Հայտնի են Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները

Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմեններ Յանա Լանտրատովան և Դմիտրի Լուբինեցը Օլեշկիում մարդասիրական առաքելության ժամանակ, 30-ը հոկտեմբերի, 2026թ.

Սպիտակ տանը Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը Ռուսաստանը ներկայացնելու են մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան և արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը Ուկրաինան ներկայացնելու են Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» իշխանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը:

Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմեններ Լանտրատովան և Լուբինեցը Սպիտակ տան հանդիպմանը մասնակցելու են, ամենայն հավանականությամբ, իբրև Օլեշկիում նախորդ շաբաթ իրականացված մարդասիրական առաքելության համակարգողներ: Դմիտրիևը ներկայացնում է Ռուսաստանը Ուկրաինայում խաղաղության հարցով ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող բանակցություններում, Արախամիան խաղաղ բանակցություններում ուկրաինական պատվիրակության մշտական անդամ է այս տարվա սկզբից:

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների առաջին տիկինը նոյեմբերի 5-ին հանդես կգա Օլեշկիի իրադարձությունների վերաբերյալ ելույթով, ինչպես նաև մտադիր է Սպիտակ տանը հանդիպել Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

Մելանյա Թրամփի հետ հանդիպումը նախորդում է պաշտոնական խաղաղ բանակցություններին, որոնց հերթական փուլը կկայանա Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը: Ռուսական պատվիրակությունն այդ բանակցություններում կգլխավորի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՕլեշկիից տարհանվել է 750-ից ավելի մարդՄելանյա Թրամփի ջանքերով Օլեշկիում հրադադար է հաստատվում