Հատիսի վրա Հիսուսի արձան ու Նոյան Տապան՝ 20 միլիոն զբոսաշրջիկներով, Աջափնյակի կայարան ու շրջանաձև մետրո, արդյունաբերական ու ակադեմիական քաղաքներ և տիեզերական միանգամից 3 արբանյակներ:
Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում շուրջ 2.5 միլիոն ընտրողների ձայները ստանալու պայքարում քաղաքական ուժերը մրցում են ոչ միայն թոշակների բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման խոստումներով, այլև մեգանախագծերով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՔՊ-ն դարձյալ խմբագրում է մետրոյի «Աջափնյակի» կայարանի վերաբերյալ խոստումըԻշխող ՔՊ-ն ընտրողների քվեն 3-րդ անգամ ստանալու դեպքում կրկին խոստանում է սկսել Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը: Մի խոստում, որ Փաշինյանը տվել էր նաև 4 տարի առաջ. «2024 թվականին պետք է սկսենք շինարարությունն «Աջափնյակ» կայարանի»,- հայտարարել էր Փաշինյանը:
Աջափնյակի մետրոյի կառուցումը այդպես էլ չսկսվեց և այն մնաց իբրև չկատարված խոստում՝ տեղ գտնելով ՔՊ նախընտրական նոր ծրագրում: Այս անգամ իշխող ուժը խոստանում է այն իրականություն դարձնել 2033-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Պետք է տեղի ունենա հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների աուդիտ». ԲՀԿ նախընտրական ծրագիրը պատրաստ էՓաշինյանի մրցակիցներից Գագիկ Ծառուկյանը նախօրեին հեգնում էր ՔՊ-ին՝ նշելով, որ ուրիշ երկրներում 8 տարում 8 քաղաք են սարքում, իսկ այսօրվա իշխանությունը 8 տարի միայն խոսում է մետրոյի կայարանի կառուցման մասին. «Մեր մոտ 8 տարվա մեջ մի հատ մետրոյի կայարան չի կառուցվել»,- ասում է Ծառուկյանը:
Ի դեպ, Փաշինյանն առաջիկա ընտրություններում խոստանում է ոչ միայն Աջափնյակի, այլև ակադեմիական քաղաքի մետրոյի կայարանի կառուցում, այսինքն՝ մեկի փոխարեն երկուսը, ինչը, ըստ վարչապետի, հնարավորություն կտա ունենալ շրջանաձև մետրո: Փաշինյանի խոսքով.- «Հաջորդիվ կայարան կունենանք ակադեմիական քաղաքում, կլինի միացում Չարբախ կայարանին և կստացվի՝ մեր մետրոն շրջանաձև պտույտ անելու հնարավորություն ունի»:
Մինչ Փաշինյանը խոսում է մետրոյի նոր կայարանների մասին, Ծառուկյանը հաջորդ տարի խոստանում է ավարտին հասցնել իր գլխավոր նախագիծը՝ Հատիսի գագաթին Հիսուսի արձանի կառուցումը:
Ընդ որում, եթե Փաշինյանի ծրագրով 2031-ին նախատեսվում է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ ներգրավել, ապա Ծառուկյանը միայն Հիսուսի արձանի կառուցմամբ խոստանում է զբոսաշրջիկների թիվը հասցնել 20 միլիոնի. «Այսօր նենց ծրագիր եմ արել, որ 20-30 միլիոն մարդ կգա: Այդ ծրագիրը ոչ թե միայն մեր տարածքին է օգուտ, այլ ամբողջ Հայաստանին»,- նշում էր ԲՀԿ առաջնորդը:
Եթե Ծառուկյանը խոստանում է 20 միլիոն զբոսաշրջիկ բերել, ապա Փաշինյանն էլ խոսում է մինչև 2033 թվականը «Զվարթնոց»-ի 2-րդ տերմինալը կառուցել, քանի որ ինչպես նկարագրեց՝ «Զվարթոնց»-ում արդեն լուրջ խցանումներ են առաջանում. «Համարյա էնպիսի խցանումներ են, ինչպես Երևանում պիկ ժամերին»,- նկատում է վարչապետը:
Փաշինյանը խոստանում է նաև Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի մեկնարկ: Ընդ որում, ՔՊ նախընտրական ծրագրում նշվում է, որ մինչև 2027 թվականի ավարտը պետք է իրականացվի նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրություն: Սա այն դեպքում, երբ նույն Փաշինյանն այս տարվա մարտին Միջուկային էներգիայի փարիզյան գագաթնաժողովում հայտարարում էր, որ «Հայաստանը արդեն որոշում է կայացրել ի օգուտ փոքր մոդուլային ռեակտորների»։
«Այսինքն՝ 27 թվի ավարտին մենք, ըստ էության, վերջնական որոշում պետք է ունենանք, առնվազն մտադրություների հուշագիր ունենանք ստորագրած, թե ում հետ ինչ ատոմակայան ենք կառուցում»,- հայտարարել էր վաչապետը:
Ատոմակայանի կառուցման մեգանախագիծ ունի նաև Գագիկ Ծառուկյանը, որի համոզմամբ՝ այն կարժենա շուրջ 5-6 միլիարդ դոլար: Սակայն Ծառուկյանի թիմը պնդում է՝ ատոմակայանի կառուցումը պետք է սկսկել հենց հիմա, քանի որ հետո ուշ կլինի, հաշվի առնելով, որ էներգաբլոկի կառուցումը առնվազն 10 տարի է տևում, իսկ ներկայիս Ատոմակայանի շահագործումը ավարտվում է 2036-ին: ԲՀԿ-ում հարց են բարձրացնում՝ արդյո՞ք Փաշինյանի կառավարությունը միտումնավոր է ձգձգում Ատոմակայանի կառուցումը:
Ընտրություններից մեկ ամիս առաջ ընտրական գործընթացի գլխավոր դերակատարները նաև մրցում են աշխատատեղի և թոշակների հարցում իրենց խոստումներով:
Ով ավելի շատ աշխատատեղ կստեղծի
Եթե Հայաստանն 8 տարի ղեկավարած վարչապետ Փաշինյանը խոստանում է իր վերընտրության դեպքում տարեկան առնվազն 25 հազար, այսինքն՝ առաջիկա 5 տարում 125 հազար նոր աշխատատեղ ստեղծել, ապա նրա գլխավոր մրցակիցներից միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը գրեթե եռապատկում է այդ խոստումը՝ 5 տարում 300 հազար աշխատատեղ:
Ընդ որում, իր այս խոստումը տնային կալանքում գտնվող Կարապետյանը հակադրում է 300 հազար ադրբեջանցիներով Հայաստանը վերաբնակեցնելու Ադրբեջանից շարունակ հնչող պահանջի հետ:
«Սյունիքը կորցնելու վտանգ եմ տեսնում, Սևանի Գյոլչա դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրքացման վտանգն եմ տեսնում: Բայց մի անհանգստացեք, մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300 հազար աշխատատեղ հայերի համար»,- ասում է Սամվել Կարապետյանը:
Փաշինյանը, մինչդեռ, աշխատատեղերի ստեղծման մասին խոսելիս հակադարձում է՝ անցած 8 տարիների ընթացքում իրեն հաջողվել է արդեն շուրջ 300 հազար աշխատատեղ ստեղծել և առաջիկայում էլ այդ ուղղությամբ քայլեր են արվելու՝ մասնավորապես արդյունաբերական քաղաքի կառուցման և TRIPP նախագծի շրջանակում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«ԴՈԳԸ», Քենիայի «նախկին փոխոստիկանապետը», Երևանի նախկին քաղաքապետն ու նախկին օմբուդսմենը. ովքե՞ր են ընտրություններին մասնակցող 19 ուժերը«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, մինչդեռ, հիշեցնում է 1998-ից 2008 թվականները, իր պաշտոնավարման 10 տարիները, երբ տարեկան 35-ից 40 հազար աշխատատեղ էր ստեղծում: Երկրորդ նախագահը պնդում է՝ նույնը կարող է անել նաև այսօր:
«Ես այն մարդն եմ, որը միշտ կարողացել է խոշոր ներդրողներ հրավիրել Հայաստան»,- հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը:
Թոշակների բարձրացման մրցավազք
Քաղաքական ուժերը նաև մրցավազքի մեջ են մտել շուրջ 500 հազար թոշակառուների սիրտը շահելու կամ ավելի կոնկրետ՝ ձայները ստանալու հարցում:
Կենսաթոշակը վերջերս անսպասելիորեն 10 հազար դրամով բարձրացրած Փաշինյանը խոստանում է, որ իր վերընտրության դեպքում միջին փաստացի կենսաթոշակը ցածր չի լինի նվազագույն սպառողական զամբյուղից։
Ներկայումս, սակայն, միջին կենսաթոշակը 59 հազար դրամ է, մինչդեռ, նվազագույն սպառողական զամբյուղը 68 հազար դրամ է:
