Իրանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել. Կիլիկիո կաթողիկոսություն

Սպահան, Իրան, մարտի 14, 2026թ.

Իրանի Սպահան քաղաքում հրթիռակոծությունների հետևանքով ազգությամբ հայ քաղաքացի է զոհվել՝ Սիմոնյան ազգանունով, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ հղում անելով Թեհրանից ստացված տեղեկությանը:

Նշվում է, որ Արամ Ա կաթողիկոսը կապի մեջ է պատերազմական իրավիճակում գտնվող երկրների թեմերի պատասխանատուների հետ:

Թեհրանի թեմից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին տեղեկացրել են, որ վերջին օրերին Թեհրանն ու Սպահանը ենթարկվում են սաստիկ հրթիռակոծությունների:

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շուրջ տասն օր առաջ ասել էր, որ փորձում են կապի մեջ լինել Իրանի տարբեր հատվածներում բնակվող հայերի հետ, սակայն միշտ չէ, որ դա ստացվում է:

Նա հավելել էր, որ մարդիկ հիմնականում մնում են տներում՝ խուսափելով հրթիռներից և այլ հարվածներից:

Իրանում ինտերնետ կապի հասանելիության խնդրի մասին հաղորդվել է պատերազմի սկզբից ի վեր:

Սինանյանն ասել էր նաև, որ հայերի շրջանում երկու հոգու թեթև վիրավորվելու մասին տեղեկություններ են եղել, սակայն դրանք պաշտոնապես չեն հաստատվել:

ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումներին ի պատասխան՝ Թեհրանը թիրախավորում է Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եմենի հութիները հաստատել են Իսրայելին հարվածը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանահայերի հետ միշտ չէ հնարավոր լինում կապվել, արտառոց հոսք դեպի ՀՀ չկա. Սինանյան