Իրան-ԱՄՆ բանակցություններն առաջընթացի քայլ էին. Փեզեշքիան

Իրան-ԱՄՆ բանակցությունները, որոնք տեղի ունեցան տարածաշրջանի բարեկամ կառավարությունների աջակցությամբ, առաջընթացի քայլ էին, այս մասին X-ում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Երկխոսությունը միշտ եղել է մեր ռազմավարությունը խնդիրների խաղաղ կարգավորման համար։ Միջուկային հարցերում մեր տրամաբանությունը հիմնված է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրում ամրագրված իրավունքների վրա։ Իրանի ժողովուրդը միշտ հարգանքով է արձագանքել հարգանքին, բայց չի հանդուրժի ուժի լեզուն»,- գրել է Իրանի նախագահը:

Իրանի և ԱՄՆ պաշտոնյաները ուրբաթ օրն անուղղակի բանակցություններ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում: Երկու կողմերն էլ հայտարարել են, որ շուտով կրկին բանակցություններ են սպասվում: Օմանում տեղի ունեցած հանդիպումը կողմերի միջև առաջինն է՝ անցած տարեվերջից Իրանում սկսված բողոքի ցույցերից և դրանք կոշտ բռնությամբ ճնշելու՝ Իսլամական Հանրապետության փորձերից հետո, որոնց հետևանքով հազարավոր ցուցարարներ սպանվեցին։ Ի պատասխան՝ Միացյալ Նահանգների նախագահը զգուշացրել էր, որ Վաշինգտոնը կարող է դիմել ռազմական միջամտության՝ տարածաշրջան ուղարկելով հավելյալ ուժեր ու ռազմանավեր։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ Վաշինգտոնի հետ բանակցություններում բացառել է Թեհրանի կողմից ուրանի հարստացման ծրագրից հրաժարվելու հնարավորությունը՝ պնդելով, որ Թեհրանը չի վախենա Միացյալ Նահանգների հետ պատերազմի սպառնալիքից։

Փեզեշքիանի և Արաղչիի այս հայտարարություններից առաջ հաղորդվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի հետ միասին փետրվարի 7-ին այցելել են Արաբական ծովում գտնվող ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր:

ԱՄՆ նախագահը հունվարի վերջին էր «Աբրահամ Լինքոլն» ավիակիրն ու դրան ուղեկցող մի քանի ռազմանավեր, ռազմական այլ տեխնիկա ուղարկել տարածաշրջան՝ սպառնալով հարվածել Իրանին, եթե Թեհրանը գործարքի չգնա իր միջուկային ծրագրի շուրջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանն անտեսում է ԱՄՆ-ի սպառնալիքները՝ պնդելով ուրանի հարստացման իր իրավունքըԱՄՆ բանակցային թիմն այցելել է Արաբական ծովում գտնվող «Աբրահամ Լինքոլն» ավիակիրՆեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ, կքննարկվի Իրանի հարցըԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը կհարվածի տարածաշրջանում ամերիկյան բազաներին. ԱրաղչիԹրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների ևս մեկ փուլի մասինԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանից ապրանքներ ներկրող ցանկացած երկրի համար Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի նավթի արտահանման դեմԻրանը և Միացյալ Նահանգները Մասկատում վճռորոշ բանակցություններ անցկացրեցին