Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը վերջնական չէ. Թրամփ

Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը վերջնական չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահը: Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ Դոնալդ Թրամփը զգուշացրել է՝ եթե վերջնական գործարքն իրեն դուր չգա, ապա ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ ռազմական գործողությունները։

«Դա փոխըմբռնման հուշագիր է։ Եվ եթե այն ինձ դուր չգա, մենք կվերադառնանք նրանց վրա կրակելուն … Եթե նրանք լավ չպահեն իրենց, մենք կվերադառնանք նրանց գլխին ռումբեր նետելուն», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև վստահեցրել է, թե ԱՄՆ-ն ներդրումներ չի անելու Իրանի վերականգնման նպատակով, ոչ էլ Պարսից ծոցի երկրներին է խնդրել, թեև դեմ չի լինի, եթե նրանք որոշեն անել: «Մենք 10 ցենտ էլ չենք ներդնելու: Մենք ներդրումներ չենք անում և ֆոնդ չունենք», - ասել է նա։

Գլոբալ տնտեսությունը ցնցած պատերազմն ավարտելու մասին այս համաձայնությունը ողջունել են աշխարհի մի շարք երկրներ: «Մեծ յոթնյակի» առաջնորդները ևս նշել են, որ սա առաջընթաց է և «պատմական հնարավորություն»՝ թույլ չտալու Իրանին, որ միջուկային զենք ձեռք բերի։ Նրանք հայտարարել են, որ աջակցում են գործարքին և պատրաստ են նպաստել դրա իրականացմանը։

«Մենք ընդգծում ենք այս նպատակով բանակցությունների անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում և դրանից դուրս Իրանի ներկայացրած սպառնալիքների հարցը լուծելու և ապահովելու, որ նրանք երբեք միջուկային զենք ձեռք չբերեն», - ասվում է հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-Իրան համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա շվեյցարական Բուրգենշտոկում

«Մեծ յոթնյակի» առաջնորդները նաև աջակցում են «Հեզբոլա»-ի զինաթափմանն ու Լիբանանում խաղաղության հաստատմանը, նաև կոչ են անում ապահովել Հորմուզով նավերի ազատ ու անվճար անցումը: Նրանք նաև հայտարարել են, որ կբազմազանեցնեն էներգամատակարարման ուղիները՝ Հորմուզի նեղուցից կախվածությունը նվազեցնելու համար:

Իսրայելը, սակայն, տարբեր պաշտոնյաների շուրթերով հայտարարում է, որ իր սրտով չէ այս գործարքը: Այսօր էլ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն է պնդել, թե ԱՄՆ-Իրան համաձայնագիրը «շատ վատ» է Իսրայելի, ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համար։ Տեղական լրատվամիջոցներից մեկին Դենի Դանոնն ասել է, որ փորձելով հնարավորինս արագ ավարտել բանակցային գործընթացը՝ նախագահ Թրամփն Իրանին թույլ է տվել «բարելավել» իր դիրքերը։

«Բայց մենք պետք է սպասենք։ Դեռ որոշում չկա՝ միայն բանակցությունները շարունակելու շրջանակ», - ասել է դեսպանը:

Ու մինչ Իսրայելը դժգոհում է երկար սպասված համաձայնությունից, ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումից երկու ամիս անց իրանական նավթով բեռնված առաջին երեք լցանավերն են դուրս եկել Հորմուզի նեղուցով: Նավերի տեղաշարժին հետևող Tanker Trackers կայքը հայտնում է, որ դրանք ընդհանուր առմամբ մոտ 4 միլիոն բարել իրանական նավթ են տեղափոխում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանական առաջին լցանավերն են անցել Հորմուզը, Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանին

Իսկ այս ընթացքում Իսրայելի բանակը շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում: Տյուրոս քաղաքում վիրավորներ կան: Բանակը նաև պնդել է, որ «Համաս» և «Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպությունների հրամանատարների է սպանել: Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի մարտիկները պատասխան հարվածներ են հասցրել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ չնայած Լիբանանում կրակոցները վերջին օրերին նվազել են, Իսրայելի ռազմական գործողությունները դեռ լուրջ խնդիրներ են ստեղծում բնակիչների համար:

«Թեև կիրակի օրվանից ի վեր բռնությունը նվազել է՝ հարավային Լիբանանում շարունակվում են միջադեպերի մասին լուրեր ստացվել, ինչն ուղիղ ազդեցություն ունի մարդկանց տեղաշարժվելու հնարավորության վրա: Չպայթած զինամթերքի առկայությունը ևս շատ լուրջ մտահոգություն է բոլորի համար», - նշել է Դյուժարիկը:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի բանակի կողմից զանգվածային հարկադիր տեղահանման հրամանները միջազգային իրավունքի համաձայն «ռազմական հանցագործություն» են համարվում։

«Համայնքները բռնի կերպով արմատախիլ անելու և լիբանանյան հողերի ամբողջական հատվածները քաղաքացիական անձանց համար «արգելված գոտիներ» սահմանելու փոխարեն, իսրայելական ուժերը պետք է անհապաղ դուրս գան լիբանանյան տարածքից»,- ասել է կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային հարցերով փոխտնօրեն Քրիստին Բեքերլեն։

Իրանն էլ սպառնացել է պատասխանել Իսրայելում Լիբանանի գործողություններին: Երեկ Լիբանանում չորս մարդու կյանք խլած իսրայելական հարվածներից հետո Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը սպառնացել է՝ եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները, ապա «կոշտ պատասխան» կստանա: Զինվորականները նաև հայտնել են, որ համաձայնագրի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Իսրայելը ավելի քան 80 անգամ խախտել է հրադադարը Լիբանանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանն է գլխավորում հրադադարի բանակցությունները և բաց է Իրանի օգնության համար. Ջոզեֆ Աուն Շրջանակային համաձայնագիրը հստակ սահմանում է՝ Թեհրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ստեղծել. ԹրամփԱՄՆ - Իրան համաձայնագիրը շատ վատ է Իսրայելի համար. ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է «խաղի կանոնները փոխել». Կանադայի վարչապետԹրամփը քննադատել է Իսրայելի մարտավարությունը Լիբանանում՝ ասելով, որ այն սպանում է խաղաղ բնակիչների