Ռուսական տնտեսական պատժամիջոցների ֆոնին վերջին օրերին հաղորդվում է Հայաստան-Թուրքիա առևտրի հնարավորությունների մասին: Մի խումբ հայ գործարարներ երեկ ցամաքային սահմանով գնացել են Կարս՝ հանդիպելու թուրք գործընկերների հետ:
Հավաքին մասնակցած Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերության ղեկավար Մարատ Մովսիսյանը պատմեց, որ երկու երկրների կառավարությունների կազմակերպած միջոցառումը ծանոթության, հնարավորությունների գնահատման առաջին քայլն էր:
«Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ էին ներկա, ամեն մասնակից փորձում էր գտնել համապատասխան ոլորտի ներկայացուցիչին, որի հետ կարանային համագործակցություն գտնեին: Իրենք էլ շատ շահագրգռված էին սահմանների բացման հետ կապված», - ասաց Մովսիսյանը:
Մասնավորապես, ըստ գործարարի, թուրքական կողմում մեծ հետաքրքրություն է եղել սահմանի բացման դեպքում Գյումրի և Կարս քաղաքների զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ, հայերը հիմնականում արտահանման հարցեր են բարձրացրել:
«Նրանք, ովքեր շահագրգռված էին Եվրոպա արտահանելու... նաև մեր կամպանիան է շահագրգռված դրա մեջ, մեզ հետաքրքիր էր, որ լոգիստիկ ծառայությունները սահմանը բացվելու դեպքում շատ ավելի մատչելի կլինեն էլի ու արագ», - նշեց Մարատ Մովսիսյանը:
Պետական «Արմենպրես» գործակալությունը հաղորդել է, որ երկու երկրների գործարար համայնքները ողջունել են Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի մեկնարկի համար ձևավորված բարենպաստ միջավայրը։ Հանդիպմանը մասնակցել են սննդամթերքի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի ոլորտների ներկայացուցիչները: Սահմանի հնարավոր բացման մասին պաշտոնական լրահոսում չի հիշատակվում, հակառակը՝ նշվում է երրորդ երկրների տարածքով առևտրի հնարավորությունը:
Գործարար Մովսիսյանը հանդիպումից ազդակներ ստացել է, որ հակված են բացել սահմանը. «Շատ ուղիղ, բաց տեքստով էին ասում, որ հակված են, իրենց մոտ, էն տեղերում, որտեղ մենք եղանք, Իգդրիր, Ղարսի կողմերը, շատ ավելի էին շահագրգռված, որովհետև իրենք Թուրքիայի ծայրամասում են, որը չունի հարևան երկրի հետ սահման: Իրենց շունչն էլ կբացվի դրանից: Հիմա Իգդիրից ավելի հարմար է գան Հայաստան, քան գնան Ղարս»:
Նախօրեին էլ հաղորդվեց, որ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն է Վրաստանի Ախալքալաք քաղաքում մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը։
Վարչապետն էր հայտնել, որ Ադրբեջանի երկաթուղու նման այս ուղին էլ բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար: Թուրքական կողմն իր հերթին հույս էր հայտնել, թե այս քայլը նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ախալքալաք–Կարս երկաթուղին բաց է Հայաստանի արտահանումների ու ներմուծումների համար. ՓաշինյանԵրկաթուղու բացմանը մեկնած նախարար Խուդաթյանը պնդեց՝ հնարավորությունները մեծ են. «Երկաթուղու օգտագործումով հայկական կողմի գործընկերները կկարողանան ինչպես արտահանել ապրանքները, այնպես էլ ներկրել Կարսով այլ ուղղություններ, մասնավորապես, եվրոպական շուկա, դա ակնհայտ է: Երեկվա միջոցառումից հետո էլ վրացական կողմի գործընկերները այդ մասով հայտարարություն են տարածել, որ երկաթուղին հասանելի է հայկական կողմի համար: Այնպես որ սա նոր շուկաներ ունենալու հնարավորություն է տալիս»:
Այս երթուղու դեպքում էլ Հայաստանը շրջանցվելու է, հայ-թուրքական սահմանը մնալու է փակ: Անկարան մինչև օրս չի կատարել պայմանավորվածությունը ու սահմանը չի բացել անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար:
Երեկվա հեռախոսազրույցում թեման չեն քննարկել նաև վարչապետ Փաշինյանն ու նախագահ Էրդողանը, պաշտոնական հաղորդագրությունում երկկողմ օրակարգի հարցերի թվում դա նշված չէ: