Հորմուզով նավերի տարանցումն էապես պակասել է

Տեսարան Հորմուզի նեղուցից, արխիվ

Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տարանցումը էապես նվազել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող լարվածության ֆոնին: Սեպտեմբերի 19-20-ը նեղուցով անցել է ընդամենը 12 նավ՝ մոտ երեք անգամ պակաս, քան սեպտեմբերի 12-13-ը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին:

Գործակալությունը հայտնում է, որ մեկ շաբաթ առաջ, նեղուցով անցել էր 35 նավ։ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմից առաջ Հորմուզի նեղուցով անցնում էր օրական մոտ 125 նավ՝ փոխադրելով աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երեկ հայտարարել է, որ Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև Թեհրանի պայմանները չկատարվեն և երկրի «օրինական իրավունքները» չճանաչվեն։

«Մեր ուղերձները և մեր պայմանների պարզաբանումները հստակորեն փոխանցվել են մյուս կողմին միջնորդների միջոցով», - ասել էր Իրանի գլխավոր բանագնացը:

«Մինչև պայմանները չբավարարվեն... և ԱՄՆ-ն չկատարի իր պարտավորությունները, անհնար կլինի վերադառնալ բանակցություններից առաջ ստեղծված իրավիճակին և բաց նեղուցին», - ըստ պետական հեռուստատեսության՝ ասել է նա։

Պատերազմի առաջին օրը Իրանը հայտարարեց նեղուցով առևտուրը դադարեցնելու մասին «մինչև հետագա ծանուցում», ավելի ուշ Թեհրանը պարզաբանեց, որ սահմանափակումները վերաբերում են «Իրանի թշնամիներին»։

Պատերազմի ընթացքում Թեհրանը նաև ստեղծեց Պարսից ծոցի նեղուցի վարչություն, որը համակարգում է նեղուցով առևտրային նավերի անցումը: Այս մարմինը վերջերս հրապարակել է 77 նավի նոր ցուցակ՝ պնդելով, որ դրանք խախտում են նեղուցով անցնելու՝ Իրանի սահմանած կարգը:

Իրանը հայտարարում է, որ իրենք են վերահսկում Հորմուզի նեղուցը և առևտրային նավերին ուղեկցում Հորմուզում: ԱՄՆ ռազմածովային ուժերն իրենց հերթին շրջափակում են սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ և պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը:

Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն շաբաթներ անց ԱՄՆ-ն վերսկսեց լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով համաձայնագրերը խախտելու մեջ, այդ թվում՝ նավագնացության վերաբերյալ։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտնել է, որ ամերիկյան MQ-1 անօդաչու է խոցել ՀորմուզումՀորմուզի հարցով Օմանում այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել էՀորմուզում արկը իրանական նավի է հարվածել, 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ը սահմանափակել է իր պաշտպանությամբ Հորմուզով անցնելու ժամանակը