Իրանի դեսպանը՝ Երևանում ակցիաների և Հայաստանի իշխանությունների «համապատասխան քայլերի» մասին

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ դեսպանատան դիմաց օրեր շարունակ իրանցիների կողմից կազմակերպվող բողոքի ակցիաների դեմ «համապատասխան քայլեր» ձեռնարկելու համար։

Խալիլ Շիրղոլամիի այս հայտարարությունը հաջորդում է Ազգային անվտանգության ծառայության կողմից իրանցիներին հարցաքննությունների կանչելու բազմաթիվ ահազանգերին։

«Ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին, քանի որ համապատասխան քայլեր ձեռնարկվեցին այս իրավիճակում։ Այն իրադարձությունները, որոնց մենք ականատես եղանք Իրանում, ի սկզբանե խաղաղ ցույցեր էին, որոնք պետության կողմից համապատասխան ճանաչում ունեցան։ Սակայն այնուհետև արտասահմանից Իրան ներմուծված կազմակերպված որոշակի խմբեր փորձեցին այս շարժումը տանել այլ հունով և երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ», - հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաների մասնակցող իրանցիներն «Ազատությանը» պատմել էին, որ ցույցերին մասնակցելու համար հայաստանցի իրավապահներն իրենց կանչում են ԱԱԾ ու սպառնում հայրենիք արտաքսմամբ: Գերատեսչությունից չէին հերքել, որ ծառայություն են հրավիրում իրանցիներին, բայց և չէին պարզաբանել՝ ինչ պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի դեսպանատան դիմաց ցույցերին մասնակցող իրանցիները շարունակում են ԱԱԾ կանչվել. ինչո՞ւ «Երդվել եմ ամեն օր գալ». ինչո՞ւ են իրավապահները հետաքրքրված իրանցի երիտասարդով

«Այն, ինչի մասին մենք խոսեցինք, այն էր, որ սա քաղաքացիական ակցիա չէ, քաղաքական հստակ նպատակով հավաքված, այսինքն՝ իշխանափոխության լոզունգներով հավաքված մարդիկ են։ Եվ նմանօրինակ կարգախոսներով ցանկացած ակցիաներ քննադատելի են», - ասել է Շիրղոլամին:

Հայաստանում Իրանի դեսպանը լրագրողներին նաև փոխանցել է, թե
իրանական կողմն ինչ դժգոհություններ է հայտնել Երևանին իրանցիների ցույցերի վերաբերյալ։

Անցած տարեվերջից Իրանի հակակառավարական ցույցերին զուգահեռ Հայաստանում Իրան դեսպանատան մոտ իրանցիներ են բողոքի ակցիա անցկացնում։

Դեսպանը դեռ շաբաթներ առաջ ուղիղ՝ ասուլիսի ընթացքում էր Հայաստանի իշխանություններին ակնարկել, թե Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն. Իրանի դեսպան

Դիվանագետի հայտարարություններին վարչապետ Փաշինյանն էր արձագանքել, հավաստիացնելով՝ Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա: Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ պնդել էր, թե Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո հանրահավաքներ չեն արգելվել, և Իրանի համար բացառություններ չեն արվելու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն արձագանքում է Իրանի դեսպանին. Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա

Փաշինյանի այս հավաստիացումներից բառացիորեն օրեր անց, սակայն, ոստիկանությունն արգելեց իրանցիներին դեսպանատնից Կապույտ մզկիթ երթ իրականացնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանցիները ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան դիմաց. ոստիկանները երթը թույլ չտվեցին

Ակցիաներին մասնակից հայաստանաբնակ իրանցիները հոգևոր իշխանության հեռացումն էին պահանջում։ Նրանք նաև պահանջում էին դադարեցնել ցուցարարների սպանությունն Իրանում։

ԱՄՆ-ում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալության» տվյալներով՝ հունվարյան բախումների հետևանքով սպանվել է առնվազն 7 հազար մարդ, այդ թվում՝ 6 հազար 488 ցուցարար և 236 երեխա։

Ակցիաներին մասնակցող իրանցիներին ԱԱԾ հրավիրելու ահազանգերին զուգահեռ՝ ոստիկանությունն էլ վերջին շաբաթներին իրանցիներին արգելում է անմիջապես դեսպանատան դիմաց հավաքներ անցկացնել, նրանց ստիպելով ավելի հեռվում կանգնել՝ այգու տարածքում, շենքից բավականին հեռու։

Ոչ միայն Իրանի ներսում, այլև Իրանի շուրջ լարվածությունն օր-օրի է ավելանում. Վաշինգտոնից հնչող պատերազմի սպառնալիքների ու ջրերում ամերիկյան ռազմածովային ուժերի կուտակման ֆոնին՝ այդ երկրում լայնածավալ ցամաքային զորքերը ռազմական վարժանքներ են անցկացրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերը ռազմական վարժանքներ են անցկացրել հարավային ծովափինԹեհրանը դիվանագիտական լուծման մեծ հնարավորություն է տեսնում, Վաշինգտոնը Պարսից ծոցում զորք է կուտակում

Հայաստանի պաշտպանության նախարարն այցելում է Իրան

Նույն այս ընթացքում Իրան է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները շատ մանրամասներ չեն ներկայացնում։ Պապիկյանը հանդիպել է պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ:

Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարը առանձնազրույց է ունեցել նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Արդյո՞ք Երևանը Թեհրանի հետ քննարկում է նաև ռազմատեխնիկական համագործակցության հարցը, կողմերը չեն մանրամասնում։

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի վերլուծաբան Էդուարդ Առաքելյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. - «Ես կարծում եմ, որ խոսակցություններ, քննարկումներ կարող են լինել, բայց իրական գործողություններ, որ Իրանը մեզ զենք կմատակարարի, կդժվարանամ ասել։ Նկատի ունեմ, որ գուցե դա գոյություն ունի, բայց մենք դրա մասին ոչինչ չենք տեսնում բաց տվյալներում, մենք հրապարակայնորեն ոչինչ չենք տեսնում, մենք ոչինչ չգիտենք, և ոչ ոք ոչինչ չի ասում, ուստի դժվար է ասել, որ Իրանը մեզ ինչ-որ զենք է մատակարարում»:

Պաշտոնական Երևանը Սուրեն Պապիկյանի այցի օրակարգը Թեհրան մեկնելուց առաջ չէր բացահայտել, առայժմ պարզ չէ, թե նա այլ ինչ պաշտոնյաների հետ հանդիպումներ կունենա հարևան երկրում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՊապիկյանն այցելում է Իրան