«Հարված չի եղել». փաստաբանները հերքում են ՔԿ-ի վարկածը եկեղեցու միջադեպի վերաբերյալ

Միքայել Մինասյանն ազատ արձակվեց գրավի դիմաց

Եռօրյա ձերբակալությունից ազատ արձակված 18-ամյա Միքայել Մինասյանն այսօր կարճ խոսեց լրագրողների հետ՝ չանդրադառնալով կիրակի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպին: Քննչականը նրան ազատ է արձակել 5 միլիոն դրամ գրավի և բացակայության մասին ստորագրության դիմաց:

«Ես շատ լավ եմ, իմ հանդեպ լավ են վարվել», - ասաց նա:

Նրան հուզմունքով ու արցունքներով դիմավորած հարազատներն այժմ Կենտրոնի դատարանի առջև են, որը քննում է երկվորյակ եղբորը՝ Դավիթին, երկու ամսով կալանավորելու Քննչականի միջնորդությունը:

Դավիթը 4 տարեկանից շուրջօրյա հատուկ խնամքի կարիք ունի. տղայի մոր բաց նամակը

Փաստաբանների խոսքով՝ Դավիթը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ չբացահայտված ալերգիա ունի: Տղայի մայրը՝ դատական նիստից առաջ բաց նամակոց դիմել է դատարանին: Գայանե Մինասյանը խնդրել է որդուն հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ՝ շեշտելով՝ որդին 4 տարեկանից ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք: Նա հավաստիացրել է, որ իր ընտանիքը պատրաստ է աջակցել դատարանի անաչառ քննությանը:

Մեղադրանք երեք ձերբակալվածներին

Քննչականն այսօր առավոտյան մեղադրանք առաջադրեց Սուրբ Աննայում տեղի ունեցած միջադեպից հետո երեք ձերբակալվածներին: 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Դպրոցական եղբայրների փաստաբաններն այսօր առավոտյան չէին կարողանում մտնել Քննչական կոմիտե, դա նրանց հաջողվեց միայն Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունից հետո: Վարդուհի Էլբակյանը մեղադրանքի բովանդակությունից նախաքննության փուլում իրավունք չունի խոսելու, բայց շեշտեց՝ տղաները հանցագործություն չեն արել, ընդամենը ինչպես ամեն կիրակի, եկեղեցի են այցելել:

«Ընդամենը պատարագի են մասնակցել, - ասաց Վարդուհի Էլբակյանը, -
12-րդ դասարանի տղաներ են, չէին էլ կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել, որևէ քաղաքական գործչի հետ կապ չունեն: Կարող է որոշակի քաղաքական ենթատեքստ մտցնելու փորձ կատարվեց, բայց տղաների, եթե անգամ և կա, իրենց կողմից կատարվածը քաղաքական ենթատեքստ չունի»:

Սուրբ Աննայի միջադեպի կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո ձեռքը մեկնում է վարչապետի ուղղությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի մասնակցությամբ պատարագին

Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Դավիթը ենթադրաբար անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում: Փաստաբանը պնդում է՝ վարչապետին ուղղված հարված չի եղել այն, ինչի համար ՔԿ-ն մեղադրում է Դավիթին և փորձում երկու ամսով կալանավորել:

«Հարված չի եղել, հաստատապես հայտարարում եմ: Այն, ինչը կադրերում տեսել եք, հարվածին նմանվող և այլն, անընդհատ շոշափվեց հարված-հարված, հարված չի եղել: Ինչ-որ գործողություն կա, բայց դա հարված չէ», - նշեց փաստաբանը:

Էլբակյանն ասաց, որ Դավիթի վայր ընկնելուց հետո փորձաքննություն է նշանակված:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով երկվորյակ եղբայրները տեղափոխվել են ՔԿ՝ հարցաքննության

Ու մինչ ՔԿ-ն եկեղեցում տեղի ունեցածը որակում է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանի կողմից կազմակերպված, այսօր ստորագրության և 5 միլիոն դրամի դիմաց ազատ արձակված Գևորգյանը պնդեց՝ ինքը տղաներին չի ճանաչում, պարզապես նրանց պես ևս հաճախ եկեղեցի է այցելում: Պատմեց՝ փորձել է թույլ չտալ Դավիթին հարվածել. «Կասկածում են, որ ես իբր կազմակերպել եմ և հետո պաշտոնատար անձին, երբ տեսել եմ, որ հարվածում են երիտասարդները, ձեռքից բռնել եմ, ասել եմ՝ դուրս եկեք, եկեղեցում սենց բաներ չեն անում»:

Փաստաբաններն անդրադառնում են նաև առաջադրված հոդվածին՝ պաշտոնյայի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու դրվագին՝ հարցնելով՝ ինչպե՞ս կարող են եկեղեցում խոչընդոտել նրա գործունեությանը: Ասացին, որ տղաների բնակարանն են խուզարկել՝ փորձելով գտնել ինչ-որ ապացույց, որը կփաստի, թե կազմակերպված փորձել են խոչընդոտել Փաշինյանին: Լուսինե Մարտիրոսյանն ասաց՝ ոչինչ չեն հայտնաբերել:

«Համաձայն որոշման՝ փնտրում էին վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված բռնության և խուլիգանության՝ Գևորգ Գևորգյանի կողմից կազմակերպված գործողությանը իրենց պայմանավորվածությունը հաստատող փաստեր, նաև նախագիծ, պլան», - նշեց նա:

Նույն օրը մեկ այլ միջադեպ՝ դպրոցականի մասնակցությամբ

Մինչ Քննչական կոմիտեն ակտիվ քննություն է անցկացնում Սուրբ Աննայի միջադեպով, մեկ այլ դպրոցականի ձերբակալության մասին է ահազանգում փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Պնդում է՝ նույն օրը մայրաքաղաքի մեկ այլ վայրում ձերբակալել են մեկ այլ դպրոցականի, երբ աղբն էր թափում. «Աղբը թափելու դուրս է գալիս, այդ շարասյունը տեսնում է, մոտենում է, թքում է Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա»:

Փաստաբանը հայտնեց, որ այս տղան 48 ժամ ձերբակալությունից հետո այսօր ազատ արձակվեց մեղադրյալի կարգավիճակով, ստորագրություն է տվել չբացակայելու համար: Քննչականն այս մի գործով մանրամասներ չի հաղորդում, «Ազատությունից» գրավոր հարցում պահանջեցին: Մելիքյանն ասաց, որ վարույթը հարուցվել է խուլիգանության հոդվածով՝ հաշվի առնելով դպրոցականի խոսքը, թե «թուրքը ծախել է մեր հողերը», նաև հաշվի առնելով, որ վարչապետի ծառայողական ավտոմեքենան է եղել թիրախում:

Դատախազը սա անպարկեշտ արտահայտություն է որակել: Փաստաբանն ասում է՝ թքելը լավ արարք չէ, բայց հիշեցնում է ԱԺ նախագահի թքելը քաղաքացու վրա երեք տարի առաջ ու հարցնում՝ ինչո՞ւ դա չորակեցին խուլիգանություն:

Your browser doesn’t support HTML5

«Հարված չի եղել». փաստաբանները հերքում են ՔԿ-ի վարկածը եկեղեցու միջադեպի վերաբերյալ