Ինչ կտա՞ TRIPP-ը Հայաստանին և ինչպե՞ս կքվեարկի ընդդիմությունը. հայ-ամերիկյան համաձայնագիրը քննարկեցին ԱԺ-ում

Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ստորագրված ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացման խորհրդարանական քննարկումներն ընդամենը երկու ժամ տևեցին: Միջպետական այս փաստաթուղթը, որը կանաչ լույս է վառում Սյունիքի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջևանի անխոչընդոտ կապի համար, ներկայացրեց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:

«Բոլոր ենթակառուցվածքները, որոնք կվերագործարկվեն կամ զրոյից կկառուցվեն, կգործեն հետևյալ սկզբունքների շրջանակներում՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և իրավազորություն», - ասաց Միրզոյանը:

Նախարարին հարցեր տալու համար 27 պատգամավոր էր հերթագրվել, հարց տալու հնարավորություն ունեցան երեք պատգամավորներ, ժամանակը սպառվեց, պատգամավորները դժգոհում էին:

Ազգային ժողովի խորհուրդն է հղում անելով կանոնակարգին նախօրեին որոշել՝ այս հարցի քննարկման համար առավելագույնը երկու ժամ հատկացնել: Թե ինչո՞ւ հենց այսքան՝ պարզաբանումներ չկան:

Երևանի ու Վաշինգտոնի միջև ստորագրված համաձայնագիրն ամրագրում է, որ ենթակառուցվածքներում Հայաստանի օրենքներն են գործելու: Սյունիքով անցնող երկաթուղին ու ճանապարհը գործելու են front office- back office տրամաբանությամբ, Արարատ Միրզոյանն ավելի վաղ չէր բացառել, որ Ադրբեջանի քաղաքացիները, գուցե, ընդհանրապես հայ սահմանապահների չհանդիպեն:

Եթե Հայաստանով անցնող ճանապարհի դեպքում արդեն փաստաթուղթ են վավերացնում ու տեխնիկական հարցերը պարզաբանում, ապա Ադրբեջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների երթևեկության վերաբերյալ որևէ փաստաթուղթ մինչ օրս չեն ստորագրել, անգամ բանավոր հայտարարություններ չկան, թե օրինակ՝ սահմանային անցման ինչ մեխանիզմներով են Հայաստանի քաղաքացիները Նախիջևանի տարածքով Հայաստանի հյուսիսից հարավ տեղափոխվելու ու հակառակը: Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքում այս հարցի վերաբերյալ մեկ դրույթ են ընդունել՝ Հայաստանը փոխադարձ առավելություններ կստանա, թե տեխնիկական տեսանկյունից որո՞նք են այդ առավելությունները, ավելի քան մեկ տարի անց դեռ պարզ չէ:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը այսօր ասաց. «Նշեք այն փաստաթուղթը, որտեղ նույնքան դետալիզացված, որքան այս փաստաթղթում է, նշվում են Ադրբեջանի պարտավորությունները»:

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի տարածքով գնալ- գալու տեխնիկական մանրամասները համաձայնեցված չեն. «Դետալները դեռ պետք է քննարկվեն Ադրբեջանի հետ, դա Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների տիրույթ է: Ինձ հայտնի է ԹՐԻՓՓ, որը ես այսօր ներկայացնում եմ ձեր դատին, դա ՀՀ տարածքում ենթակառուցվածքներն են»:

ԹՐԻՓՓ համաձայնագրով Հայաստանը նախագծում 26 տոկոս բաժնեմաս կունենա, 49 տարի հետո պայմանները կթարմացնեն ու այն կհասնի 49 տոկոսի: Մինչ իշխանությունները պնդում են, թե այս նախագծի իրականացմամբ Հայաստանն անվտանգություն է ապահովում, ապաշրջափակվում է, տնտեսական օգուտներ ստանում, ընդդիմությունը հակադարձում է՝ ԹՐԻՓՓ-ի հիմնական շահառուն Ադրբեջանն է, իսկ հնարավոր օգուտների վերաբերյալ ֆինանսական հաշվարկներ նախագծում չկան:

Միրզոյանը չի բացառում՝ ԹՐԻՓՓ-ը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից ավելի շուտ գործարկվել

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում՝ ԹՐԻՓՓ նախագիծը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից ավելի շուտ գործարկվել, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանից» Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ այս ճանապարհի գործարկումից հետո Բաքուն այլևս շահագրգռված չի լինի շարունակել ապաշրջափակման գործընթացը մյուս հատվածներում.

«Եթե շուտ ենք վավերացնում, և նա ստանում է ԹՐԻՓՓ-ը, հետո դնում է ինչ-ինչ պայմաններ անիրագործելի, ինչպես Սահմանադրական փոփոխությունը: Անիրատեսական պայման է դրել, որ խանգարի պրոցեսին, ավելացնելու է պայմանները: Այդ պարագայում մեր երկիրը գցվելու է, որովհետև ճանապարհն էլի Ադրբեջանը ստանալու է, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու», - ասաց Կարապետյանը:

Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց. «ԹՐԻՓՓ-ը հո մենակ ինքնին չի՞ գործելու, էդ ԹՐԻՓՓ-ը շարունակություն պետք է ունենա, չէ՞, աջ և ձախ, և եթե էնտեղից չեկավ որևէ բան, չանցավ ու չմտավ Երասխ, չի աշխատի ուղղակի: Հարցնում են՝ երաշխիքը ո՞րն է, երաշխիքն այն է, որ ինքը փոխշահավետ է, մեզ շատ պետք է ու իրենց շատ պետք է, բոլոր երրորդների շատ պետք է, հետևաբար հնարավոր չի, որ Ադրբեջանը բեռ տեղափոխի Նախիջևան ու հնարավորություն չլինի, որ Հայաստանը բեռ տեղափոխի, օրինակ, Ադրբեջանի տարածքով»:

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրին: Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը» ևս խիստ քննադատում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, սակայն այս ուժից դեռ չեն հստակեցրել, թե ինչպես են քվեարկելու:

Այսօր հերթը նաև պատգամավորների ելույթներին հասավ, սակայն քվեարկել չհասցրին, այն տեղի կունենա վաղը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյան. ԹՐԻՓՓ-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումըՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով. փոխվարչապետը մանրամասներ է ներկայացրելԱդրբեջանցին TRIPP-ով անցնելիս հայ մաքսավորի ու սահմանապահի կհանդիպի՞. ըստ արտգործնախարարի՝ «կարող է ընդհանրապես չհանդիպի» ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց TRIPP համաձայնագրի վավերացմանըՀայաստանը պահպանում է իր ինքնիշխանությունը TRIPP-ի ենթակառուցվածքների նկատմամբ. Միրզոյան