ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կարող են քննարկել Հայաստանի անդամակցության հարցը նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը: Պաշտոնյայի խոսքով՝ այդ առաջարկը կարող է ներկայացնել նախագահող երկիրը [Ռուսաստանը] կամ կազմակերպության անդամ մեկ այլ պետություն։
Մասդիկովը պարզաբանել է, որ, ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն, երկիրը ձայնի իրավունք չունի, եթե չի վճարում անդամավճարները և չի լրացնում քվոտավորված պաշտոնները։ Ընդ որում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, Հայաստանի ներկայացուցիչն ամեն շաբաթ մասնակցում է կազմակերպության մշտական խորհրդի նիստերին:
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը չի կատարում իր պարտավորությունները կազմակերպության բյուջեի նկատմամբ, Խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ ՀԱՊԿ շրջանակներում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկել Կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։ ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Ըստ Մասադիկովի՝ Հայաստանն ինքն արդեն փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից, միևնույն ժամանակ կազմակերպությունը շարունակում է փաստաթղթեր ուղարկել համաձայնեցման, սակայն Երևանը չի մասնակցում դրանց քննարկմանն ու որոշումների ընդունմանը, բայցև չի առարկում, որ մյուս անդամները որոշումներ կայացնեն առանց իր մասնակցության։
«Նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքին, մենք շարունակում ենք որոշումներ ընդունել։ Նրանք լսում են շաբաթական զեկույցները, բայց չեն մասնակցում մեր հիմնական միջոցառումներին։ Փաստորեն, իրենք արդեն դե ֆակտո դուրս են եկել ՀԱՊԿ-ից», - ասել է Մասադիկովը։
Ռազմական այս դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունները արդեն տարիներ շարունակ հարթ չեն, Երևանը բոյկոտում է կազմակերպության նիստերը, չի մուծում անդամավճարը՝ դժգոհելով, որ դաշնակիցները չեն աջակցել Հայաստանի վրա 2021, 2022 թվականների ադրբեջանական հարձակումների ժամանակ: Միաժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու պաշտոնական դիմում չի ներկայացրել:
Դեռ հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը. - « Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, և եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք էդ որոշումն ընդունել ի գիտություն, ուրիշ բան անելու չունենք»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀԱՊԿ երկրները համաձայնել են քննարկել Հայաստանի նկատմամբ քայլերը. ԼավրովԵրևանի հարաբերությունները հարթ չեն նաև Ռուսաստանի մասնակցությամբ ևս մեկ դաշինքի՝ Եվրասիական տնտեսական միության հետ: Այս միության հրապարակած զեկույցի համաձայն՝ միության անդամ մյուս չորս երկրները կարող են քննարկել Հայաստանի անդամակցության կասեցումը։ Զեկույցի հեղինակները պնդում են, որ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտումները հակասում են ԵԱՏՄ կանոններին։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Փաշինյանը սակայն, հիշեցնում են, որ ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ անդամ երկրին ԵԱՏՄ-ից հեռացնելու կամ անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ իրենց հայտնի չէ։
Երեկ արձագանքելով Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի զեկույցին՝ վարչապետ Փաշինյանը պնդեց՝ սա ներքաղաքական անկայունություն հրահրելու հերթական փորձն է լինելու, որի նպատակն, ըստ նրա, Հայաստանին անկախությունից զրկելն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանում դեռ ծանոթանում են ԵԱՏՄ զեկույցին. ըստ ԱԳ նախարարի՝ անդամ երկրները չեն կարող Հայաստանին հանել միությունիցԵԱՏՄ զեկույցի հեղինակները բավականին մռայլ կանխատեսումներ են արել Հայաստանի տնտեսության մասին, եթե երկիը դուրս գա միությունից: Մասնավորապես, գազը կթանկանա մոտ 70 տոկոսով, Հայաստանից արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կկրճատվի գրեթե կիսով չափ, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի գրեթե 56 տոկոսով, Հայաստանի տնտեսությունը կտրուկ անկում կունենա՝ համախառն ներքին արդյունքը ավելի քան 15 տոկոսով կնվազի, Հայաստանի քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի պայմանները կխստացվեն, ԵԱՏՄ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը գրեթե կիսով չափ կկրճատվի:
Փաշինյանի կաբինետի անդամները ուռճացված են համարում այս հաշվարկները, ինքը՝ վարչապետը պնդում է, թե Հայաստանի տնտեսությունը ի վիճակի է դիմակայել այդ դժվարություններին: