Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը

Անդրաշ Բակա, արխիվ

Հունգարիայի իշխող «Տիսա» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակայի թեկնածությունն է առաջադրել՝ Reuters-ի փոխանցմամբ՝ նախօրեին հայտնել է կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։

Ակնկալվում է, որ երեքշաբթի օրը խորհրդարանը Բակային կընտրի հիմնականում արարողակարգային բնույթ կրող նախագահի պաշտոնում։ Սա վարչապետ Պետեր Մադյարի՝ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի իշխանության հենարանները չեզոքացնելու խորհրդանշական քայլ է, որն անելու համար, ըստ Մադյարի, նա ամուր մանդատ է ստացել ապրիլյան ընտրությունների ժամանակ, երբ իր կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ տարավ 16 տարի իշխած Օրբանի «Ֆիդես» կուսակցության նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վիկտոր Օրբանը դիրքերը զիջեց երբեմնի կուսակից Պետեր Մադյարին

«Տիսա» խմբակցության պատգամավորների խոսքով՝ Բական մշտապես «առաջնահերթ նշանակություն է տվել իշխանությունների տարանջատման սկզբունքին՝ հետևողականորեն պաշտպանելով օրենքի գերակայությունը և դատական համակարգի անկախությունը»։

«Համոզված ենք, որ Անդրաշ Բակայի փորձառությունը և ողջ կարիերայի ընթացքում ցուցաբերած մասնագիտական անկախությունը կարևոր են այս պահին, երբ համատեղ պատրաստվում ենք Հունգարիայի նոր սահմանադրական կարգի հիմքերը դնել», - հավելել են իշխանականները։

Նախագահ Շույոկը նախորդ ամիս պաշտոնանկ արվեց՝ իր իսկ ստորագրությամբ

Ընտրարշավի ժամանակ և դրանից հետո Մադյարը խոստացել է վերականգնել ժողովրդավարական չափանիշները և Օրբանի կուսակցության կողմից նշանակված կամ ընտրված առանցքային պաշտոնյաներին կոչ արել հրաժարական տալ։

Նախկին նախագահ Թամաս Շույոկին պաշտոնանկ անելը վարչապետի գլխավոր նպատակներից էր։ Մադյարը նախագահին Օրբանի «խամաճիկ» էր անվանել։ Շույոկն ինքը նախորդ ամիս ստորագրեց Մադյարի կուսակցության ընդունած սահմանադրական փոփոխությունը, որով վերջ դրվեց իր իսկ նախագահությանը։

Փոփոխության համաձայն՝ նոր նախագահը պաշտոնավարելու է մինչև նոր սահմանադրության ուժի մեջ մտնելը կամ առավելագույնը հինգ տարի ժամկետով։

Բական, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր է, Օրբանի կառավարության կողմից 2011-ին հեռացվեց Գերագույն դատարանի նախագահի պաշտոնից՝ պաշտոնավարման ավարտից երեք տարի շուտ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014-ին վճռել էր, որ Հունգարիան Բակային պաշտոնից ազատել է կառավարությանը քննադատելու համար՝ համարելով, որ նրա պաշտոնանկությամբ վնաս է հասցվել Հունգարիայում ժողովրդավարական ազատություններին։ Օրբանի կառավարությունը մերժել էր այդ մեղադրանքները։

Հունգարիայի գործող սահմանադրության համաձայն՝ նախագահը սահմանափակ լիազորություններ ունի: Նա կարող է վետո կիրառել օրենսդրության վրա կամ այն վերանայման ուղարկելու որոշում կայացնել։

Ընդդիմադիր «Ֆիդես» կուսակցությունից հայտարարել են, որ չեն մասնակցի նախագահի ընտրության գործընթացին՝ «Տիսա»-ին ավտորիտար քաղաքականության մեջ մեղադրելով, ինչը «Տիսա»-ն հերքում է:

Հուլիսի 21-ին հայտնի էր դարձել, որ շախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարը մերժել է նախագահի պաշտոնը զբաղեցնելու՝ վարչապետ Մադյարի առաջարկը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հունգարիայում վարչապետն այլևս չի կարողանա երկու ժամկետից ավելի պաշտոնավարելՀունգարիայի խորհրդարանն ընդունեց ՄՔԴ անդամակցությունը պահպանելու օրենքըՓաշինյանը շնորհավորել է Մադյարին՝ պաշտոնը ստանձնելու առթիվՄադյարը կոչ է արել նախագահ Թամաս Շույոկին հրաժարական տալ