Միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացումն ավարտելուց հետո կառավարությունը մտադիր է այն հանձնել հավատարմագրային կառավարման։ Որոշման մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չմանրամասնեց՝ տեղակա՞ն, թե՞ միջազգային օպերատորի են պատրաստվում հանձնել ռազմավարական նշանակության այս օբյեկտը:
«ՀԷՑ-ի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք. դա լինելու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման», - նշեց վարչապետը:
Անցած տարի Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի շուրջ իրադարձությունների զարգացման երկու սցենար էր նշում․ կա՛մ ամբողջությամբ թողնել պետական, կա՛մ բաժնեմասը փոխանցել միջազգային հեղինակավոր կառավարչի։ Փաստացի գործադիրն ընտրել է երկրորդ տարբերակը:
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն «Ազատության» հետ զրույցում հստակեցրեց՝ ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո պետությունն այնտեղ անպայման կունենա իր բաժնեմասը, նաև կառավարման խորհրդում ներկայացուցիչ:
«Երբ գույքն օտարվի կամ գույքը ՀԷՑ-ի դեպքում հանձնվի հավատարմագրային կառավարման, պետությունը հետաքրքրված է գտնել այն ձևը, և վստահաբար մենք գտել ենք արդեն այդ ձևը ինչպես ԶՊՄԿ-ի պարագայում, ինչպես այլ կազմակերպությունների պարագայում պետության ներկայությունը, այդ թվում՝ պետության ներկայացուցչի ներկայությունը կառավարման խորհրդում ապահովելու, հետևաբար ապահովելու նաև թափանցիկությունը կառավարման պրոցեսում», - ասաց Խուդաթյանը:
ՀԷՑ-ը հավատարմագրային կառավարման հանձնելու համար, սակայն, նախ պետք է ամբողջությամբ ավարտվի պետականացման գործընթացը։ Դրանից հետո միայն կառավարությունը մրցույթ կհայտարարի և կընտրի այն օպերատորին, որը ոչ միայն կառավարման փորձառություն ունի, այլև պատրաստ է ստանձնել ընկերության ներդրումային պարտավորությունները։ Հաղթող ընկերության հետ պայմանագրի կնքումից հետո պարզ կդառնա, թե ինչ համամասնությամբ են բաշխվելու պետության և նոր կառավարչի բաժնեմասերը: Կա՞ն արդյոք ընկերություններ, որոնք պատրաստ են ստանձնել ՀԷՑ-ի կառավարումը․ նախարար Խուդաթյանը դեռ փակագծեր չի բացում:
«Կարիք կա պրոֆեսիոնալ կառավարչի ներգրավել այս մասով, միջազգային փորձ ունեցող օպերատորի: Վարչապետի այսօրվա հայտարարությունն այդ տրամաբանության մեջ էր: Այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող, որովհետև այլ մանրամասների շուրջ քննարկում էլ մեծ հաշվով կոնկրետ դետալային չի եղել, երբ լինի, այդ ժամանակ կառավարությունը հանդես կգա հայտարարությամբ», - նշեց նա:
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը վերցնելու մասին վարչապետը հայտարարեց անցած տարվա հունիսին։ Փաշինյանի այդ հայտարարությունից ժամեր առաջ Կարապետյանը հայտնել էր Հայ Առաքելական եկեղեցին իշխանությունների «հարձակումներից պաշտպանելու» պատրաստակամության մասին։ Գործարարի շրջապատը պնդում է՝ ՀԷՑ-ի շուրջ գործընթացը հենց սրանից սկսվեց։ Սեփականատերերի դիմումներն ինչպես ներհայաստանյան, այնպես էլ միջազգային ատյաններում, սակայն, դեռ քննվում են, և վերջնական որոշումներ չկան:
Ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը կարծում է՝ այս իրավիճակում որևէ ընկերություն չի համաձայնի ստանձնել կառավարումը:
«Այդտեղ շատ լուրջ խնդիր է առաջանալու այս ընթացքում տրված վնասների փոխհատուցման վերաբերյալ, մենք ի սկզբանե չվստահելով համապատասխան սուբյեկտին, ինչպես նաև իր թիմի կառավարմանը. ասում էինք՝ մի արեք, որովհետև վնաս եք տալու, հետո խնդիր է առաջանալու, եթե իհարկե այդ միջազգային կազմակերպությունը չունի այլ նպատակ: Օրինակ՝ մեզ ոչ բարեկամ երկրների կողմից ուղիղ կամ այլ երկրներում գրանցված, բայց ոչ բարեկամ երկրների հետ կապ ունեցող ինչ-որ ընկերություն, այսինքն՝ դա ձեռք բերել որպես ռազմավարական նշանակություն ունեցող ընկերություն», - ընդգծեց Ղազինյանը:
Ընդդիմադիր պատգամավորն ուղիղ ասաց՝ կասկածում են, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակության այդ օբյեկտը կարող է ուղիղ կամ անուղղակի հանձնվել Թուրքիային կամ Ադրբեջանին: Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը կտրուկ հերքեց նման սցենարը:
«Այդ պնդումը, կարծում եմ, այն նույն քաղաքական ուժի կողմից է, ովքեր 300 հազար ադրբեջանցիների վերադարձի կեղծ օրակարգ են բերել, հետևաբար՝ այդ ուժի գործողությունները շատ մեկնաբանելու կարիք էլ չկա», - ասաց Խուդաթյանը:
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը ձեռք բերեց 2015-ին՝ «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիաներից հետո, երբ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն որոշեց հեռանալ Հայաստանից։ «Տաշիր» խումբն այդ տարիներին ցանցերի վերազինումն իրականացրել է սեփական միջոցներով ու վարկերով․ պետությունն ուղղակի ներդրումներ չի արել։ Այժմ Կարապետյանի ընդդիմադիր ուժից արձանագրում են՝ եթե կառավարությունը նույն «Վեոլիա ջրում» չի անում անհրաժեշտ ներդրումները, ինչպե՞ս է հոգալու ՀԷՑ-ի հսկայական ծախսերը:
«Հիմա եթե հավատարմագրային կառավարման վերցնողը պետք է իր շահույթը դնի, իրենը չի, որ պարտադրես, ասես՝ ամբողջ շահույթը դիր, ներդրում արա, ենթադրում եմ, որ այդ ներդրումը պետք է անի պետությունը՝ «Վեոլիա ջրի» պես: «Վեոլիա ջրի» խնդիրներն ամողջությամբ, պետությունն ասում է՝ իրենք մեղավոր չեն, մենք ենք մեղավոր, ներդրումները պետք է կատարենք, ցանցն արդիականացնենք, որպեսզի անխափան ջրամատակարարում լինի: Հիմա հետաքրքիր է՝ այդ ներդրումները որտեղի՞ց են կատարելու: Մինչև այս պահը կիսատ-պռատ ինչ էլ կատարում են՝ Կարապետյանի գումարներով են կատարում», - նշեց Ղազինյանը:
Ոչ վարչապետը, ոչ էլ ոլորտի պատասխանատու նախարար Դավիթ Խուդաթյանն այս հարցերին այսօր չանդրադարձան։ Նախարարը միայն նշեց, որ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը գրեթե ավարտական փուլում է:
Հանրային գերակա շահ ճանաչելուց հետո գործադիրը պարտավոր է ՀԷՑ-ի սեփականատերերին փոխհատուցում տրամադրել: Ամենայն հավանականությամբ՝ կառաջարկեն այնքան, որքան առաջարկել էին ընկերությունը գնելու համար՝ մոտ 145 միլիոն դրամ: