«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դառնալու է պետական սեփականություն և կհանձնվի հավատարմագրային կառավարման։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, սակայն, չմանրամասնեց, թե ում կամ որ կառույցի հավատարմագրային կառավարմանը կհանձնվի ՀԷՑ-ը։
ՀԷՑ-ի պետականացման գործընթացը մեկնարկել էր դեռ անցած տարի, երբ կառավարությունը որոշեց դադարեցնել ընկերության լիցենզիայի գործողությունը և նշանակեց ժամանակավոր կառավարիչ։
ՀԷՑ-ի պետականացման գործընթացի շրջանակում հուլիսի վերջին կառավարությունը 14 րոպե տևած հանրային լսումներ էր անցկացրել՝ ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու հարցով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պնդել էր, որ ռազմավարական նշանակության բաշխիչ ցանցերի պետականացումն անհրաժեշտ է հանրային շահի պաշտպանության համար, իսկ ընկերության նախկին ղեկավարությունը հայտարարել էր, որ շարունակելու է վիճարկել այդ գործընթացը։