ցույցեր Իրանում

Իրանում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է մոտ 2600-ի, հայտնում են իրավապաշտպան կազմակերպությունները՝ զգուշացնելով, որ այն դեռ կարող է աճել: Կան նաև շատ վիրավորներ, սակայն կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում: Ցույցերի ընթացքում, ըստ նույն աղբյուրների, ձերբակալվել է ավելի քան 18,400 մարդ:

Պաշտոնական Թեհրանը շարունակում է չհրապարակել զոհերի ու ձերբակալվածների թիվը: Այսօր էլ Երևանում հրավիրած ասուլիսում Հայաստանում Իրանի դեսպանը մի քանի անգամ խուսափեց զոհերի թիվը նշել՝ միայն հաստատելով, որ սպանվածներ կան և՛ խաղաղ բնակիչների, և՛ զինված ուժերի, և՛, ինչպես պնդեց իրանցի դիվանագետը, «ահաբեկիչների» շրջանում:

Իրանում երեկվանից մասամբ վերականգնվել է հեռախոսակապը, սակայն ինտերնետը, որ վեց օր առաջ իշխանություններն անջատել էին տնտեսական դժվարությունների պատճառով բռնկված և վերջին տարիների, թերևս, ամենազանգվածային բողոքի ալիքը ճնշելու շրջանակում:

BBC-ի փոխանցմամբ՝ Թեհրանում և Քարաջում մեծ թվով անվտանգության ուժեր կան: Տնտեսվարողները դժվարությունների են բախվում ինտերնետի բացակայության պատճառով, իշխանություններն էլ պատասխանում են՝ չգիտեն, երբ այն կվերականգնվի:

Այս պայմաններում Ֆրանսիան դիտարկում է արբանյակային կապի տերմինալներ Իրան ուղարկելու հարցը:

Թրամփը իրանցի ընդդիմադիրներին կոչ է արել շարունակել ցույցերը

Չնայած ցուցարարները պատմել էին, որ զանգվածային սպանություններից հետո մարդիկ վախենում են դուրս գալ փողոց, ԱՄՆ նախագահը իրանցներին կոչ է արել շարունակել ցույցեր՝ նշելով, որ «օգնությունը ճանապարհին է»:

«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ցույցեր անել՝ զավթեք ձեր հաստատությունները ... Օգնությունը ճանապարհին է»,- սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը՝ չնշելով, թե ինչ օգնություն նկատի ունի:

ԱՄՆ նախագահն ավելի վաղ չէր բացառել ռազմական միջամտությունը, երեկ էլ 25 տոկոս մաքսատուրք սահմանեց երկրների համար, որոնք առևտուր կանեն Իրանի հետ։

Ավելի ուշ Թրամփն իրանցիներին կոչ է արել հիշել «մարդասպանների և բռնարարների» անունները, քանզի նրանք «շատ մեծ գին կվճարեն»։

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումները մինչև չդադարեն ցուցարարների սպանությունները: Իրանը ևս հաստատել է, որ Վաշինգտոն-Թեհրան ուղիղ հաղորդակցությունը կասեցվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի հետ բիզնես վարող երկրները կբախվեն 25 տոկոս մաքսատուրքի ԱՄՆ-ի հետ առևտրում. Թրամփ

Երեկ հաղորդվել էր, որ ձերբակալված ցուցարարներից 26-ամյա Էրֆան Սոլթանիին այսօր մահապատժի են ենթարկելու: Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում «շատ կոշտ գործողություններ» է խոստացել, եթե Իրանը սկսի կախաղան հանել ցուցարարներին:

«Չեմ լսել կախաղանների մասին, բայց եթե նրանք կախաղան հանեն ցուցարարներին, դուք ինչ-որ գործողություններ կտեսնեք... մենք կոշտ քայլերի կդիմենք, եթե նրանք այդպիսի բան անեն», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նշել է, որ երբ սպանությունների մասին ստույգ տվյալներ ունենան, կգործեն համապատասխանաբար։

Վերջին երեք տարում Իրանում առնվազն 12 ցուցարար է կախաղան հանվել: Իրանի գերագույն դատարանի նախագահը պահանջել է ցուցարարների դատավարությունն արագացնել:

«Մենք պետք է արագ գործենք, եթե ուզում ենք ինչ-որ բան անել։ Նույնիսկ եթե անենք նույնը, բայց մի քանի ամսից, դա նույն ազդեցությունը չի ունենա … դա այդքան արդյունավետ չի լինի», - ասել է Գերագույն դատարանի նախագահը:

Արաղչի. Իրանը պատրաստ է պաշտպանվել «չարից և արտաքին միջամտությունից»

Իրանի արտգործնախարարն արձագանքել է Թրամփին՝ հայտարարելով, որ «ամերիկացի պաշտոնյաների սադրիչ հայտարարությունները» միջամտություն են երկրի ներքին գործերին: Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանվել «չարից և արտաքին միջամտությունից»:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն էլ կազմակերպության գլխավոր քարտուղարին հղած նամակում Թրամփին մեղադրել է անկարգությունները խրախուսելու, բռնություն հրահրելու և Իրանի ինքնիշխանությանը ու ազգային անվտանգությանը սպառնալու մեջ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատարն էլ հայտարարել է, որ Իսրայելի հետ անցած տավա պատերազմից ի վեր Իրանի հրթիռային պաշարները մեծացել են: «Մենք մեր պատրաստության գագաթնակետին ենք»,- ասել է Մաջիդ Մուսավին:

Իրանը հարևաններին զգուշացրել է, որ կհարվածի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին: ԱՄՆ-ն, որը ռազմաբազաներ ունի մերձավորարևելյան առնվազն ութ երկրում, մի քանիսից, այդ թվում՝ Կատարի բազայից, դուրս է բերում անձնակազմը, հայտնում է Reuters-ը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իրանը չի ձգտում պատերազմի, բայց լիովին պատրաստ է դրան». Արաղչի

Սթիվ Ուիթքոֆը գաղտնի հանդիպել է Իրանի վերջին շահի վտարանդի որդուն՝ Ռեզա Փահլավիին. Axios

Ու մինչ Թեհրանը մեղադրում է Վաշինգտոնին, ամերիկյան Axios-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Իրանում ցույցերը քննարկելու համար շաբաթավերջին գաղտնի հանդիպել է Իրանի վերջին շահի վտարանդի որդուն՝ Ռեզա Փահլավիին, որը շատերի համակրանքն է վայելում և այս օրերին իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց։ Ըստ աղբյուրի՝ սա Իրանի ընդդիմության և ԱՄՆ վարչակազմի բարձր մակարդակի առաջին հանդիպումն է:

Փահլավին Fox News-ի հետ զրույցում ասել է, որ կապի մեջ են ընդդիմության հետ՝ իշխանության փոխանցումը նախապատրաստելու համար, եթե ռեժիմը փլուզվի: Ընդդիմադիրները «պատրաստ են միջամտել», ասել է նա՝ ամերիկացի օրենսդիրներին կոչ անելով աջակցել նրանց:

«Հասել ենք այն կետին, երբ մարդիկ հոգնել են այս ռեժիմից ... ցանկանում են ազատագրվել։ Նրանց պահանջը բախվում է ռեժիմի ամենադաժան արձագանքին, որը պատերազմում է իր քաղաքացիների դեմ: Մի՛ թողեք մեզ ճակատագրի քմահաճույքին՝ փորձելով բանակցել կամ հանդարտեցնել ռեժիմին, որը 47 տարի դաժան է վարվել մեր երկրի հետ», - ասել է Ռեզա Փահլավին:

Չինաստանը հայտարարել է, որ դեմ է Իրանի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտության։ Ռուսաստանի արտգործնախարարն էլ ասել է, որ Մոսկվան կշարունակի Թեհրանի հետ համագործակցությունը՝ չնայած ԱՄՆ-ի «անվստահելի» վարքագծին: