Մատչելիության հղումներ

Amnesty International. Իրանը 2025-ին մահապատժի է ենթարկել «սահմռկեցուցիչ» թվով մարդկանց

«Amnesty International»-ն այսօր հաղորդել է, որ Իրանում 2025 թվականին մահապատժի է ենթարկվել «սահմռկեցուցիչ» թվով՝ 2159 մարդ:

Լոնդոնում տեղակայված Amnesty International-ը հայտնել է, որ անցյալ տարի աշխարհում առնվազն 2707 մարդ է մահապատժի ենթարկվել, թեև այդ թվի մեջ ներառված չեն Չինաստանում իրականացված մահապատիժները։

Amnesty International-ը նշել է, որ Չինաստանում, որն աշխարհում համարվում է մահապատիժն ամենաշատ կիրառող երկիրը, իրականացվել են «հազարավոր մահապատիժներ»։ Սակայն հստակ տվյալներ չկան, քանի որ այդ տեղեկատվությունը «պետական գաղտնիք է» համարվում:

Իրանում արձանագրված մահապատիժների «ցնցող աճը» տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իշխանությունները «ուժեղացրել են մահապատժի կիրառումը որպես քաղաքական ճնշման և վերահսկման գործիք», հատկապես 2025 թվականի հունիսին Իսրայելի հետ պատերազմից հետո:

Amnesty International-ը և այլ իրավապաշտպան խմբեր նշել են, որ Թեհրանը խստացնում է մահապատժի կիրառումը՝ 2025 թվականի հունվարին տեղի ունեցած զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերից, ինչպես նաև Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմի բռնկումից հետո:

Amnesty-ն հայտարարել է, որ 2025 թվականին Իրանում մահապատժի 2159 դեպք է գրանցվել, ինչը երկրում 1981 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Իրանից հստակ տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ, այլ իրավապաշտպան խմբեր Իրանում մահապատիժների թվի վերաբերյալ տարբեր տվյալներ են ներկայացրել։

Նորվեգիայում գործող Իրանի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունն այս տարվա սկզբին հայտնել էր, որ անցյալ տարի Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 1639 մարդ։

Թեհրանը հայտնել է, որ 2026 թվականին մինչ օրս 30 մարդ է մահապատժի ենթարկվել։

Սաուդյան Արաբիայում, Amnesty International-ի հաղորդմամբ, անցյալ տարի իրականացվել է առնվազն 356 մահապատիժ, ինչը գերազանցում է 2024 թվականին գրանցված առնվազն 345-ի ռեկորդային ցուցանիշը։

Քուվեյթում մահապատիժների թիվը 2024 թվականի 6-ից աճել է մինչև 17: Եգիպտոսում դրանք 13-ից աճել են մինչև 23: Եմենում տարեկան ցուցանիշը առնվազն 38-ից աճել է մինչև առնվազն 51, ասված է զեկույցում:

XS
SM
MD
LG