Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
ՊՆ-ն չի հայտնում, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգական դեպքը, արդյոք սա սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն: Քննչական կոմիտեն էլ դեռ քրեական վարույթի մասին տեղեկություն չի հայտնել:
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն», - ասված է ռազմական գերատեսչության հայտարարությունում:
Այս դեպքից առաջ այս տարվա 9 ամիսներին ծառայության հետ կապված հանգամանքներում արդեն 15 զինծառայող է մահացել:
Վերջին շրջանում զինծառայողների մահվան դեպքերի շուրջ քննադատությունների ֆոնին բանակում տեղի ունեցան պաշտոնանկություններ: Մասնավորապես՝ խաղաղ պայմաններում բանակում չդադարող մահերի ու խորացող խնդիրների շուրջ քննադատությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ օգոստոսին պատասխանատվության սլաքներն ուղղեց Ռազմական ոստիկանապետի և բարոյահոգեբանական վարչության ղեկավարի ուղղությամբ։ Ինչից հետո աշխատանքից ազատվեց Ռազմական ոստիկանապետի պաշտոնը շուրջ վեց տարի զբաղեցրած Աշոտ Զաքարյանը։ Նրան փոխարինեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Պաշտոնանկ արվեց նաև բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը։ Աշխատանքից ազատվեցին նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի երկու խորհրդականները՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին։ Քննադատները բարձրացնում են նաև պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի պատասխանատվության հարցը, վարչապետ Փաշինյանը, սակայն, պատասխանատուների շարքում նրանց չէր տեսել:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության թիվ մեկ պատասխանատուի՝ Սուրեն Պապիկյանն էլ հայտարարել է, թե նորություն է, որ բանակում սպանությունների, ինքնասպանությունների ու առհասարակ մահվան դեպքերի համար հատկապես իրեն են մեղադրում։
«Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պապիկյանը։
Փաշինյանը որոշմամբ՝ նաև կստեղծվի աշխատանքային խումբ, որը պետք է համակարգային լուծումներ մշակի բանակում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ:
Ըստ այդ որոշման` խմբում ընդգրկված կլինեն Պաշտպանության, Կրթության, Առողջապահության նախարարները, Զինված ուժերի շտաբի պետը, Ռազմական ոստիկանության պետը ու մի շարք այլ պաշտոնյաներ:
Զինծառայողների մահվան դեպքերի ֆոնին, նախարար Սուրեն Պապիկյանն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը անակնկալ ստուգայցեր են կատարում զորամասեր։