Ինչպե՞ս «վնասազերծել» ատոմային զենքի համար հարստացված ուրանը

Իրան - Ցենտրիֆուգներ Նաթանզի միջուկային օբյեկտում, արխիվ

ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրում ասվում է` Իրանը պետք է նոսրացնի միջուկային պաշարները, որոնք տեսականորեն կարող են օգտագործվել ռումբ պատրաստելու համար։

Ինչ է սա նշանակում:

Եկեք սկսենք հարստացումից:

Ուրանը բնական վիճակում մեծ մասամբ պիտանի չէ զենքի կամ նույնիսկ միջուկային ռեակտորների համար։

Հարստացումը հատուկ իզոտոպի՝ U-235 -ի կոնցենտրացիան մեծացնելու գործընթաց է՝ ուրանի գազը ցենտրիֆուգներում հսկայական արագությամբ պտտեցնելու միջոցով։

Ատոմակայանների աշխատանքի համար անհրաժեշտ է 3-5 տոկոս հարստացված ուրան, իսկ ատոմային զենք պատրաստելու համար՝ 90 տոկոս և ավելի:

Իրանն այս պահին ունի 60 տոկոս հարստացված ուրան, որը դեռ ատոմային զենքի աստիճանի չէ, բայց մոտ է դրան. ըստ փորձագետների, 90 տոկոսի հասնելու համար ոչ թե ամիսներ կամ տարիներ, այլ շաբաթներ կպահանջվեն:

Ուրանի նոսրացումը հակառակ պրոցեսն է: Խառնելով բարձր հարստացված նյութը ցածր հարստացված կամ բնական ուրանի հետ՝ U-235-ի խտությունը կրկին նվազում և հասնում է ռեակտորի վառելիքի մակարդակի։

Այս տեխնիկան նոր չէ։ Սառը պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը բախվեցին նույն խնդրին՝ ի՞նչ անել տասնյակ հազարավոր ապամոնտաժված մարտագլխիկների ուրանը։

1993-ին Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնագիր կնքեցին, որ առավել հայտնի է որպես «Մեգատոննան՝ Մեգավատտի ծրագիր»։ Դրանով ռուսական կողմը պարտավորվեց նոսրացնել միջուկային զենքի համար նախատեսված առնվազն 500 տոննա ուրանը, որը բավարար էր 20 հազար մարտագլխիկի համար, և ստացված ռեակտորի վառելիքը վաճառել ամերիկյան էլեկտրակայաններին։

Մինչև 2013-ը՝ ծրագրի ավարտը, Ամերիկայում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 10 տոկոսն այս ծրագիրն էր տալիս։

Ինչո՞ւ է հիմա սա կարևոր Իրանի համար։

Վաշինգտոնը ցանկանում է, որ Թեհրանը հարստացված ուրանի պաշարներն ամբողջությամբ դուրս բերի երկրից։ Առաջարկվում էր, օրինակ, այն տանել Ռուսաստան, ինչպես 2015 թվականին, երբ Իրանը համաձայնագիր կնքեց վեց գերտերությունների հետ, կամ գուցե Ղազախստան, որը նույնպես նախկինում ներգրավված է եղել միջուկային նյութերի տեղափոխման գործում։

Բայց Իրանը չի համաձայնել այս պահանջին:

Այժմ քննարկվող տարբերակով նախատեսվում է, որ միջուկային խառնուրդը «մշակվի» Իրանում՝ ՄԱԿ-ի միջուկային գործակալության հսկողության ներքո: Ըստ այդմ՝ Իրանը պահպանում է վերահսկողությունը, մյուս կողմից՝ նյութը նոսրանում է այնքան, որ այլևս չի կարող օգտագործվել ռումբ ստեղծելու համար։

Սակայն դեռևս կան կարևոր մանրամասներ, որոնք պետք է ճշգրտվեն: Օրինակ՝ ի՞նչ մեխանիզմով է այս տարբերակը գործելու՝ որքա՞ն, ե՞րբ, ի՞նչ ժամանակացույցով ու ի՞նչ ստուգման ռեժիմով. Այս հարցերը դեռ պետք է բանակցվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում:

Փաստացի, այս փուլում Իրանը համաձայնել է բանակցությունները սկսել ուրանի նոսրացման հարցից։ Բայց մինչև ուր կհասնեն քննարկումները՝ հստակ չէ։ Վերջնական համաձայնագրում հնարավոր է՝ ամրագրվեն այլ պարտավորություններ, կամ հնարավոր է՝ բանակցությունները տապալվեն նախքան դրան հասնելը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-Իրան բանակցություններում արձանագրվել է «լավ առաջընթաց». ՄԱԿ-ում Իրանի դեսպանԹրամփը հետևանքների մասին է զգուշացնում, եթե Թեհրանը չկատարի պայմանավորվածություններըՎաշինգտոնն ու Թեհրանն ամփոփել են բանակցությունները Շվեյցարիայում, հայտնել են միջնորդներըԱԷՄԳ ղեկավարը ողջունում է ԱՄՆ - Իրան բանակցությունները110-օրյա պատերազմը դադարեցվում է. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ստորագրվել էՇրջանակային համաձայնագիրը հստակ սահմանում է՝ Թեհրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ստեղծել. Թրամփ