Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա. Միրզոյանը ԵԽԽՎ-ում պատասխանել է եվրոպացի պատգամավորների հարցերին

Չնայած շաբաթվա սկզբին ԵԽԽՎ ընդունած զեկույցին, որում խորը մտահոգություն կար Հայաստանի վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության կապակցությամբ, եվրոպացի պատգամավորները դեռ հարցեր ունեն:

Խորհրդարանական վեհաժողովի նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթից հետո Պահպանողականների խմբից հարց հնչեց՝ եպիսկոպոսների ձերբակալությունները, վարչապետի հռչակած բարեփոխման ծրագիրն արդյո՞ք կրոնական և խոսքի ազատության խախտում չէ:
Միրզոյանը պատգամավորի հայտարարությունը բամբասանք որակեց: Պնդեց՝ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա:

«Կա մի իրավիճակ, երբ Հայաստանի որոշ քաղաքացիներ հրապարակայնորեն կոչ են անում հեռացնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը՝ զինված հեղաշրջման միջոցով: Եվ հրապարակային կոչեր են անում սպանել Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներին, այդ թվում՝ ինձ։ Ինչպիսի՞ն կլինի ձեր որոշումը, ի՞նչ գործողություններ կանեք այս իրավիճակում։ Հայաստանում օրենքի գերակայություն կա, և Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է ենթարկվեն օրենքին՝ լինի դա հոգևորական, քաղաքական գործիչ, պաշտոնյա, չգիտեմ, դիրիժոր, արտիստ, ով էլ որ լինի»,- պատգամավորի հարցին պատասխանեց նախարար Միրզոյանը։

Հայաստանում իշխանության զավթման ու ահաբեկչության փորձի համար մեղադրվում է Տավուշի թեմի նախկին առաջնորդ, 2024-ին վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքար մղած Բագրատ արքեպիսկոոս Գալստանյանը: Նա և դատարանի առաջ կանգնած իր 17 աջակիցները մեղքը չեն ընդունում, այն քաղաքական համարում, պնդում, որ որպես ապացույց ներկայացվող գաղտնալսումները խեղաթյուրված են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 4 հայ գերիների արձակումը հույս է տալիս հաջորդիվ մնացած 19 պահվող անձանց արձակման, որոնք դեռ Ադրբեջանում են. Միրզոյան

ԵԽԽՎ ելույթի, այնուհետև հարցուպատասխանի մեկ ժամվա ընթացքում Արարատ Միրզոյանը մի քանի անգամ խոսեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, հույս հայտնեց, որ խաղաղության վերջնական պայմանագիրը կկնքվի առաջիկա ամիսներին:

Անդրադարձավ ԵՄ դիտորդներին, հիբրիդային պատերազմի վտանգներին, հայ գերիների վերադարձին:

Ըստ Միրզոյանի՝ հաշտեցման գործում մեծ ներդրում կլինի բոլոր հայ գերիների ազատումը: Ըստ Հայաստանի արտգործնախարարի՝ բանակցություններն ադրբեջանաակն կողմի հետ շարունակվում է:

«4 հայ գերիների արձակումը մեզ հույս է տալիս, որ հաջորդիվ Ադրբեջանում պահվող մնացած 19 պահվող անձինք ազատ կարձակվեն»,-հայտարարեց ԱԳ նախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար. պաշտոնյաների արձագանքը

3 տարուց ավելի է Թուրքիան չի կատարում պայմանավորվածությունն ու չի բացում սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար՝ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը շարունակելով պայմանավորել հայ - ադրբեջանական կարգավորմամբ:
Բայց Հայաստանի արտգործնախարարը առաջընթացում հարցում լավատես էր, ասաց.- «Հույս ունեմ, որ առաջիկա օրերի, շաբաթների ընթացքում կտեսնենք սահմանի մասնակի բացում, այնուհետեւ սահմանը կբացվի լիովին»:

Միրզոյանը կարծիք հայտնեց, որ ինչքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, հիբրիդային հարձակումները կավելանան:
Ազատության թշնամիները քնած չեն, ընտրություններից չորս ամիս առաջ Միրզոյանը հնարավոր միջամտություններին անդրադարձավ՝ առանց հստակեցնելու, թե ում նկատի ունի:

«Նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական ու միջամտության անօրինական սխեմաների մեջ: Տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվական ռեսուրսների, ցանկանում են խաթարել մեր ինքիշխան ընտրությունը խաղաղության ու ժողովրդավարության համար: Ցանկանում են վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության և թույլ ինքնիշխանության խավարը: Նրանք ցանկանում են օգտագործել ժողովրդավարության գործիքները, ժողովրդավարությունը ոչնչացնելու համար: Իհարկե, առաջանում է դիլեմա՝ մի կողմից խոսքի ազատության պահպանման, լրատվամիջոցների բազմակարծության, մյուս կողմից՝ չարամիտ անձանց դեմ պայքարելու վճռականության: Բայց ես աստեղ եմ ասելու՝ նրանք չեն հաջողի»,- ԵԽԽՎ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:

Միրզոյանը չշրջանցեց մեկ տարուց առաքելությունն ավարտող ԵՄ դիտորդական խմբին: Արտգործնախարարն այսօր այս առաքելության տրանսֆորմացիայից էր խոսում, չնայած հայ-ադրբեջանական պայմանագիրը դեռ նախաստորագրված է: Հենց այդ պայմանագրի նախագծով են Երևանն ու Բաքուն պարտավորվում որևէ երրորդ կողմի ուժեր համատեղ սահմանին չտեղակայել:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով.- «Իսկապես, առաքելությունը նպաստել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կայունությանը: Նաև հասկանում ենք՝ ժամանակն անցել է, հիմա ունենք խաղաղություն, պետք է մտածենք՝ ինչպես կարող է այս առաքելությունը նպաստել ներքին, միգուցե սահմանային կառավարման կարողությունների զարգացմանը»:

Հայաստանի գլխավոր դիվանագետը եվրոպացի պատգամավորներին հավաստիացրեց, թե Փաշինյանի կառավարությունն իրականացնում է ԵՄ-ին ավելի մոտենալու քաղաքաքականություն: Վիզաների ազատականացման բանակցություններն անցած տարեվերջին մեկնարկեցին, չնայած հետխորհրդային մյուս երկրների՝ տարիներով ձգվող փորձին՝ Միրզոյանը հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին, միգուցե հաջորդ տարի հայաստանցիներն առանց վիզա ճամփորդեն դեպի Եվրոպա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իշխանությունը և ընդդիմությունը տարբեր գնահատականներ են տալիս ԵԽԽՎ բանաձևինԻմ կողմից եկեղեցու վրա հարձակում չկա. ՓաշինյանԹիրախում կաթողիկոսն է. փաստաբանՄայր Աթոռը եկեղեցիներին առնչվող իշխանական նախաձեռնությունը համարում է կաթողիկոսի դեմ արշավի մի մասԵվրամիությունը Հայաստանում կշարունակի դիտորդական առաքելությունը. Մարագոս«Ակտիվ աշխատանքներ են իրականացվում». ե՞րբ հայաստանցիները կազատվեն վիզայի թղթաբանական քաշքշուկներիցՀայ և թուրք դիվանագետները անվճար վիզա կստանան. ի՞նչ են պայմանավորվել Հայաստանն ու Թուրքիան Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում. ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ ներկայացուցչին