Ինչո՞ւ չի հրապարակվում նոր Սահմանադրությանը տեքստը և ի՞նչ է մտածում վարչապետը Արարատ լեռան պատկերը զինանշանից հեռացնելու մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի իրարամերժ հայտարարություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանեց, թե ինչու նոր Սահմանադրության նախագիծը չի հրապարակվում:

Գալյանը փետրվարին ասել էր. «Մարտին մենք կունենաք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի»: Արդեն մարտին Գալյանը նշել էր. «Մարտը դեռ շարունակվում է, կհրապարակվի այն ժամանակ, երբ տեքստը պատրաստ կլինի հրապարակման»:

Վարչապետն այսօր ասաց՝ որոշ հարցերի շուրջ իշխող թիմում դեռ տարաձայնություններ կան. «Խնդիրն այն է, որ մի քանի սկզբունքային և կարևոր նյուանսների շուրջ, որ կապված են պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ, որոշակի բանավեճ կա կառավարական և քաղաքական թիմում: Ես չեմ ուզում հրապարակենք թուղթն առանց այդ բանավեճերը հասցեագրելու»:

Նախարար Գալյանը, որի ղեկավարմամբ է մշակվում նոր Սահմանադրությունը, երեկ ասաց՝ փաստաթուղթը հրապարակել-չհրապարակելը իր որոշելիքը չէ: Շարունակեց պնդել՝ հայտարարված ժամկետում տեքստի վրա աշխատանքն ավարտել են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ե՞րբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը. նախարարը կոնկրետ ժամկետ չի ասում

Նոր Սահմանադրության պատրաստի տեքստը տրամադրվե՞լ է արդյոք Սահմանադրական բարեփոխումների խորհրդին: Դանիել Իոաննիսյանը, որ ակտիվ մասնակցում է խորհրդի նիստերին, հստակ տեղեկություն չունի՝ կա՞ պատրաստի տեքստ, թե՞ չկա:

«Պատրաստի տեքստ որպես այդպիսին, ես չեմ կարծում, որ կա, նույնիսկ եթե կա, դա ընդամենը Արդարադատության նախարարության կամ ինչ-որ այլ սուբյեկտների պատկերացումն է», - նշեց Իոաննիսյանը:

Այն, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ չէ, և հենց այդ պատճառով չի հրապարակվում, կարծում է խորհրդի մեկ այլ անդամ Էդմոն Մարուքյանը. «Մարդիկ կան, ասում եմ՝ կարող է չեն հրապարակում, որ ժողովուրդը չիմանա, որ հանել են: Ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, էդ մարդիկ բաց ասում են, խնդիր չունեն էդ իմաստով: Եթե մարդիկ գրել են ծրագրի մեջ, որ կաթողիկոսին հեռացնելու են, «մեզ ձայն տվեք, հեռացնենք», խնդիր ունե՞ն էդ մասով կաշկանդվելու, պատրաստ լինի կհրապարակեն: Ես կարծում եմ՝ տեխնիկական հարցեր են»:

Սրբուհի Գալյանը մինչդեռ երեկ պնդեց, թե պատրաստի տեքստը հանձնել են «ավելի լայն քննարկման»: Իսկ «լայն քննարկում» ասելով պարզվեց՝ նկատի ունի «Քաղաքացիական պայմանագրի» 20 հոգանոց վարչությանն ու մի քանի կուսակցականների: Վարչապետ Փաշինյանը այսօր հաստատեց՝ ոչ միայն տեքստին է ծանոթ է, նաև աշխատում է դրա վրա:

«Ես ինքս էլ այդ տեքստի վրա աշխատել եմ որոշակիորեն», - նշեց Փաշինյանը:

«Ինքը ոտանավորներ գրում է, երգերի տեքստեր գրում է, երևի մտածել է, որ Սահմանադրություն էլ կարա գրի, որոշել է, որ գրի: Ինքը Սահմանադրական խորհրդի անդամ չէ», - ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Նոր Սահմանադրությունը գրում են Արդարադատության նախարարությունում, նախարարն էլ համակարգում է աշխատանքը, ընդգծում է Էդմոն Մարուքյանը, զարմանում է՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անձամբ թուղթն ու գրիչը վերցրել իր ձեռքը:

«Հայաստանում նախկին չենք ունեցել նման իրավիճակ, որ Սահմանադրության տեքստի վրա աշխատի գործադիր իշխանության ղեկավարը կամ հանրապետության նախագահը, բայց ունենք: Ես կարծում եմ, որ ինքը ստուգել է՝ տեսնի՝ հաստա՞տ սա այն է, ինչ ուզում է Ալիևը, թե՞ կարող է ինչ-որ բան այնպես չի, մի քիչ ուղղի: Չի բացառվում, որ կարող է նաև մեյլ անեն Ադրբեջանին, իրենք էլ աշխատեն դրա վրա», - ասաց Մարուքյանը:

Վարչապետն ու թիմակիցները պնդում են, թե նոր Սահմանադրության ընդունումը ներքին օրակարգ է, որը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն: Արդեն շատ հստակ է՝ իշխող թիմն ու վարչապետն անձամբ՝ չեն ցանկանում այնտեղ տեսնել հղումն Անկախության հռչակագրին: Սա հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագիրը ստորագրելու Բաքվի նախապայմանն է. փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը տարածքային նկրտում են համարում:

Իսկ հաշվի առնելով իրական Հայաստանի գաղափարախոսությունը հնարավո՞ր է Հայաստանի զինանշանից էլ հեռացվի Արարատ լեռան պատկերը: «Ես նման հարց չեմ բարձրացնում», - պատասխանեց Փաշինյանը: