Ալիևի օգնականը Հայաստանում՝ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման օրը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին դիլիջանցիները երեկ Ջրհովեր թաղամասում զբոսնելիս են տեսել, հետո՝ այս քաղաքի ամֆիթատրոնի տարածքում՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Զբոսաշրջային Դիլիջան Ալիևի օգնականը աշխատանքային այցով էր եկել, ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում: Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ», - ասված է Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ չկան, միայն այն, որ հաջորդ անգամ էլ Արմեն Գրիգորյանը կգնա Ադրբեջան:

Իսկ ինչո՞ւ է Ալիևի օգնականը Հայաստան մտնում հենց այն օրը, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակում: Վերլուծաբան Հակոբ Բադալյանը սա պատահական չի համարում:

«Չեմ կարծում, թե պատահական են լինում այդպիսի քաղաքական զուգահեռները, երբ պաշտոնական արդյունքի հրապարակման օրը այցելում է Հայաստան Ադրբեջանի նախագահի օգնականը, հաշվի առնելով նաև այն, թե Ադրբեջանը ինչպիսի մոտիվացվածություն ուներ Հայաստանի խորհրդարանի ընտրության հարցում և մասնավորապես «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությունը պահելու հարցում», - «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբանը:

Ըստ Բադալյանի՝ Բաքվի համար զգայուն հարց է, թե որքանով իշխանությունը կախված կլինի ընդդիմությունից: Եթե «Բարգավաճ Հայաստան»-ը դուրս չմնար խորհրդարանից, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստիպված պիտի լիներ անընդհատ փոխզիջում փնտրել ընդդիմության հետ, սա, ըստ վերլուծաբանի, անհանգստացնում էր Բաքվին:

«Ձևավորվում էր որոշակի հակակաշիռներով հագեցած խորհրդարան, իսկ սա արդեն էապես կարող էր փոխել Հայաստանում քաղաքական պատկերը, մթնոլորտը, և, ի դեպ, նաև Հայաստանի կենսունակությունը արտաքին քաղաքական իմաստով; Սա Ադրբեջանում, օրինակ, կարող էր առաջացնել անհանգստություն», - նշեց Բադալյանը:

Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը Հաջիևի դիլիջանյան այցը նույն օրը ԿԸՀ-ում տեղի ունեցողի հետ չի կապում, բայց ընտրական գործընթացի հետ զուգահեռ տեսնում է:

«Կարծում եմ՝ սրա նպատակը խաղաղության գործընթացի մասին քննարկումներն էին Հայաստանի ընտրությունների արդյունքների կոնտեքստում, այսինքն՝ ինչպես են շարունակվում գործընթացները, և ինչպիսի, եթե որևէ ազդեցություն թողել են ընտրությունների արդյունքները, նախապես պայմանավորված հետագծի վրա», - «Ազատությանը» ասաց Սուքիասյանը:

Փոխել Սահմանադրությունը, նախաբանից հանել հղումը Անկախության հռչակագրին. ալիևյան այս նախապայմանը հնարավո՞ր է վերաձևակերպվի՝ հաշվի առնելով այն, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթել է, բայց՝ առանց սահմանադրական մեծամասնության:

«Հայտնի չէ, թե արդյոք հնարավոր կլինի փոփոխել Ադրբեջանի նախապայմանը, բայց այն, որ պահանջվում է Հայաստանի դիվանագիտության և միջազգային հանրության կողմից գերլարում այն դերակատարների, որոնք շահագրգռված են խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման մեջ, փորձել ուղիներ փնտրել, որով Ադրբեջանը կարող է հետ քաշել կամ վերաձևակերպել իր այս պահանջը այնպես, որ հնարավոր լնի գործընթացը շարունակել առանց դրա սաբոտաժ անելու», - նշեց Նարեկ Սուքիասյանը:

Հակոբ Բադալյանն այն կարծիքին է, որ այս ընտրություններից հետո սահմանադրական փոփոխության հրատապությունը թուլանալու է, խաղաղության գործընթացը՝ դանդաղելու:

«Ադրբեջանի համար, չեմ կարծում, թե դա այդպես առանձնապես հրատապ հարց է, որովհետև իր համար նվազագույն ամրագրումներ՝ նախաստորագրման տեսքով, արված են, և հակառակը՝ մնացյալ առումներով Ադրբեջանը կարող է բավականին խաղարկել ստորագրված չլինելու հանգամանքը», - ասաց վերլուծաբանը:

Բաքվի իշխանամերձ վերլուծաբանների տեքստերը նախապայմանի վերաձևակերպման կամ գործընթացի դանդաղեցման մասին չեն:

Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը գրում է. հայաստանյան ընտրությունների արդյունքները հենց հայտնի դարձան, մի շարք եվրոպացի գործիչներ, փորձագետներ սկսեցին խոսել հանրաքվեի անցկացման անհնարինության մասին, ցուցումներ տալ Ադրբեջանին, թե խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրել առանց դրա:

«Ձեր խորհուրդները ձեզ պահեք, Հայաստանում իշխող ուժը թեպետ բավարար տեղեր չի ստացել խորհրդարանում՝ Սահմանադրության փոփոխության համար, բայց դա չի նշանակում, որ հանրաքվեի անցկացումն անհնար է», - գրում է Մամեդովը:

Մեկ այլ ադրբեջանցի վերլուծաբան՝ Էլխան Շահինօղլուն այն կարծիքին է, որ Բաքուն Հաջիևին Հայաստան ուղարկելով իր առաջին քայլն է արել հայաստանյան ընտրություններից հետո:

Ալիևի օգնականն ու Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը զբոսնում էին մի քաղաքում, որտեղ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել արդեն երեք տարի Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը: Ոչինչ չգիտենք՝ արդյո՞ք հայ գերիների հարցը երեկ քննարկման թեմա է դարձել:

Այսօր Վերոնիկա Զոնաբենդը՝ Ռուբեն Վարդանյանի կինը, հայտարարել է, որ ուզում է կանանց մարդասիրական պատվիրակություն կազմել ու մեկնել Բաքու, Ումբակիի բանտ՝ այդտեղ պահվող հայ գերիներին տեսակցության:

«Ադրբեջան կատարած այցերի ընթացքում երկրի պետական պատվիրակությունները հնարավորություն չեն գտնում այցելելու այդ մարդկանց, հանդիպելու նրանց, տեղում ծանոթանալու պահման պայմաններին և գնահատելու նրանց առողջական վիճակը», - ընդգծել է Զոնաբենդը:

Ադրբեջանի օմբուդսմենին է դիմել Ռուբեն Վարդանյանի կինը՝ խնդրելով աջակցել իրենց այցին Բաքու, շեշտելով ՝ նույնիսկ այնտեղ, որտեղ քաղաքականությունը ոչնչացնում է վստահությունը, դեռ մնում է մարդկային քայլի հնարավորություն։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպե՞ս ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից, ՔՊ-ն ստացավ 3/5. ԿԸՀ որոշումը դիտորդներն ապօրինի են որակումԸնդդիմադիր ուժերը ԲՀԿ-ի ԱԺ անցնելու հարցը փակված չեն համարում. ընտրությունները կվիճարկեն ՍԴ-ում Վերաքվեարկություն տեղի չի ունենա. ԿԸՀ-ն հրապարակեց որոշումը՝ ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից Ինչպե՞ս է Փաշինյանը հանրաքվեի դնելու նոր սահմանադրության նախագիծը. հնարավո՞ր է շրջանցել խորհրդարանըING. «Ընտրությունների արդյունքները բարդացնում են սահմանադրական փոփոխությունների իրագործումը»