Հայաստանից ՌԴ արտահանման շուրջ մտահոգություններն ու վարչապետի արձագանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքեց լրագրողների հարցին, որոնք հիշեցրին՝ իր ու Պուտինի հանդիպումից հետո փորձագետները նշում են, թե հայաստանցի արտադրողները շուտով կարող են խնդիրներ ունենալ Հայաստանից ՌԴ ապրանքների արտահանման հարցում։

«Շվեյկը ասում էր՝ եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Հիմա գալիս եք՝ եթե, եթե, եթե չլինի, ի՞նչ են անելու նրանք, ովքեր հիմա ասում են, որ եթե լինի, ի՞նչ է անելու կառավարությունը»,- ասում է վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ վերջին հայտարարություններից հետո հայ բեռնափոխադրողները նոր դժվարությունների մտավախություն ունեն

Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո էր ռուսական «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել, որ Հայաստանից ներմուծվող որոշ ապրանքներ՝ մասնավորապես ծաղիկները, որակի վերահսկողության հետ խնդիրներ ունեն: Հետո ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն էր ընդգծել, որ Հայաստանը բեռնափոխադրումների հարցում կանգնելու է լուրջ մրցակցության առաջ:

Փաշինյանն այստեղ քաղաքական ենթատեքստ և ուղիղ զգուշացում չի տեսնում, այլ հորդորում է արտադրողներին բարձրացնել արտադրանքի որակը. «2018 թվականից ես խոսել եմ երկրում արտադրության ստանդարտիզացիայի անհրաժեշտության մասին, և մենք միլիոնավոր դոլարներ ենք հատկացրել տնտեսությանը, որպեսզի իրենք իրենց արտադրանքը ստանդարտիզացիայի ենթարկեն։ Տնտեսության արդիականացմանը մենք աջակցել ենք, աջակցում ենք և շարունակելու ենք աջակցել տնտեսվարողներին, բայց մենք նաև համաձայն չենք, որ այդ թվում՝ տեխնիկական խնդիրները փորձ արվեն քաղաքական հովանոցի ներքո այլ կերպ ներկայացնել»,- այսօր ասաց վարչապետ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

700 ջերմոցից միայն 26-ն են արտահանման թույլտվություն ստացել. արտադրողներն ասում են՝ դաշտը մնում է խոշորներին

Նախորդ տարի կոնյակագործներն ու ծաղիկ արտահանողներն էին բողոքում, որ իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելիս լուրջ խնդիրների առաջ են կանգնում: Ի տարբերություն վարչապետի՝ բեռնափոխադրողները, որ այդ ապրանքը Լարսով Ռուսաստան են հասցնում, քաղաքական հստակ ենթատեքստ են տեսնում հատկապես ռուսական կողմից հնչած հայտարարություններում, թե խնդիրն ապրանքի որակն է:

Կառավարությունը պարբերաբար պնդում է՝ Հայաստանը ջանք չի խնայում, որ հայ արտադրողները կարողանան իրենց ապրանքը նաև ամերիկյան ու եվրոպական շուկա հասցնել: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն երեկ հանդիպել էր արտահանողների հետ, որոնք հենց այդ ուղղություններով են իրենց ապրանքը սկսել արտահանել: Դրանցից մեկն էլ խոշոր գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլն» է: Ժորա Մովսիսյանն այդ ընկերության տնօրենն է, «Ազատությանն» ասաց՝ իրենց արտադրանքի զգալի տոկոսը դեռ 2018-ից արդեն ամերիկյան ու եվրոպական շուկա են արտահանել: Իսկ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսական շուկայում իրենց ապրանքը նախկինի պես լավ չի վաճառվում:

«Հիմնական նվազումը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Շարունակում ենք Ռուսաստանի հետ աշխատել, ուղղակի ծավալներն են փոքրացել: Եթե նայենք վերջին 3 տարին, ամեն տարի մոտ 30 %-ով աճ ենք ունենում եվրոպական շուկայում, իսկ արդեն ամերիկյան շուկան, քանի որ մեկ տարի ենք սկսել աշխատել, կարող եմ ասել՝ ամիսների վրա ամեն անգամ աճը երևում է»,- ասում է Ժորա Մովսիսյանը:

«Ալեքս տեքստիլ» ընկերությունը, տնօրենի խոսքով, օգտվում է պետության ընձեռած սուբսիդիաներից, հակառակ դեպքում, ըստ նրա՝ արտահանումը դեպի Եվրոպա ու ԱՄՆ սահուն չէր լինի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ն ուզում է չեղարկել «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան, գործարանը պնդում է՝ սխալ նույնականացում է արվել

«Մեյդ բայ Արմենիանս ՀԿ»-ի ներկայացուցիչը նույնպես երեկ եղել է նախարարի հետ հանդիպմանը: Այս ՀԿ-ն հայկական արտադրանքը աշխարհի տարբեր երկրների էքսպոներում է ներկայացնում: ՀԿ-ի նախագահ Արա Մարությանը նույնպես նշում է, որ պետական աջակցությունն օգնում է հայ արտադրողին սեփական ապրանքը եվրոպական ու ամերիկյան շուկաներ հասցնելուն, բայց խնդիրներ էլ է տեսնում՝ հայկական ապրանքի ինքնարժեքն, ասում է, թանկ է ու հետո, ըստ նրա, հիմնականում պետական սուբսիդիաներից օգտվում են մեծ ընկերությունները: Մարությանը նշում է՝ եթե քրտնաջան չաշխատի պետությունը, ապա ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզման դեպքում Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա.

«Հնարավոր է, որ ճիշտ աշխատանքի դեպքում ճիշտ կադրերով կարողանանք օրակարգից դուրս գալ: Կատաստրոֆիկ լուրջ վիճակ է հիմա, եթե էսօր հանկարծ որոշում ընդունվի, երկիրը կընկնի ցնցումների մեջ»,- ասում է «Մեյդ բայ Արմենիանս ՀԿ»-ի ներկայացուցիչը:

Ի դեպ, Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ վերջին հինգ տարվա ընթացքում դեպի ՌԴ ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալն, օրինակ, 2024 թվականի առաջին կիսամյակում եղել է բարձր, 2025-ի առաջին կիսամյակում, արձանագրվել է արդեն անկում։ Հենց նախորդ տարի էր, որ Հայաստանի կոնյակ արտադրողներն սկսեցին դժգոհել դեպի Ռուսաստան արտահանման ընթացքում առաջացող խոչընդոտներից: