Մատչելիության հղումներ

Իրանը հայտնել է, որ ամերիկյան MQ-1 անօդաչու է խոցել Հորմուզում

MQ-1 Predator անօդաչու, արխիվ
MQ-1 Predator անօդաչու, արխիվ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի երկնքում ամերիկյան MQ-1 Predator անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Հայտարարությունում, որը տարածել են իրանական լրատվական գործակալությունները, ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ-ն MQ-1 անօդաչու թռչող սարքերը հանել էր շահագործումից, սակայն ստիպված է եղել վերսկսել դրանց կիրառումը այն բանից հետո, երբ Իրանի հետ պատերազմի ընթացքում կորցրեց իր ավելի առաջադեմ MQ-9 անօդաչուներից շատերը։ ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ իր ուժերն ակտիվորեն թիրախավորում են երկու տեսակի անօդաչուները:

Ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը հիմնականում նախատեսված է հետախուզության տվյալներ հավաքելու և հսկողության համար, սակայն այն կարող է նաև կրել զենքեր (օրինակ՝ Hellfire հրթիռներ)՝ արագ արձագանք պահանջող թիրախների ճշգրիտ հարվածներ հասցնելու համար:

ԻՀՊԿ խոսնակ Հոսեյն Մոհեբբին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում Իրանի պաշտպանական և հակահարձակողական գործողություններում կլինեն «նշանակալի փոփոխություններ»։

«Այս փոփոխությունները ներառում են պատերազմի աշխարհագրության փոփոխություն, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի փոփոխություններ, - ասել է նա տեղական լրատվամիջոցներին,- Մենք մարտադաշտ կբերենք նոր զենքեր՝ նոր հնարավորություններով, և աշխարհը կզարմանա»։

«Մեր նպատակները այլևս պարտադիր չէ, որ նույնը լինեն, ինչ մեր նախորդ նպատակները։ Մենք ունենք նոր նպատակներ, որոնք դեռևս չեն իրականացվել»,- հավելել է նա:

ԱՄՆ-ն և Իրանը հունիսին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, սակայն շաբաթներ անց կողմերը խախտեցին հրադադարը, ինչից հետո պարբերաբար հարվածներ են հասցնում միմյանց թիրախներին:

ԱՄՆ ռազմածովային ուժերն իրենց հերթին շրջափակում են սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ և պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում աշխարհում սպառվող նավթի և գազի մոտ 20 տոկոսը: ԱՄՆ-ն նաև պնդում է, որ իր ռազմածովային ուժերի ուղեկցությամբ նավերն անցնում են Հորմուզը:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG