Ինչու են լրատվամիջոցների դեմ պաշտոնյաների դատական հայցերն աճել

Լրատվամիջոցների դեմ պաշտոնյաների դատական հայցերն անցած տարի կտրուկ աճել են, ուղիղ կեսը պետական կառույցներից ու պաշտոնյաներից է:

Լրատվամիջոցների աշխատակիցների իրավունքների խախտումները նախորդ տարվա համեմատ 224-ով ավելացել են: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն է ամփոփել 2025-ին տիրող վիճակը: Ինչի մասին է խոսում այս վիճակագրությունը:

«Սա խոսում է այն մասին, որ նպատակը վախեցնել ու ճնշում գործադրելն է, ոչ թե արդարացի պատասխան, պրոֆեսիոնալ գնահատականներ ստանալ ինչ-որ դեպքերում: Պետք է հասկանանք, որ իշխանությունը պարտավոր է ավելի հանդուրժող լինել», - ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը:

Պապյանի վերլուծությամբ՝ վիճակագրության այս կտրուկ աճի պատճառը նախընտրական կրքերն են ու կառավարություն-եկեղեցի հակամարտությունը: Կարծում է՝ իշխանությունը գնալով ավելի անհանդուրժող է լրատվամիջոցների նկատմամբ. «Մեզ մոտ գնալով ավելի բևեռացում է գնում մեդիայի ու սրվում է քաղաքական պայքարը: Դրա ֆոնին տեսնում ենք, որ իշխանությունը փորձում է ուժ ցուցադրել և բավական անհանդուրժող է դառնում լրագրողների նկատմամբ: Դրա մասին են խոսում ոչ միայն առհասարակ դեպքերի աճն, այլև այն փաստը, որ դատական գործերի զգալի մասը հենց բարձրաստիճան պաշտոնյաներն են նախաձեռնել լրատվամիջոցների դեմ»:

Որ Հայաստանում պաշտոնյաներն իրենց քննադատող լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժող են ու դատական ճանապարհը որպես զսպելու, ճնշեկու գործիք են կիրառում, համոզվել է նաև «Հետք» հետաքննող լրատվամիջոցի լրագրող Գրիշա Բալասանյանը: Հայցեր նախկինում էլ են եղել, բայց որ պետական կառույցը դատի տա լրատվամիջոցին ու պահանջի երկու միլիոն դրամ, «Հետք»-ում Փաշինյանի իշխանության օրոք եղավ:

«Մենք նյութում գրել էինք, որ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել բժշկական կենտրոններում, այդ թվում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում և ցույց էինք տվել, որ այնտեղի ղեկավար կազմը և ՊՎԾ-ում աշխատող որոշ անձինք ունեն խնամիական, բարեկամական կապեր, քանի որ ստուգումը կիսատ էր մնացել, եզրահանգել էինք, որ այդ բարեկամական կապերն էին ազդել, որ ստուգումը կիսատ է մնացել և ամբողջ ծավալով թերությունները չեն բացահայտվել», - ներկայացրեց լրագրողը:

Այս կառույցի ղեկավարը Ռոմանոս Պետրոսյանն էր, որ որակել են զրպարտություն ու դատարանով հերքում պահանջել: «Հետք»-ը առաջին ատյանի դատարանում շահել է ու ՊՎԾ-ն պայքարում է արդեն Վերաքննիչում: Մինչև դատարան դիմելը կան ճանապարհներ, բայց պետական կառույցներն ու պաշտոնյաները հիմնականում ուղիղ դատարան են գնում՝ անտեսելով հրապարակումը հերքելու ու դրա բովանդակությունը վիճարկելու արտադատական ճանապարհները, շեշտում է լրագրողը:

«Սա վտանգավոր է, որ դիմելով դատարան պահանջում են նաև փոխհատուցում, ինչը նյութական է, և լրատվամիջոցները հայտնվում են վատ վիճակում, որովհետև լրատվամիջոցների նյութական վիճակն այդքան էլ լավ չէ, ու ցանկացած պատասխանատվության միջոց, որ դատարանները կկիրառեն կարող է բացասաբար անդրադառնալ նրանց գործունեության վրա», - ընդգծեց Գրիշա Բալասանյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն զեկույցում ավելի մանրամասն ու հասցեական է նշել լրագրողների նկատմամբ ճնշումների ու հայցերի մասին: Ըստ կազմակերպության՝ ճնշումների կեսից ավելին էլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից է: Իշխող կուսակցության փոխնախագահը խնդիր չի տեսնում: Պաշտոնյան դատական ճանապարհով իր իրավունքն է պաշտպանում, ասում է Վահագն Ալեքսանյանը:

«Ես չեմ տեսել գեթ մեկ դեպք, որը սահմանային է, որ, օրինակ, 50-50 է, կա զրպարտություն, թե չկա զրպարտություն ու պաշտոնյան դիմել է դատարան: Բայց ես տեսել եմ միլիոնավոր դեպքեր, երբ կա զրպարտություն, կա վիրավորանք, կա ատելության խոսք պաշտոնյաների հասցեին, պաշտոնյաների ընտանիքների անդամների հասցեին ու չկան դատական հայցեր: Կան նաև որոշակի դեպքեր, երբ պաշտոնյաներն ուղղակի որոշում են՝ այո, պետք է պաշտպանեն իրենց իրավունքները», - նշեց Ալեքսանյանը:

Պատգամավոր Ալեքսանյանը վստահեցնում է՝ ոչ մի անգամ դեռ դատարան չի դիմել:

Այն պնդումներին, որ Փաշինյանի իշխանությունը ավելի անհանդուրժող է դարձել խոսքի ազատության ու քննադատող լրատվամիջոցների նկատմամբ, Վահագն Ալեքսանյանը համաձայն չէ: Իշխանական պատգամավորը հարցով է հակադարձում ընդդիմախոսներին. «Ենթադրենք կա 100 լրատվական, 100-ից 95-ը ընդդիմադիր է, ինչո՞վ է անհանդուրժող դարձել»:

Լրատվամիջոցներին դատի տալու գործում Փաշինյանն էլ է ներգրավվել: Նա էլ իշխանությանը քննադատող «Հրապարակ» թերթի դեմ է հայց ներկայացրել «Դավաճանո՞ւմ է արդյոք Փաշինյանը տիկին Աննային» վերնագրով մեկնաբանության համար:

Թեև այս հրապարակման մեջ պնդում չկա, այլ այդպես, ըստ խմբագրի, այլաբանորեն արձագանքել են օդից կախված լուրերով հոգևորականների անձնական կյանք մտնելու Փաշինյանի գործելաոճին, բայց վարչապետը պահանջում է հերքում ու մեկ միլիոն դրամ փոխհատուցում: Տարեվերջին էլ Փաշինյանը պաշտոնյաներին հատկացված միլիոնավոր պարգևավճարները բացատրում էր նաև դատական ատյաններում պաշտպանության անհրաժեշտությամբ:

«Մեծ հաշվով նշանակում է, որ իշխանական օղակներին, որ տեսեք, վարչապետը խրախուսում է նույնիսկ այն, որ դիմեք դատարաններ, դրա համար, ովքեր կդիմեն դատարան, նույնիսկ համապատասխան պարգևավճար կստանան», - ասաց Արթուր Պապյանը:

Ըստ Խոսքի ազատության կոմիտեի վիճակագրության՝ անցած տարի լրագրողների նկատմամբ 15 բռնության դեպք է արձանագրվել: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներքաղաքական լարված միջավայրն ու լրատվամիջոցների բևեռացումը լուրջ մարտահրավեր է, եզրակացրել է կազմակերպությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տիգրան Հակոբյանը չի բացառում՝ «ներքաղաքական միջամտության» կետը կարող է հանվել մեդիայի մասին նախագծիցՃնշման 36 դեպք ՀՀ-ում լրագրողների և ԶԼՄ-ների դեմ. ԽԱՊԿ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց մեդիա ոլորտում առաջարկվող խստացումներին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ուժով դուրս բերեցին Ազգային ժողովիցԿոնջորյանին հարց տալուց հետո «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները զրկվել են ԱԺ աշխատանքը լուսաբանելու հավատարմագրից Հայաստանում մարդու իրավունքների վիճակը մնում է ոչ միանշանակ. HRW զեկույցը