Մատչելիության հղումներ

Իրանը սպառնում է կոշտ պատասխանով, Թրամփը չի բացառում պատերազմի վերսկսումը

ԻՊՀԿ զինվորը կանգնած է Թեհրանի Թաջրիշ հրապարակում գտնվող ռազմական պատրաստության կենտրոնի մոտ
ԻՊՀԿ զինվորը կանգնած է Թեհրանի Թաջրիշ հրապարակում գտնվող ռազմական պատրաստության կենտրոնի մոտ

Իրանի զինված ուժերը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած նոր ագրեսիա կարժանանա անհապաղ և ավելի լայնածավալ պատասխանի, որը աշխարհագրությունն ավելի մեծ կլինի, քան նախորդ ռազմական գործողությունների ժամանակ:

Իրանական կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զինված ուժերի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան զգուշացրել է, որ եթե նոր պատերազմ սկսվի, «հակամարտության աշխարհագրությունը չի սահմանափակվի միայն Արևմտյան Ասիայի տարածաշրջանով»:

Ակրամինիան հավելել է, որ Իրանի զինված ուժերն ակտիվորեն թարմացնում են իրենց թիրախների ցանկը՝ հակառակորդի բոլոր տեսակի ակտիվներին հարվածելու համար: Նա ասել է, որ հակամարտության վերսկսման դեպքում ԱՄՆ «հաստատությունները, սարքավորումները, անձնակազմը և շահերը հասանելիության ցանկացած վայրում կարող են թիրախներ դառնալ» իրանական զինուժի համար:

Նա նաև պնդել է, որ հակառակորդը փորձել է ցամաքային ճակատ ստեղծել Իրանի արևմտյան սահմանների երկայնքով՝ զինելով Իրաքի հյուսիսային կիսաինքնավար քրդական շրջանում տեղակայված հակակառավարական խմբավորումներին: Սակայն, ըստ նրա, իրանական ռազմական ստորաբաժանումների տեղակայումը և «այդ խմբավորումների դիրքերի դեմ կանխարգելիչ գործողությունները» հաջողությամբ խափանել են նրանց ծրագրերը:

Իրանցի պաշտոնյայի հայտարարությունները հնչում են այն բանից հետո, երբ ԱՄՆ զինուժը հարվածներ հասցրեց Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն: Reuters-ը հայտնել էր, որ հարվածները եղել են սահմանափակ և խոսքը ռազմական գործողությունների լայնածավալ վերսկսման մասին չէ: Fox News-ն էլ գրել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իրանի կողմից ամերիկյան նավերի վրա հարձակումների: Իրանական IRNA պետական լրատվամիջոցը հաստատել էր, որ Քեշմ կղզում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։

«Գնդակն ԱՄՆ-ի դաշտում է»

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, թե տարածաշրջանի երկրները պետք է իմանան, որ Թեհրանը Վաշինգտոն է ուղարկել իր «ուժեղ և ռացիոնալ պատասխանը» ամերիկյան առաջարկներին, ապա հավելել է, որ պատերազմը կանխելու հարցում գնդակն այժմ ԱՄՆ-ի դաշտում է:

Ըստ իրանական կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության՝ ելույթ ունենալով Խորհրդատվական ժողովի նիստում՝ Ղալիբաֆն ասել է, որ Իրանը պատրաստ է պատերազմի՝ «մատը ձգանի վրա» և զգուշացրել է, որ Վաշինգտոնի կողմից ցանկացած ռազմավարական սխալ ամերիկյան զորքերին կստիպի հայտնվել նոր մարտադաշտում։

Թրամփը չի բացառում պատերազմի վերսկսումը

Մինչ Թեհրանից սպառնում են կոշտ պատասխան տալ նոր պատերազմի դեպքում ԱՄՆ նախագահը չի բացառել Իրանի հետ պատերազմի վերսկսման հնարավորությունը։



«Դա կարող է տեղի ունենալ, եթե նրանք գործարք չկնքեն, բայց նրանք շատ են ուզում գործարք կնքել, և կա շատ մեծ հավանականություն, որ մենք գործարք կկնքենք … Եթե ես կարողանամ գործարք կնքել, ես կնախընտրեի դա անել, [դա] շատ կյանքեր կփրկի», - ասել է Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ գուցե ԱՄՆ-ն «ստիպված լինի» հարվածել Քոլանգ լեռան տարածքում գտնվող իրանական միջուկային օբյեկտին:

«Մենք գուցե ստիպված լինենք զբաղվել Քոլանգ լեռան օբյեկտի հարցերով։ Մենք կարող ենք դա անել մեկ ժամում, երբ ցանկանանք», - Fox News-ին ասել է Թրամփը։

Թրամփն այս հայտարարություններն արել է իրանական Քեշմ կղզուն ամերիկյան զինուժի հարվածների մասին լուրերից հետո:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG