Ինչպե՞ս է Փաշինյանը հանրաքվեի դնելու նոր սահմանադրության նախագիծը. հնարավո՞ր է շրջանցել խորհրդարանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան, արխիվ

Ինչպե՞ս է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրաքվեի դնելու նոր սահմանադրության նախագիծը, երբ խորհրդարանում չունի ձայների 2/3-ը:

Հունիսի 7-ի ընտրություններում Փաշինյանին չհաջողվեց սահմանադրական մեծամասնություն ստանալ, ինչն անհրաժեշտ է նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ընդունման համար:

Այդ դեպքում ի՞նչ է անելու իշխող ուժը, և արդյո՞ք կփորձի շրջանցել սահմանադրական այս պահանջը:

Արդարադատության նախարարն այսօր հստակ պատասխան չտվեց, բայց ընդգծեց՝ ժողովուրդը ունի հանրաքվեի անմիջական իրավունք:

«Կա՞ մի ընթացակարգ, որը թույլ է տալիս շրջանցել խորհրդարանում նախագիծը քվեարկության դնելու ընթացակարգը», - «Ազատության» այս հարցին Սրբուհի Գալյանն արձագանքեց. - «Իրականում 2/3-ի պահանջը այս պահին սահմանված է Սահմանադրությամբ, բայց հանրաքվեի իրավունքն էլ անմիջական իրավունք է, որը ժողովուրդը ունի: Սա ուղղակի ասեմ, ու փակենք այսօրվա քննարկումը՝ մյուս հարցերը թողնելով ապագային»:

Թե սա ինչ է նշանակում, և արդյոք նախարարը ակնարկում է սահմանադրական պահանջը շրջանցելու հնարավորության մասին, Գալյանը հրաժարվեց մեկնաբանել, նշելով, թե այժմ իրենց համար ամենակարևորը այս հարցի շուրջ քաղաքացիների հետ երկխոսություն սկսելն է:

«Այդ դեպքում էլ 2/3-ը պետք չի՞ լինի», - այս հարցին նախարարը պատասխանեց. - «Ես ասացի այն, ինչ ասացի, առաջարկում եմ բաց թողնել քննարկումը, մենք կլսենք նաև մասնագիտական մի շարք կարծիքներ»:

Երկրի Մայր օրենքի 202-րդ հոդվածը հստակ սահամանում է. - «Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»:

Գործող Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանը, արձագանքելով նախարարի այսօրվա հայտարարությանը, «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ «անկախ նրանից, թե նոր Սահմանադրության նախագիծ ներկայացնելու սուբյեկտը ով է՝ Կառավարությունը, պատգամավորների 1/3-ը, թե 200 հազար ստորագություն ունեցող քաղաքացիները, միևնույն է՝ այդ նախագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողով, և խորհրդարանը ընդհանուր ձաների առնվազն 2/3-ով որոշում ընդունի նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին»:

Այսինքն, ըստ սահմանադրագետի, «խորհրդարանը շրջանցելու որևէ տարբերակ չկա, ցանկացած այլ տարբերակ կլինի անօրինական»:

Ինչ վերաբերում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի այն ձևակերպանը, թե «ժողովուրդը հանրաքվեի անմիջական իրավունք ունի», ապա Վարդան Պողոսյանը կրկին հիշեցնում է Մայր օրենքը. Սահմանադրության 48-րդ հոդվածն ամրագրում է, որ 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները ունեն հանրաքվեին մասնակցության իրավունք: Այսինքն, ըստ մասնագետի, խոսքը մասնակցության իրավունքի մասին է: Իսկ այդ իրավունքը նշանակում է, որ հանրաքվեն պետք է նշանակված լինի Սահմանադրությանը և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքին համապատասխան:

Սահմանադրագետը հատուկ ընդգծում է՝ հանրաքվեին մասնակցելու անմիջական իրավունքը չի նշանակում շրջանցել հանրաքվեի վերաբերյալ սահմանադրական կարգավորումները:

«Ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի». նախարարը՝ պատերազմի մասին Փաշինյանի զգուշացման մասին

Նախընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակ զգուշացնում էր՝ «սեպտեմբերին պատերազմ է լինելու», եթե իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր»-ը չստանա սահմանադրական մեծամասնություն:

«Հիմա էլ ասում եմ՝ լինելու է պատերազմ սեպտեմբերին, ու աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն... չեմ ասում՝ ընտրություններում հաղթի... Ինձ ասում էիք՝ «18 թվին գայիր ասեիր», հիմա ասում եմ», - մասնավորապես հայտարարել էր վարչապետը:

Վարչապետի այդ պնդումը վերահաստատել էր նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ես կարծում եմ՝ ժամկետը, այն է՝ սեպտեմբեր ամիսը, վարչապետը պայմանական է ասել՝ նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց: Իսկ որ էդպիսի հեռանկար կարա լինի, միանշանակ է», - ասել էր Միրզոյանը:

Հիմա, երբ արդեն նախնական տվյալներով պարզ է, որ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, արդյո՞ք Փաշինյանի ասածը ենթադրում է, որ պետք է պատրաստվել պատերազմի: Արդարադատության նախարարը չհերքեց վարչապետի պնդումները: «Եվ հիմա ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի», - ասաց Գալյանը:

Ի դեպ, իշխող կուսակցությունը երեկ վարչության նիստում քննարկել է նոր սահմանադրության հարցը: Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ մասնավորապես քննարկել են, թե երբ կյանքի կոչեն իրենց հանձնառությունը, որը ստանձնել են նաև նախընտրական գործընթացի շրջանակներում:

Գալյանը, որ համակարգում է նոր սահմանադրության տեքստի մշակումը, այսօր էլ չհստակեցրեց, թե երբ կհրապարակվի նախագիծը: Նախարարը նշեց, թե առաջիկայում նախագիծն ամբողջացնելուց հետո կորոշեն՝ պատրա՞ստ են հրապարակել, թե՞ ոչ: Ավելի վաղ Գալյանն ասել էր, թե նախագիծը կհրապարակեն մարտին, սակայն իշխող ուժը նախընտրական շրջանում զերծ մնաց այդ քայլից:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նախնական արդյունքներով ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն. ինչ ընթացք կունենա նոր Սահմանադրության նախագիծըԻնչո՞ւ չի հրապարակվում նոր Սահմանադրությանը տեքստը և ի՞նչ է մտածում վարչապետը Արարատ լեռան պատկերը զինանշանից հեռացնելու մասինԵ՞րբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը. նախարարը կոնկրետ ժամկետ չի ասումԳալյանի խոստացած ժամկետն ավարտվել է, բայց Սահմանադրության նոր նախագիծը չի հրապարակվելԵթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից հանրաքվե կանենք. Փաշինյան«Սեպտեմբերին պատերազմ է լինելու, չի ուշանալու». շանտա՞ժ, թե՞ «քաղաքական առաջարկ»