Իրանի հետ բանակցություններում «աննշան առաջընթաց» կա․ Ռուբիո

Իրանի հետ համաձայնագիր կնքելու շուրջ բանակցություններում «աննշան առաջընթաց է գրանցվել», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, որը Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում է՝ ՆԱՏՕ-ի նիստին մասնակցելու համար։

Մարկո Ռուբիոն, սակայն, մանրամասներ չի ներկայացրել, նաև նշել է, թե չի ցանկանում «չափազանցնել» ասածը։

«Մի փոքր տեղաշարժ է եղել, և դա լավ է։ Հիմնական սկզբունքները մնում են նույնը․ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է լուծի Իրանի բարձր հարստացված ուրանի հարցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանը ստացել է Վաշինգտոնի պատասխան առաջարկները, Թրամփը Իրանից «ճիշտ պատասխաններ» է սպասում

ԱՄՆ պետքարտուղարը նաև ասել է, որ բանակցություններում քննարկվելիք մյուս կարևոր հարցը՝ Թեհրանի դիրքորոշումն է Հորմուզի նեղուցի վերաբերյալ։

Նա ասել է, որ Իրանը «փորձում է ստեղծել վճարովի համակարգ» և համոզել Օմանին միանալ այդ համակարգին։

«Աշխարհում չկա մի երկիր, որը պետք է ընդունի դա», նշել է Մարկո Ռուբիոն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ պայքարի. Արաղչի

Նշենք, որ Պակիստանը շարունակում է միջնորդական ջանքերը ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Պակիստանի ներքին գործերի նախարարը Իրանում հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ըստ իրանական կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության՝ պաշտոնյաները քննարկել են պատերազմը դադարեցնելու վերջին առաջարկները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև մնացած անհամաձայնությունները լուծելու նպատակով։