Հայաստանում բանտարկված սիրիացի վարձկանների փոխանակումը՝ քննարկման առարկա

Հայաստանի բանտում իրենց պատիժը կրող, 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ մասնակցած սիրիացի վարձկանները Բաքվի հետաքրքրության առարկա են դարձել:

Միջազգային դատարաններում Հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը հայկական կողմի հետ սկսել է քննարկել Հայաստանում միջազգային ահաբեկչության, վարձկանության հոդվածներով ցմահ դատապարտված Սիրիայի երկու քաղաքացիներին հայ ռազմագերիների հետ փոխանակելու հարցը:

«Դրա մասին խոսում է նախկին փորձը, և դրա վկայությունն են նաև ներկա քննարկումները, երբ որոշակի թվով գերիների ազատ արձակումը կարող է կախվածության մեջ լինել երկու վարձկանների ազատ արձակման հանգամանքից», - ասաց Սահակյանը:

Հայաստանի իրավապահները պարզել էին, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններն անարգել Ադրբեջան էին տեղափոխվել Թուրքիայի տարածքով, սահմանային անցակետը հատել էին առանց որևէ փաստաթղթի։ Իսկ մինչ նրանց տեղափոխումը՝ հունիսից մինչև սեպտեմբեր Սիրիայում ռազմական պատրաստվածության դասընթացների էին մասնակցել։

Իրավապահների փոխանցմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար վարձկաններին առաջարկվել էր 2 հազար դոլար։ Հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել, սպանել, ավելին՝ նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։

«Վարձկաններն այլ արժեք ու կարևորություն են սկսել ստանալ Ադրբեջանի համար», - նշեց իրավապաշտպանը:

Ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը, արդյոք պատրա՞ստ է ծանր հանցագործության համար հայաստանյան բանտում ցմահ ազատազրկված սիրիացիներին փոխանցել Բաքվին, ադրբեջանական բանտերում պահվող քանի՞ հայի դիմաց է պատրաստ Երևանը գնալ այս քայլին, հստակ չէ: «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարարություն:

Սիրանուշ Սահակյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծում ՝ 2021-ին դատապարտված վարձկանների նկատմամբ նման ուշադրությունից պետք է օգտվի հենց հայկական կողմը: Նրա տեղեկություններով, Երևանը դիտարկում է նրանց երկու կամ երեք հայ ռազմագերու դիմաց փոխանակելու հարցը, բայց բանակցությունները պետք է տարվեն այլ ուղղությամբ:

«Կարծում եմ՝ խնդիր պետք է դրվի նաև ղեկավարների ազատ արձակումը, իհարկե, իմ գնահատմամբ, իրատեսական չէ, որ այս փուլում Ադրբեջանը որևէ բանի դիմաց պատրաստ կլինի ազատ արձակել Արցախի ղեկավարությանը: Բայց անգամ նման գործոնների առկայության պարագայում Հայաստանը պետք է կարողանա հետ վերադարձնել գոնե 15-ին», - ասաց Սիրանուշ Սահակյանը:

Եթե Բաքուն չհամաձայնի այս վարձականների դիմաց հայկական կողմին փոխանցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչներին, ապա գոնե շեշտը պետք է դնի մյուս՝ 15 գերիների վրա, նկատում է հայ գերիների իրավունքների պաշտպանն ու ընդգծում՝ հակառակ դեպքում, երկու կամ երեք հոգու վերադարձի շուրջ բանակցություններն անհավասար կլինեն:

«Կարծում եմ՝ Հայաստանի խնդիրը հնարավոր առավելագույն քանակի անձանց ազատ արձակումն է», - նշեց նա:

Ինչո՞ւ հանկարծ Սիրիայի քաղաքացիները դարձան Բաքվի հետաքրքրության առարկա: Սահակյանի կարծիքով, այստեղ մեծ դեր ունեն Սիրիայում իշխանության ու աշխարհաքաղաքական փոփոխությունը, Թուրքիայի ու Սիրիայի ներկայիս ջերմ հարաբերությունները:

Սիրիացի վարձկանները, իրավապաշտպանի գնահատմամբ, կարևորություն են ստացել ոչ այնքան և ոչ միայն Ադրբեջանի, որքան գործընկեր կառույցների ու պետությունների, այդ թվում՝ Սիրիայի կողմից:

«Իմ կարծիքով այստեղ Ադրբեջանն այս սուբյեկտների պահանջմունքները, կարիքները բավարարելու նպատակով սկսում է գործել: Այսինքն Ադրբեջանն այստեղ միջնորդավորված խաղացող է: Լինելով պատերազմի կողմ, կարծում եմ, կարող է ձևավորել ակնկալիք, որ եկկողմ հարաբերություններում օրակարգ բերի վարձկանների ազատ արձակումը», - նշեց Սահակյանը:

Սիրանուշ Սահակյանը մեկ այլ հարց էլ է կարևորում. եթե Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ իր քաղաքացիների նկատմամբ, սա վկայում է Բաքվի կողմից պատերազմի ժամանակ վարձկանների ներգրավվածության մասին: Իսկ դա միջազգային իրավունքի խախտում է, հանցագործություն: