Հունգարիայի իշխող «Տիսա» կուսակցությունը միաձայն հավանություն է տվել շախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարի թեկնածությանը երկրի նախագահի պաշտոնում։ Ակնկալվում է, որ վերջնական որոշումն այս հարցով կկայացվի առաջիկա օրերին։
Վարչապետ Պետեր Մադյարը երեկ էր հայտարարել, որ պատրաստվում է խնդրել գրոսմայստեր, Գինեսի ռեկորդակիր Յուդիթ Պոլգարին՝ ժամանակավորապես ստանձնել Հունգարիայի հաջորդ նախագահի պաշտոնը, մինչև երկրում նոր սահմանադրություն կընդունվի։ Այս պաշտոնը հիմնականում արարողակարգային բնույթ ունի և թափուր է անցած շաբաթ խորհրդարանում ընդունված փոփոխություններից հետո, որոնցով նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի մերձավորը համարվող նախագահ Թամաշ Սուլյոկը պաշտոնանկ արվեց։
«Մեր երկրին անհրաժեշտ է միասնություն, խաղաղություն և նախագահ, որով բոլոր հունգարացիները կարող են հպարտանալ», - կիրակի երեկոյան Ֆեյսբուքում գրել է Մադյարը՝ հավելելով, որ այսօր կհանդիպի Պոլգարին՝ նրա համաձայնությունը ստանալու։
Պոլգարը, որն այս շաբաթ դառնում է 50 տարեկան, 25 տարի շարունակ եղել է ամենաբարձր վարկանիշ ունեցող կին շախմատիստը՝ մինչև 2014 թվականին թոշակի անցնելը։ Նա նշանակալի հաղթանակներ է արձանագրել մի քանի աշխարհի չեմպիոնների, այդ թվում՝ Գարի Կասպարովի դեմ։ Մինչ այս պահը Պոլգարը հրապարակավ չի մեկնաբանել նախագահ դառնալու առաջարկը։