Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ այսօր միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի հարևանությամբ, հնչել են փոխադարձ հայհոյանքներ:
Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճը սկսվում է այն բանից հետո, երբ խորհրդարանի նախագահը հրաժարվում է խոսել Մարգարյանի հետ.
«Բարև ձեզ, զրուցե՞նք»: - «Ես քո հետ զրուցելու ընդհանրապես չունեմ, դու դրան արժանի չես»: - «Իսկ քո հե՞տ, իսկ քո հե՞տ, որ հիմա սենց եք անում էս ժողովրդին, ինչի՞ն արժանի չեմ ... վախո՞ւմ ես, խոսա, ինձնից, անձամբ ինձնից ընենց ես վախում, արա, էլ ասելու չի: Արա, գիշերը դու չես քնելու կամ քնելու ես, բերդերում ես քնելու, արա»: - «Արան պապադ ա»: - «Արան դու ես ... ձեռնե՛րդ, ձեռնե՛րդ, ձեռնե՛րդ հլը, ձեռնե՛րդ հլը, ասում եմ: Թռի, արա, այ թռած: Արցախցին ա՞ թռած, թե՞ դուք, արա: Իյա, քֆուր ա տալի, արա»: - «Բա դո՞ւ ինչ ես անում»: - «Ե՞ս՝ վրադիր, տաս անգամ ավել կքրֆեմ, արա ... »:
Վիճաբանության ընթացքում հնչում են սեռական բնույթի փոխադարձ հայհոյանքներ: Լսվում է, թե ինչպես է հայհոյում նաև Ալեն Սիմոնյանը:
Քաղաքացու ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ հայհոյանքներից հետո Միքայել Մարգարյանը բերման է ենթարկվում.
«Փորձեցի զրուցել Ալեն Սիմոնյանի հետ՝ շատ բարյացակամ, կանգնել եմ, որպեսզի թիկնապահները չանհանգստանան, Ալեն Սիմոնյանը հրաժարվեց, կոպտեց՝ «արան հերդ ա» արտահայտությունով, ստացավ բազում այլ պատասխաններ, բազում, որի համար ինձ հիմա, չգիտեմ, հավանաբար բերման են ենթարկելու ... Բերման ե՞ք ուզում, ինչի՞ համար, ինչի՞ համար, ինչի՞ համար, ցավդ տանեմ, հա հասկացեք՝ հետո բերման ենթարկեք, արդեն ավտոն կանչում ես, որ բերման ենթարկեք ... Չէ, դու տանում ես՝ հետո իմանաս»:
Միջադեպից հետո Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Դեմիրճյան փողոցից երկու անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Թե ինչ հիմքով են քաղաքացիները բերման ենթարկվել, պարզ չէ: Ոստիկանությունն այս պահին հրաժարվում է այլ մեկնաբանություն տալ:
Սակայն անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բերման ենթարկվածներն են ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, ով «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է:
Ղուկասյանի փոխանցմամբ՝ անհետ կորած զինծառայողների հարազատները արդեն մի քանի օր է հավաքվում են խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով Ազգային ժողովից հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը, որն այդպես էլ հանրությանը չներկայացվեց և ուղարկվեց ԱԺ գաղտնի բաժին:
Այսօր էլ հավաքել էին՝ փորձելով պատգամավորներից տեղեկանալ, թե նրանք ինչ են մտածում իրենց պահանջի մասին:
«Միկան ասեց՝ «փախնում ես արա՞», Ալենին, էն էլ ասեց՝ «արան հերդ ա», ու ըտեից Միկան էլ իրան պատասխանեց, ու ընդուց հիմա ինչ եղավ, էտի արդեն ես տենց ... Ու ընդեղ էլ հետո ես Ալենին եմ կանգնեցնում, ասում եմ՝ «ի՞նչ էլավ, էս ի՞նչ խիպիշ սարքեցիք, էս ի՞նչ դառավ ստե», բա՝ «ընձի քֆուր ա տալի», ասում եմ՝ «ո՞նց, քֆուր ա տալի», ու ինքն էլ ընձի արդեն իմ էրեսին նայելով ասում ա՝ «ով որ ընձի քրֆում ա, ես էլ իրան», ինքն էլ ա քֆուր տալի` իմ ներկայությամբ արդեն, Ալենը իմ ներկայությամբ հայհոյում ա Միկային, ես էլ ասում եմ՝ «ով կարա իմ ընգերոջը քֆուր տա ու ատչյոտ չտա, ես էլ իրան», - պատմեց Ղազարյանը՝ միաժամանակ հերքելով, թե ինքն էլ է հայհոյել. - «Չէ, ես մեղմ շոյանքներ եմ հնչեցնում»:
Ի պատասխան «Ազատության» հարցի՝ Ղազարյանը շարունակեց. - «Ընդե Ալեն Սիմոնյանը աջուձախ սաղին էլ հայհոյում էր, մեր Արսեն Վարդանյանին էլ հայհոյեց, դրանից Արսենը իրան պատասխանեց»:
Միջադեպից ժամեր անց Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղի ունեցածը սադրանք որակեց:
«Դեմիրճյան փողոցի վրա այսօր մի սադրանքների շարանի միջով եմ անցել: Բայց մի բան պետք է ասեմ՝ ուրեմն, նախ շատ ցավալի է և շատ զզվելի է, որ այդ մարդկանց ցավը, իսկ էդ մարդկանց մեջ բազմաթիվ մարդիկ կան, որոնք որ շատ ծանր իրավիճակում են գտնվում, որ այդ մարդկանց ցավը որոշ քաղաքական միավորներ ու որոշ մարդիկ փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակներով, իրենց լայվերը, իրենց, չգիտեմ, քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար, և նման սադրանքների են դիմում, այսինքն՝ հենվելով էդ մարդկանց ցավի, էդ մարդկանց էմոցիայի վրա՝ փորձում են նման սադրանքներ իրականացնել: Ես ցավում եմ դրա համար և պետք է ասեմ, որ չի անցնելու էդ սադրանքները», - - հայտարարեց խորհրդարանի խոսնակը՝ շարունակելով. - «Այո, դժվար է, ինձ էլ է դժվար՝ էմոցիոնալ առումով, մարդկային առումով, նման իրավիճակներում հայտնվելը, և հույս ունեմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով հիմա լսում է, մոտավորապես, նայելով տեսանյութերը, կարող է պատկերացնել այդ իրավիճակը, որը որ ես ձեզ նկարագրեցի»:
Ընդունեց, որ իր հասցեին հնչած հայհոյանքին պատասխանել է, բայց ներողություն չխնդրեց իր հայհոյանքի համար:
«Երբ որ արդեն սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին և անընդհատ մոտիկ գալ և սադրել, որից հետո նա սեռական հայհոյանքներ հնչեցրեց ինձ, իմ հասցեին, և դա տեսանյութում երևում է, ես իրեն պատասխանեցի և փորձեցի հեռանալ», - նշեց Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը տարիներ առաջ մեկ այլ աղմկահարույց միջադեպի մեջ էր հայտնվել, երբ թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու դեմքին, ինչից հետո ներողություն էր խնդրել, սակայն որևէ պատասխանատվության չենթարկվեց: