68-ամյա Սամվել Կարաբեկյանը, որ ամիսներ առաջ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ռևմատոլոգի ծառայություններից օգտվելիս ոչինչ չէր վճարել, հունիսի 22-ին այց է ամրագրել հունիսի 26-ի համար։ Հիվանդանոցում տեղեկացել է, որ արդեն գործում է համավճար, և ծառայության արժեքի 25 տոկոսը պետք է վճարի ինքը։ Սակայն հենց այցի օրը պարզվել է, որ համավճարի չափն արդեն ավելացել է։
«Ասացին՝ «արդեն 50 տոկոս է, բայց քանի որ դուք գրանցվել եք այն պահին, երբ որ դեռ 25 էր, այդքանը վճարեք», - «Ազատությանը» փոխանցեց դասախոս Կարաբեկյանը:
Նա տարակուսած է՝ ինչո՞ւ մինչև ընտրություններն այդ համավճար չկար: «Նախընտրական քվեակորզիչ «օպերացիա» էր, որը թույլ տվեց ևս որոշ ժամանակ մնալ ղեկին», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր դասախոսը:
Կարաբեկյանի գրառմանը հիմնադրամի պաշտոնական էջով էին պատասխանել: Նախ խնդրել էին բժշկական կազմակերպության անունը նշել, որ ուսումնասիրեն խնդիրը։ Այնուհետև տեղեկացրել էին՝ համավճարի կիրառման կարգում փոփոխություն չի եղել, այն կիրառվում է օրենքով սահմանված կարգով, իսկ մատուցվող ծառայության արժեքը յուրաքանչյուր բուժկենտրոն ինքնուրույն է որոշում, բայց չի կարող գերազանցել սահմանված գնի կրկնապատիկը։ Ռևմատոլոգին այցի և խորհրդատվության համար էլ նախատեսված է համավճար:
«Ես էնտեղ պատասխան չտեսա, տպավորություն ունեցա, որ գուցե չատբոտ է, որը որոշակի արդեն տեքստերով պատասխանում է ցանկացած հարցին», - նշեց Կարաբեկյանը:
Սա, ասում է նա, միակ խնդիրը չէ: Իր բժիշկը անվճար կամ համավճար դեղերի ցանկում ներառված պրեպարատ է նշանակել, նույն ազդող նյութը պարունակող այլ դեղ կարողացել է գտնել, բայց՝ «դուրս են գրում բժիշկները, բայց էդ դեղորայքը չկա պարզապես դեղատներում»:
«Ազատության» ֆեյսբուքյան հարցմանն արձագանքած քաղաքացիներից շատերը գոհ էին ապահովագրությայն շրջանակում ստացած ծառայությունների որակից:
«Օգտվել եմ ու շատ գոհ եմ: Անչափ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում: Համավճար կա միայն խորհրդատվությունների ժամանակ 1000-3000 դրամ եմ վճարել: Անալիզներիս 99 տոկոսը՝ ՄՌՏ, սոնոգրաֆիա, մամոգրաֆիա, դուպլեքս՝ ամբողջը եղել է էս շրջանակներում՝ պետպատվերով», - գրել է մի կին:
Մեջբերում հարցմանն արձագանքած մյուս օգտատիրոջ գրառումից. - «Սա Հայաստանում անկախությունից ի վեր ամենամարդասիրական ռեֆորմն է: Ընտանիքիս մեծերը՝ մայրս, մորաքույրս, կինս շահառու են: Պետությունը իր քաղաքացու կողքին է: Աննկարագրելի է վիրահատական և լուրջ միջամտություններից օգտվող տատիկ-պապիկների ուրախությունը»:
Ծնողներից մի քանիսին նույնպես դուր չէր եկել այն, որ նախկինում ստացած անվճար ծառայության դիմաց հունիսից հետո իրենց ասել են՝ մի մասը պետք է վճարեն: «Մի՞թե ճիշտ էին լուրերը, թե ընտրություններից հետո ապահովագրության գումարները սկսելու են չբավարարել», - հարցնում էին նրանք:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախորդ շաբաթ իր ասուլիսում նշել էր՝ այդ լուրերն են եղել պատճառը, որ մայիսին արհեստականորեն մեծացել էր դիմելիությունը:
«Մայիս ամսին քաղաքացիների մոտ աժիոտաժային վարքագիծ կար, որ հնարավորինս արագ գնալ, հնարավորինս արագ ստանալ ծառայություններ՝ վախենալով, որ գուցե հունիսից հետո ապահովագրության բարեփոխումը կանգ առնի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մենք կարողացանք նաև դիմակայել այս դիմելիությանը», - հայտարարել էր Ավանեսյանը:
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից «Ազատությանը» այսօր հարցազրույց չտվեցին՝ դրսից հյուր ունեին։ Բայց փոխանցեցին՝ համավճարն ընտրություններից հետո չի ներդրվել, այն նախատեսված էր դեռ նախնական հայեցակարգով, հետո ամրագրվել է օրենքով։
«Սպառվե՞լ են ապահովագրությանն ուղղված գումարները: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է Կառավարությունը նախորդ ամսվա որոշումներից մեկով հիմնադրամին 7.1 միլիարդ դրամ գումար հատկացրել». - այս հարցը թե՛ մամուլի էջերում է, թե՛ համացանցում:
Առողջապահության նախարարը նախորդ շաբաթ այս հարցին էլ է անդրադարձել. - «Ոչ թե որ ծախսերն են մեր սահմանվածից ավել եղել և կարիք է եղել հավելյալ գումարներ տալ, այլ օրենքով սահմանված ապահովագրված անձանց թիվը աճել է պետության կողմից սուբսիդավորվող խմբի, և պետությունը իր պարտավորությունը իրականացրել է»:
Հունվարին հայտարարված շահառուների թիվը 1.5 միլիոն էր, մեկ շաբաթ առաջ նախարարը նոր թիվ հրապարակեց՝ 1.7 միլիոն: Ըստ Ավանեսյանի՝ աճը պայմանավորված է ռեզիդենտների, 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների ու անհատ ձեռնարկատերերի թվի ավելացմամբ։
Իսկ հունիսի տվյալներով՝ ապահովագրված 1.7 միլիոն քաղաքացիներից 842 հազար 750-ն արդեն օգտվել է առողջության ապահովագրության շրջանակում մատուցվող բժշկական ծառայություններից։ Ընդհանուր առմամբ նրանց մատուցվել է ավելի քան 8.3 միլիոն ծառայություն, այսինքն՝ մեկ շահառուն օգտվել է մի քանի ծառայությունից։
Այս թվերից զատ, դեռ մնում են դժգոհությունները՝ ինչո՞ւ են հիվանդանոցները սկսել ավելի շատ կիրառել համավճարը, և ոչ միայն ռևմատոլոգի, այլև մի շարք այլ ծառայությունների գծով: