Իրանն էական փոփոխություն չի ակնկալում ԱՄՆ ընտրություններից հետո

Բողոքի ակցիա Թեհրանում, 3-ը նոյեմբերի, 2026թ., Իրան

ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո ակնկալվում է, որ փոփոխություններ կլինեն Կոնգրեսում և Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունում: Սակայն Իրանում շատ պաշտոնյաներ համոզված են, որ նախագահ Թրամփի խոսքը որոշիչ կմնա Իրանի հարցում, նույնիսկ եթե նրա դիրքերը թուլացել են:

Ինքը՝ Թրամփը, ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմն ազդեց ընտրողների որոշման վրա: «Կարծում եմ՝ դա մեծ մասամբ ճիշտ է, քանզի դա մի փոքր բարձրացրեց բենզինի գինը: Բայց եթե ստիպված լինեի նորից անել դա, ապա նորից կանեի, քանզի … չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Էական փոփոխություն չի լինի

Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ քաղաքականությունում որևէ էական փոփոխություն չի ակնկալում միայն այն պատճառով, որ Կոնգրեսն այժմ հանրապետականների փոխարեն կվերահսկեն դեմոկրատները: Մոջթաբա Խամենեին սոցցանցում գրել է, որ Իրանի անվտանգությունն ապահովելու միակ ուղին երկրի շարունակական հզորացումն է ու միասնականությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հանրապետականների պարտության պատճառն Իրանի դեմ պատերազմն էր. Վենս

«Եթե դեռ կան անհատներ, որոնք անգամ չնչին հույս են կապում ԱՄՆ վարքագծի փոփոխության … հետ, կամ կարծում են, որ ԱՄՆ-ին զիջումներ անելով կարող են նրան հետ պահել իրանական ազգի նկատմամբ թշնամանքից, ապա նրանք չարաչար սխալվում են»,- գրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը։

Ցույց Թեհրանում

Մինչ ԱՄՆ-ում դեռ քվեաթերթիկներն էին մշակում, Թեհրանում երեկ ցույց է եղել ԱՄՆ դեսպանատան նախկին շենքի մոտ: Ցուցարարները հակաամերիկյան ու հակաիսրայելական կոչեր են հնչեցրել: Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին էլ ասել է, որ ԱՄՆ-ն չի կարող տնտեսական պատերազմի միջոցով հասնել նրան, ինչին չկարողացավ հասնել պատերազմի միջոցով:

Ցուցարարներն այրում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին պատկերող պաստառը

«Իրանցի ազգը, կառավարությունը և պաշտոնյաները մի շարք միջոցառումներ են ձեռնարկում բոլոր ոլորտներում՝ Ամերիկայի տնտեսական և կոգնիտիվ ագրեսիային վերջնականապես և ամբողջությամբ հաղթելու համար»,- ասել է Թեհրանի քաղաքապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը սպառնում է կոշտ պատասխանով, Թրամփը չի բացառում պատերազմի վերսկսումը

Իրանը կկոշտացնի դիրքորոշումը

Իրանցի նախկին պատգամավոր Ջալալ Ռաշիդիկուչին «Ազատությանն» ասել է, որ Իրանի հարցում դիրքորոշման առումով քիչ տարբերություն է տեսնում դեմոկրատների և հանրապետականների միջև: Թեև նա կարծում է, որ իրենց քվեարկությամբ ամերիկացիները ապտակ հասցրին Իրանի դեմ պատերազմի կողմնակիցներին:

Բրյուսելում գործող Միջազգային ճգնաժամային խմբի Իրանի հարցերով ավագ վերլուծաբան Համիդռեզա Ազիզին էլ «Ազատությանն» ասել է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներն այս ընտրությունների արդյունքը համարում են հաղթանակ Թեհրանի համար, և հնարավոր է, որ Իրանը կոշտացնի իր դիրքորոշումը բանակցություններում:

«Այդ համատեքստում ես ակնկալում եմ, որ արդյունքները կհանգեցնեն Իրանի դիրքորոշման հետագա կոշտացմանը, այլ ոչ թե մեղմացմանը»,- ասել է վերլուծաբանը:

Դա, փորձագետի խոսքով, վերաբերում է հատկապես Թեհրանի հիմնական պահանջներին՝ որ Վաշինգտոնը պետք է վերացնի պատժամիջոցներն ու իրանական նավահանգիստների շրջափակումը և համաձայնի, որ ցանկացած համաձայնագիր չպետք է ենթադրի էական զիջումներ միջուկային ծրագրի հարցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտնել է, որ ամերիկյան MQ-1 անօդաչու է խոցել, ևս 3 նավ հրդեհվել է Հորմուզում

Ազիզին զգուշացրել է, որ այս դիրքորոշումը կարող է մեծացնել նոր բախման ռիսկը, հատկապես, եթե ԱՄՆ հեռացող նախագահը որոշի, որ կորցնելու ոչինչ չունի և կրկին պատերազմ սկսի՝ ակնկալելով, որ արտերկրում տարած հաղթանակը կարող է փոխհատուցել իր ձախողումը երկրի ներսում։

Սպասել ԱՄՆ հաջորդ վարչակազմին

Հաագայի կիրառական գիտությունների համալսարանի դասախոս Դեյմոն Գոլրիզի կարծիքով էլ՝ Թեհրանը կարող է սպասել Թրամփի ժամկետի ավարտին, որպեսզի հաջորդ վարչակազմի հետ ավելի երկարատև համաձայնագիր կնքի։

Նա նաև կանխատեսում է, որ այդ ժամանակահատվածն անկայուն կլինի, քանզի Թրամփը, գուցե, փորձի ցուցադրել իր ուժը ընտրություններում կրած անհաջողությունից հետո և շարունակի ապավինել ռազմական և տնտեսական ճնշմանը՝ Իրանին զիջումներ պարտադրելու համար: