ՀԷՑ-ի գնահատումն իրականացնելու է տեղական ընկերություն. նախարար

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուկայական արժեքը տեղական ընկերություն է գնահատելու, «Ազատությանը» հայտնել է Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նրա խոսքով՝ օտարվող արժեթղթերի գինը պետք է որոշի անկախ գնահատողը, որին ներգրավելու է պետությունը։ Իսկ այդ հարցով կոնկրետ քայլեր կա՞ն, նախարարի պատասխանը բացասական է:

«Այս պահին կոնկրետ քայլեր չեն իրականացվում, քանի դեռ անհրաժեշտ կարգավորումները և գնահատման իրականացման համար պահանջվող պայմանները վերջնականապես չեն ապահովվել», - ասաց Խուդաթյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը e-draft հարթակում հրապարակել է միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծը։ Փոխհատուցման չափի մասին, սակայն, փաստաթղթում խոսք չկա: Միայն նշված է, որ գերակա շահ ճանաչելու որոշումը հաջորդել է սեփականատերերի կողմից կառավարության ներկայացրած գնառաջարկը մերժելու փաստին:

Գործադիրը դեռ վաճառքի փուլում էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել էր 23.5 միլիարդ դրամ՝ պայմանով, որ Կարապետյանն ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ շուրջ 23 միլիարդ դրամ: Գործարքը չէր կայացել։

Իսկ հանրային գերակա շահ ճանաչելուց հետո տրվող փոխհատուցման չափը որոշող ընկերության ընտրության հարցում արդյոք հաշվի՞ է առնվելու սեփականատերերի դիրքորոշումը. «Ազատության» հարցին ի պատասխան՝ Դավիթ Խուդաթյանն ասաց․ «Արժեթղթի սեփականատերը նույնպես կարող է իր կողմից ընտրված անկախ գնահատողի միջոցով որոշել արժեթղթի արժեքը և այդ գնահատման արդյունքը ներկայացնել ձեռքբերողին։ Եթե արժեթղթի արժեքը գնահատել են և՛ ձեռքբերողը, և՛ սեփականատերը, ապա վերջնական արժեքը որոշվում է երկու գնահատումների միջինով։ Եթե առկա է մեկից ավելի գնահատում, ապա հիմք է ընդունվում բոլոր գնահատումներով ստացված արժեքների միջինը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ո՞ւմ է հանձնվելու ՀԷՑ-ի կառավարումը. նախարարը գործընթացից մանրամասներ է ներկայացրել

Թե ինչպիսի՞ն է ՀԷՑ-ի սեփականատերերի դիրքորոշումը և արդյոք նրանք պատրաստվո՞ւմ են առանձին գնահատում իրականացնել, հենց սեփականատերերից ճշտել չհաջողվեց: Ընկերության նախկին տնօրեն, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հարցին ավելի ուշ կարձագանքի:

Թեև ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու վերջնաժամկետը հաջորդ տարվա հոկտեմբերն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ պետականացումից հետո այն հանձնելու են հավատարմագրային կառավարման:

«ՀԷՑ-ի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք. դա լինելու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման», - մոտ մեկ ամիս առաջ նշել է վարչապետը:

Անփոփո՞խ է արդյոք կառավարության դիրքորոշումը, և այս ընթացքում քննարկումներ եղե՞լ են կոնկրետ ընկերությունների հետ, «Ազատության» այս հարցին նախարար Դավիթ Խուդաթյանը կարճ արձագանքեց․ «Դիրքորոշումը կլինի Հայաստանի կառավարության համապատասխան իրավական ակտի ընդունումից հետո»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հրապարակվել է ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծըՀԷՑ-ը կդառնա պետական սեփականություն և կհանձնվի հավատարմագրային կառավարման. Փաշինյան14 րոպեանոց լսումներ՝ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելուն ընդառաջ