Իրանի ղեկավարությունը մասնակցել է Ալ Ղոդսի օրվա երթին. շարունակվել են հարվածները Թեհրանին

Մինչ Իրանի նոր հոգևոր առաջնորդը դեռ չի ներկայանում հանրությանը, այսօր երկրի աշխարհիկ ղեկավարությունը հազարավոր իրանցիների հետ մասնակցել է Ռամադանի վերջին ուրբաթի՝ Ալ Ղոդսի օրվա առթիվ իրականացված երթին, որի ընթացքում շարունակվել են Թեհրանին հարվածները: Ըստ իրանական աղբյուրների՝ երթի մասնակիցներից մեկը սպանվել է մոտակայքում հասցված հարվածից:

Երթին մասնակցել են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, որը հայտարարել է՝ Ալ Ղոդսի օրն իրականացվող հարձակումները ցույց են տալիս, որ Իսրայելում վախեցած են ու շփոթված։ Նա նաև ասել է, թե «ԱՄՆ նախագահը չի հասկացել, որ իրանցի ժողովուրդը ուժեղ է, գիտակից և վճռական»։

Իրանի դատական իշխանության ղեկավարը իր հերթին պնդել է, թե իրանցիները չեն վախենում հարձակումներից. «Ինչպես տեսնում եք, մարդիկ դուրս են եկել այս անձրևի տակ, այս դժվարությունների մեջ։ Մենք ոչ մի կերպ չենք նահանջի»։

Իրանի ղեկավարությունը հուսահատված է. Փիթ Հեգսեթ

Իրանից հնչող այս հայտարարությունների ֆոնին ԱՄՆ պաշտպանության նախարարն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին և այսօր պատերազմի ընթացքում ամենաինտենսիվ հարվածները կհասցվեն:

Փիթ Հեգսեթը հայտնել է, որ Իրանում առ այսօր 15,000 թիրախի են հարվածել և ոչնչացրել են նրանց հարձակողական կարողությունների մեծ մասը, շուտով կոչնչացվեն նաև պաշտպանության ոլորտի բոլոր ընկերությունները, որպեսզի Իրանը չկարողանա զենք արտադրել:

Նախարարի պնդմամբ՝ Իրանի ղեկավարությունը հուսահատված և թաքնվել է գետնի տակ, ինչպես անում են «առնետները»։ ԱՄՆ-ն տեղյակ է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը վիրավոր է, հավանաբար, այլանդակված, դրա համար էլ խուսափում է երևալ հանրությանը և առաջին ուղերձը տեքստային էր, ոչ թե տեսանյութ: Երեկվա գրավոր ուղերձում նորանշանակ այաթոլան վրեժով էր սպառնացել Իսրայելին ու Ամերիկային:

«Նրա հայրը մահացած է։ Նա վախեցած է, վիրավոր, փախուստի մեջ է և զուրկ լեգիտիմությունից։ Սա խառնաշփոթ է նրանց համար։ Ո՞վ է պատասխանատու Իրանում։ Նույնիսկ Իրանը կարող է չիմանալ դա», - ասել է Հեգսեթը։

Երեկվա ուղերձում Մոջթաբա Խամենեին նաև ասել էր, թե Իրանը փակ կպահի Հորմուզի նեղուցը՝ որպես ճնշման միջոց: Հեգսեթը զգուշացրել է՝ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը վտանգի Հորմուզի նեղուցում նավագնացությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը կլուծի իր նահատակների արյան վրեժը. Խամենեի

Փոխադարձ հարվածները շարունակվում են

Իսկ այս ընթացքում փոխադարձ հարվածները շարունակվել են: Իսրայելի բանակը հայտնել է, որ հարվածել է Իրանի կառավարական ենթակառուցվածքներին Թեհրանում, նաև Շիրազ, Ահվազ, Քարաջի և Արաք քաղաքներում:

Իրանին զուգահեռ Իսրայելը Լիբանանում հարվածել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հրամանատարական կետերին, այդ թվում՝ Լիթանի գետի մի կամրջի՝ պնդելով, որ դրանք օգտագործվում են Իսրայելին հարվածելու համար: Մեկ տասնյակից ավելի մարդ է սպանվել, կան վիրավորներ:

«Հեզբոլա»-ն իր հերթին հարվածել է Իսրայելի ռազմական թիրախներին: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Լիբանանին կրկին սպառնացել է ակտիվացնել հարձակումները և տարածքներ գրավել, եթե չզինաթափեն «Հեզբոլա»-ին։

Իսրայելի վարչապետի պնդմամբ էլ՝ իրենք «ջախջախում են» Իրանի ռեժիմն ու նրա աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ին: Պատերազմի ընթացքում հրավիրած առաջին մամուլի ասուլիսին Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանի նոր գերագույն առաջնորդը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խամաճիկն» է, որը դեռ չի ներկայացել հանրությանը:

Իսկ ի՞նչ է սպասվում Իրանի նոր գերագույն առաջնորդին և «Հեզբոլա»-ի ղեկավարին, հետաքրքրվել են լրագրողները: Նեթանյահուն ակնարկել է՝ կարող են սպանել նրանց. «Ես կյանքի ապահովագրության պոլիսներ չէի տրամադրի ահաբեկչական կազմակերպության որևէ առաջնորդի … և մտադիր չեմ ճշգրիտ հաշվետվություն տալ, թե ինչ ենք պլանավորում կամ ինչ ենք անելու»։

Իրանն իր հերթին հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող մի քանի քաղաքների հարվածելու մասին, ինչի հետևանքով 110-ից ավելի վիրավոր կա: Իրանը նաև հարվածել է ամերիկյան բազաներին և Բեեր Շեբայում գտնվող իսրայելական ռազմաբազային:

Իրանը հարվածել է նաև Պարսից ծոցի երկրներին: Իրաքի Էրբիլ շրջանում ֆրանսիացի վեց զինվոր է վիրավորվել: Դուբայում հարվածել են քաղաքացիական օդանավակայանին կից ֆինանսական ենթակառուցվածքի: Հարձակման են ենթարկվել նաև Սաուդյան Արաբիան: Օմանում զոհեր կան: ՆԱՏՕ-ի ուժերը «խոցել են Իրանից Թուրքիա ուղղված» երրորդ բալիստիկ հրթիռը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխադարձ հարվածները շարունակվում են. նավթի գինը շարունակում է բարձր մնալ

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Իրանը թուրքական նավերից մեկին թույլ է տվել անցնել նեղուցով:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը ստեղծված իրավիճակի համար ԱՄՆ-ին է մեղադրել. «Դա ավելի շուտ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ագրեսիա սկսելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու ապակայունացնող գործողությունների ուղղակի հետևանքն է»։

Հորմուզի փակ լինելու հետևանքով նավթի գինը դեռ բարձր է՝ ավելի քան 100 դոլար մեկ բարելի դիմաց: ԱՄՆ-ն հայտարարել է, որ նավթի պահանջարկը բավարարելու և շուկայում կայունություն ապահովելու նպատակով 30 օր թույլ է տալիս գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթն ու նավթամթերքը, որն արդեն բեռնված է նավերում:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ պատերազմի ընթացքում Իսրայելում սպանվել է 15 մարդ, վիրավորների թիվը մոտենում է 3000-ի: Կարմի մահիկի տվյալներով՝ Իրանում զոհվել է 1,444 մարդ, վիրավորվել ավելի քան 18,550-ը: Լիբանանում զոհերի թիվը հասնում է 700-ի, վիրավորվել ավելի քան 1500-ը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միակ «հաղթողը» Իրանի դեմ պատերազմում