«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի կողմից մեքենայի միջից հրապարակային կերպով առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով:
Իոաննիսյանը հայտնում է, որ հաղորդումը ներկայացրել են խուլիգանության հատկանիշներով։
Օրերս հայտնի դարձավ, որ ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ի գիշերը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով»:
Ծեծի համար մեղադրվողներից Նաիրի Հակոբյանի ընտանիքի անդամների փոխանցմամբ՝ ծեծին նախորդած շրջանում Կոնջորյանը մեքենայով բազմիցս մոտեցել է իրենց տանն ու սեռական հայհոյանքներ հնչեցրել, նաև այդ մասին վկայող տեսանյութեր տարածվեցին։
«Ամեն Աստծու օր ինքը պարբերաբար ոչ սթափ վիճակում գալիս էր իմ պատուհանի տակ, վերջին բառերով հայհոյում էր», - մասնավորապես ասել էր Հակոբյանի կինը: