«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին ու Սոնա Գրիգորյանին անվտանգության աշխատակիցներն այսօր նախ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նիստերի դահլիճից, ապա նաև Ազգային ժողովի շենքից դուրս հանեցին:
Երկուսն էլ անցած տարեվերջին էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հարց տալուց հետո զրկվել հավատարմագրումից. ըստ պաշտոնական պատճառաբանության՝ չթույլատրված վայրում ու նրա կամքին հակառակ էին տվել հարցերը:
Ըստ ԱԺ կանոնակարգի՝ հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում: Այսօր «Ժողովուրդ»-ի լրագրողները խորհրդարան էին մուտք գործել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի տրամադրած անցագրով:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկզբում կարծես դեմ չէր նրանց ներկայությանը, մինչ այն պահը, երբ ԱԺ-ի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը հայտարարեց, որ Քնար Մանուկյանն ու Սոնա Գրիգորյանն իրավունք չունեն ներկա գտնվել այդ տարածքում և լուսաբանել նիստը, քանի որ հավատարմագրված չեն:
Հանձնաժողովի նիստն ընդմիջվեց ու նիստերի դահլիճից դուրս արդեն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ու լրագրողների միջև լեզվակռիվ սկսվեց: Պաշտոնյան հրաժարվում էր բացատրել, թե ինչու են հեռացնում լրագրողներին:
Իրավիճակը փորձում էր հանդարտացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, սակայն դա էլ չօգնեց: Նրան նույնիսկ չհաջողվեց լրագրողներին իր աշխատասենյակ տանել ԱԺ-ի անվտանգության աշխատակիցները ուժով լրագրողներին դուրս բերեցին:
Քնար Մանուկյանը ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարին հիշեցրեց, որ 23 թվականին իրեն կրկին հավատարմագրումից զրկելը դատարանն ապօրինի է ճանաչել:
Սոնա Գրիգորյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դատական հայցն արդեն պատրաստ է և այս անգամ ևս կվիճարկեն իրենց հավատարմագրումից զրկելու որոշումը:
«Ապացուցել, որ սա ընդամենն իշխանությունների կամքով լրագրողներին թույլ չտալ մտնել այն հատվածները, որտեղ կարելի է տեսնել իշխանականներին ու հարց հնչեցնել, իսկ հարցերը լինում են ոչ իրենց սրտով, ինչի համար իրենք որոշում են՝ պետք է այս լրագրողը լինի այստեղ, այն լրագրողը՝ չլինի: Այսինքն՝ իրենց կամայական որոշումները մենք կուլ չեն ք տալու, մենք անդադար տարբեր ատյաններում բողոքարկելու ենք», - ասաց լրագրողը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց, որ իր հրահանգով են լրագրողները ԱԺ-ից դուրս են բերվել. «Իմ պահանջով չէ, այլ օրենքի պահանջով, սևով սպիտակի վրա գրված է, թե ով կարող է ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, հայերեն լեզվով գրված է ու քաղաքացիները, լրագրողները, որոնք հավատարմագրված չեն, չեն ստացել, զրկվել են, չեն կարող այնտեղ գտնվել: Ես ուզում եմ հասկանալ՝ մեր լրատվական դաշտի հետ ինչ է կատարվում, այսինքն, նպատակը գալ լուր տալն է, ինֆորմացիան փոխանցելն է Ա կետից Բ կետ, թե՞ սեփական անձի շուրջ սկանդալ սարքելն է, սեփական հարցի մեջ այնպիսի ձևակերպումներ անելն է, որպեսզի բանախոսն ինչ-որ ձևով հակադարձի ու սկանդալ դառնա: Ուզում եմ հասկանալ՝ լրատվությունն այսօր ինչով է զբաղվում, այդ մարդիկ իրավունք չունեն գտնվել նիստերի դահլիճում, նույնիսկ որպես քաղաքացի իրավունք չունեն գտնվել այնտեղ, դրա համար պետք է հանձնաժողովը նիստ անի, որոշում կայացնի, որպեսզի իրենք կարողանան ներկա գտնվել»:
Սոնա Գրիգորյանն ասում է՝ իրենց հետ տեղի ունեցածի մասին բոլոր դեսպաններին նամակներ են գրել ու այս անգամ էլ չեն լռելու, նույնիսկ բողոքի ակցիաներ կանեն:
Լրագրողական 7 կազմակերպություններ, այդ թվում՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի Մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ ընդգծելով, որ «խորհրդարանում տեղի ունեցող այս գործընթացները հակասում են ՀՀ Սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ինչպես նաև Հայաստանի կողմից ստորագրված մի շարք միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին»։
Հայտարարության հեղինակները Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջում են չեղարկել Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին հավատարմագրումից զրկելու որոշումը, դրսևորել առավել հանդուրժողականություն և քաղաքական շրջահայացություն, վերանայել լրագրողների հետ հարաբերությունները և բարեփոխել խորհրդարանում նրանց հավատարմագրման և գործունեության կարգը, նախաձեռնել քննարկումներ՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների և պատգամավորների փոխհարաբերությունները կարգավորող կանոնագիր ստեղծելու և դրա պահանջների կատարմանը հետևող մարմին ձևավորելու նպատակով։