Հայկական երկաթուղու կոնցեսիայի դադարեցումը կարժենա առնվազն 104 մլրդ դրամ

Հայաստանի Քննչական կոմիտեն 2021-ի մարտի 25-ին կարճել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված՝ ներդրումների արդյունավետության ու հափշտակումների քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս ընկերության կառավարմանն են 30 տարով հանձնված Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները։ Քրեական գործից բացի, «Հարավկովկասյան երկաթուղու» 2008-2018 թթ. ներդրումների ծավալն էր ստուգել Ֆինանսների նախարարությունն ու ակտ կազմել, այժմ նախարարությունը հրաժարվում է տրամադրել ստուգման արդյունքները։ Սրան զուգահեռ՝ Կառավարության փաստաթղթերից մեկում նշվում է, որ երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու դեպքում Կառավարության պարտավորությունները առավելագույնը կարող են կազմել ավելի քան 273 մլն դոլար։

2018-ի դեկտեմբերին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ներդրումային գործընթացում չարաշահումներ կատարելու մասին»։ 2020-ի ապրիլին այս թեմային անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հույս հայտնելով, որ դատական գործընթացները, որ սկսվել են հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ, կկարգավորվեն, «առանց մեջտեղ բերելու ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակցային հարաբերություններին»։ Այս հայտարարությունից մեկ տարի անց Քննչական կոմիտեն կարճել է քրեական գործը, որի շրջանակում Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը ստուգումներ էր սկսել՝ ուսումնասիրելու 2008-2018-ի ընթացքում ներդրումների ծավալը, կոնցեսիոն ակտիվների և շարժակազմերի տնօրինման արդյունքում ստացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը։

Ստուգման արդյունքում ի՞նչ խախտումներ են գրանցվել. «Ազատության»- հարցմանը Ֆինանսների նախարարությունից պատասխանել են, որ նախարարի 5 հանձնարարագրերի հիման վրա 2019-ի մարտին կազմվել է ակտ։ Ստուգումներն իրականացրած ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության (նախկինում՝ տեսչության) գործունեությունը 2025-ին դադարեցվել է, իսկ ստուգման նյութերը հանձնվել են Ֆինանսների նախարարության արխիվ, պարզաբանել են Ֆինանսների նախարարությունից ու հրաժարվել արխիվից տրամադրել ստուգման ակտը՝ համարելով, որ դրանք կարող են պարունակել գաղտնի տեղեկատվություն՝ նախաքննական, բանկային, առևտրային բնույթի։

Հայաստանի երկաթգծի կառավարման արդյունավետության հարցը նորից քննարկման առարկա դարձավ 2025-ի օգոստոսի 8-ից հետո՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային ապաշրջափակման հարցի շրջանակում։ Հայաստանը դիմել էր Ռուսաստանին Երասխի ու Ախուրիկի հատվածներում երկաթգիծը վերականգնելու համար։ Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր՝ Ռուսաստանը կբանակցի Հայաստանի հետ՝ Երասխի ու Ախուրիկի հատվածներում երկաթգիծը վերականգնելու համար, սակայն դեռ հստակ չէ՝ ում ֆինանսական միջոցներով է այն կատարվելու և ինչ համամասնությամբ։

Դրան հաջորդեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր առաջարկը՝ որևէ բարեկամ երկրի կողմից ռուսական ընկերությունից կոնցեսիոն կառավարումը գնելու մասին: «Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը: Ես կարծում եմ՝ պետք է նայել, օրինակ, Ղազախստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քաթարը կամ որևէ այլ երկիր, որը հիմա մտքովս չանցավ, բայց երկրներ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ»,-ասել էր նա։

Այս զարգացումներին զուգահեռ, միջազգային մամուլում քննարկվում է «Ռուսական երկաթուղիներ»-ի («Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դրա դուստր ընկերությունն է) ֆինանսական կենսունակության հարցը։ Reuters-ը գրել էր, որ ընկերության պարտքը գերազանցել է 50 միլիարդ դոլարը, և «Ռուսական երկաթուղիներ»-ը կրճատել է 2026-ի ծախսային մասը 20 տոկոսով, չնայած «Ռուսական երկաթուղիներ»-ի ամենամեծ վարկատու ՎՏԲ բանկը ՌԴ Կենտրոնական բանկի հետ միասին համաձայնել է վերակառուցել ընկերության վարկային պարտքերը։

Ի՞նչ արժե երկաթուղու կոնցեսիայի դադարեցումը

Վերջին զարգացումներով պայմանավորված՝ քննարկման առարկա է դարձել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան դադարեցնելու հնարավորությունը։ Այն ենթադրում է, սակայն, խոշոր ֆինանսական փոխհատուցում, որը նշված է Կառավարության պաշտոնական փաստաթղթերից մեկում՝ 2025-ի հունիսին ընդունված ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու որոշման մեջ։ «Կոնցեսիոն պայմանագրի վաղաժամ դադարեցման մասով պայմանական պարտավորությունները հիմնականում չափելի են, և դրանց առավելագույն ազդեցությունը վատագույն սցենարի դեպքում գնահատվում է 103.6 մլրդ դրամ», - նշվում է փաստաթղթում, դոլարով արտահայտված այն կկազմի ավելի քան 273 մլն դոլար։ Հաշվարկն իրականացվել է կոնցեսիոն պայմանագիրը վաղաժամ դադարեցնելու փոխհատուցումների հիման վրա, այն չի ներառում ընկերության ունեցած վարկերը։

Վերջին տարիներին «Հարավկովկասյան երկաթուղի»-ն անկումային ցուցանիշներ է գրանցում. ըստ ընկերության 2024-ի հաշվետվության, իրենց հասույթը 2024-ին նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 3.3 միլիարդ դրամով կամ գրեթե 20 տոկոսով։ Ընդ որում, եկամուտները նվազել են և՛ բեռնափոխադրումներից, և՛ ուղևորափոխադրումներից, և՛ կոնցեսիոն ակտիվների բարելավումներից։ Ընկերության բեռնափոխադրումների ծավալը 2023-ին նվազել է 40 տոկոսով, իսկ 2024-ին՝ 31 տոկոսով։

«Հարավկովկասյան երկաթուղու» 2024-ի հաշվետվությունից պարզ է դառնում նաև, որ ուղևորափոխադրումներից երկաթուղիների եկամուտը 2024-ին կազմել է 1 միլիարդ 27 մլն դրամ, իսկ ծախսը՝ 4.5 մլրդ։ Ընկերությունն այս ուղղությամբ մոտ 3.5 միլիարդ դրամի վնաս է կրել միայն 2024-ին, ինչը հետո Հայաստանի կառավարությունը մասամբ փոխհատուցել է սուբսիդիայի տեսքով՝ համաձայն կոնցեսիոն պայմանագրի։ Սուբսիդավորման չափը գնալով աճել է, այժմ Կառավարությունը սուբսիդավորում է ընկերության կրած վնասների 30 տոկոսը։ 2022-ին Կառավարությունը ռուսական ընկեությանը տրամադրել է 427 մլն դրամի սուբսիդիա, 2023-ին՝ 332 միլիոնի, 2024-ին՝ 270 մլն դրամի։ Այսինքն՝ միայն վերջին երեք տարվա վնասների մասնակի փոխհատուցումը Կառավարության կողմից կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ՝ 2.7 մլն դոլար։

Վերջին 4 տարիների կտրվածքով նվազել են նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից բյուջե վճարված հարկերը՝ մոտ 55 տոկոսով։

Մկրտիչ Կարապետյան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի երկաթուղիների կառավարումը այլ երկրի փոխանցելու դեպքում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»․ ՇոյգուԶախարովա․ «Երկաթուղու մասին Երևանից հնչող հայտարարությունները տարօրինակ են»Երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը. ՓաշինյանՊապուաշվիլի․ «Աբխազական երկաթուղու բացման հարցը չի քննարկվում»Ռուսաստանը կբանակցի Հայաստանի հետ Երասխի ու Ախուրիկի հատվածներում երկաթուղին վերականգնելու համարՌԴ-ն ՀՀ-ի հետ բանակցություններ կսկսի հայկական երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջՌուսական կողմը «դիտարկում է Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումն Աբխազիայի տարածքով»Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական մթնոլորտում լուծել երկաթուղու հարցը. վարչապետՀայաստանը քննարկում է նաև Իջևանն Ադրբեջանի երկաթուղուն միացնելու հարցը. վարչապետ«Ռուսական երկաթուղիները», որ կառավարում է նաև հայկական երկաթգիծը, չի կարողանում պարտքերը մարել