Ի՞նչն էր խանգարում Փաշինյանին անցած 8 տարիներին իրականություն դարձնել այս խոստումը և ոչ թե բավարարվել թոշակները ընտրություններից մի քանի ամիս առաջ 10 հազար դրամ բարձրացումով:
Փաշինյանի այս քայլը սուր քննադատության արժանացավ ընդդիմախոսների կողմից, ովքեր պնդում են, որ իշխանությունը ընդամենը փորձել է նախընտրական շրջանում կաշառել կես միլիոն թոշակառու ընտրողներին:
«Մինչ այդ ասում էր՝ թոշակառուն 10 հազար դրամն ի՞նչ է անելու»,- Փաշինյանի հայտարարությունն է հիշեցնում Քոչարյանը:
Վարչապետի պաշտոնին ձգտող «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին խոստանում է թոշակների կտրուկ, մասնավորապես՝ նվազագույն կենսաթոշակի 50 տոկոսի բարձրացում, այսինքն՝ ներկայիս 46 հազարից դարձնել 69 հազար դրամ:
Երկրորդ նախագահի թիմը նաև խոստանում է թոշակների ինդեքսավորում, որպեսզի գնաճով պայմանավորված բարձրանա նաև թոշակառուի կենսաթոշակը:
«Միջին կենսաթոշակը իմ նախագահության օրոք աճել է 6 անգամ՝ 6-ապատիկ: Հետ քայլ չի լինելու, ավելի մեծ ավելացում է լինելու»,- խոստանում է Քոչարյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ֆանտազիայի ժանրից է». կենսաթոշակն ու Լառնակայի տոմսըՄինչդեռ, Փաշինյանը, հորդորում է թոշակառուներին՝ հակառակ չուզողների, 3-5 եվրոյով տոմս գնել ու առողջապահական ապահովագրության շնորհիվ դեղերի վրա տնտեսած գումարներով թռչել ուղիղ Լառնկա. «Չուզողներին ի հակառակ՝ կոչ եմ անում, որպեսզի մեր թոշակառուները էդ դեղերի գումարները մի կողմ դնեն և առաջիկա ամռան ընթացքում օգտվեն առիթից կամ գուցե սեպտեմբերին, երբ սեզոնը ակտիվ չի, սկսեն ճամփորդել»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Գույքահարկի «չեղարկման» խոստում ընդդմիության կողմից
Ուշագրավ է, որ 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու Ադրբեջանի խոսույթը նախընտրական այս շրջանում ակտիվորեն օգտագործում է ոչ միայն միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը, այլև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այս դեպքում՝ ոչ թե աշխատատեղերի, այլ իշխանության կողմից գույքահարկը մի քանի անգամ բարձրացնելու համատեքստում:
Փաշինյանի իշխանությունը դեռևս 2020-ին Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարեց, համաձայն որոնց՝ քաղաքացիները 2026 թվականից սկսած արդեն 100 տոկոսով բարձրացված գույքահարկ են վճարում, ինչը մարդկանց շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է ստեղծել և, բնականաբար, դարձել նաև նախընտրական բանավեճի առարկա:
Ծառուկյանը նկատում է.- «Ու էսօր գույքահարկերը ավելացել են, այսինքն՝ մարդուն առաջարկում են՝ քո տունը ծախի, գնա, ադրբեջանցիները 300 հազար պիտի գան գնեն, մնան»:
Այս թեման նաև վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի օրակարգում է, ում առաջնորդած «Հայաստան» դաշինքը խոստանում է չեղարկել գույքահարկի բարձրացումը: Քոչարյանն ինքը Փաշինյանի այս որոշումն անմարդկային է որակում: Նրա խոսքով.- «Լավ, դուք մարդկային որևէ բան չունե՞ք: Դու հարկը բարձրացնում ես և ասում ես՝ գնա, ուրիշ տեղ ապրի...ո՞նց, մարդը հո խանութի ապրանք չի, որ մի պոլկայից վերցնես, տանես մեկ ուրիշ պոլկա դնես»:
Քոչարյանի պաշտոնավարման օրոք Երևանի կենտրոնում բազմաթիվ քաղաքացիներ զրկվեցին իրենց գույքից, հանրային գերակա շահ ճանաչված տները քանդվեցին, որոնց տեղում այսօր Հյուսիսային պողոտան է: