Իրանն այսօր կախաղան է հանել լրտեսելու համար դատապարտված տղամարդու, հայտնում է երկրի դատական իշխանությունը։ Սա հանրությանը հայտնի առաջին մահապատիժն է Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ պատերազմի ժամանակ լրտեսություն կատարելու համար։
«Երկրի պաշտպանական արդյունաբերության ստորաբաժանումների հետ կապված տեղեկություններ թշնամուն ուղարկելու համար Մոջթաբա Քիանն այսօր վաղ առավոտյան կախաղան է հանվել», - գրել է իրանական դատական համակարգի «Միզան» լրատվականը:
Ըստ հրապարակման՝ Քիանը «բազմաթիվ հաղորդագրություններ է ուղարկել թշնամական ցանցերին՝ ներառելով կոորդինատներ և տեղեկություններ երկրի պաշտպանական արդյունաբերությանը վերաբերող մանրամասների մասին»։
«Միզան»-ը հայտնել է, որ նա տեղեկություններ էր փոխանցել արբանյակային հեռուստատեսային ցանցերին։ Չի նշվում, թե որ ցանցերի մասին է խոսքը, սակայն իրանական իշխանությունները հաճախ արտասահմանում գործող պարսկերեն լրատվամիջոցներին մեղադրում են Իսրայելի հետ համագործակցելու համար։
Հաղորդվում է, որ Իրանում մեկ վայր ավիահարվածի թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ Քիանը փոխանցել էր դրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ:
Տարեսկզբի հակակառավարական բողոքի ակցիաներից հետո Իրանում մահապատիժների աճ է նկատվում։
Ըստ իրավապաշտպան խմբերի, այդ թվում՝ Amnesty International-ի՝ Չինաստանից հետո Իրանը մահապատիժների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրորդ երկիրն է: