Հաջորդ շաբաթ Երևան կժամանի «Ռուսական երկաթուղիներ»-ի տնօրենը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և «Ռուսական երկաթուղիներ»-ի գործադիր տնօրեն Օլեգ Բելոզյորով, արխիվ

Հայկական երկաթուղիների կառավարման շուրջ քննարկումների այս շրջանում հաջորդ շաբաթ Երևան կժամանի «Ռուսական երկաթուղիներ»-ի գործադիր տնօրեն Օլեգ Բելոզյորովը:

«Մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշակի հետևություններ կանենք էդ աշխատանքային քննարկման արդյունքներով», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երևանն արդեն ամիսներ շարունակ հայտարարում է՝ երկաթուղիների կառավարման կոնցենսիոն պայմանագրի պատճառով Հայաստանը մրցակցային առավելություններ է կորցնում, և արևմտյան գործընկերները չեն ցանկանում ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղիներից օգտվել: Երևանն առաջարկում է, որ կառավարումը փոխանցեն և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի: Վարչապետ Փաշինյանը պարբերաբար ընդգծում է՝ հարցը բարեկամական մթնոլորտում են ցանկանում լուծել, ռուսական կողմից արձագանքում են՝ կոնցենսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են պահանջել իրենց կատարած ներդրումների վերադարձը:

«Հանդիպումից հետո ինչ կլինի՝ էս պահին չեմ կարող կանխատեսել, ասել՝ այ սենց նորություն է լինելու», - ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև հայտնել է՝ երկաթուղիների կառավարման հնարավոր թեկնածու կարող է ԵԱՏՄ անդամ Ղազախստանը լինել: Նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևն այս ամիս Հայաստան է գալու, վարչապետն այսօր տեղեկացրեց՝ նաև երկաթուղիների հարցն են քննարկելու:

«Ես գիտեմ նաև, որ նույն Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնման հարցում նաև ղազախական ընկերություն է հետաքրքրություն ցուցաբերել, կքննարկենք: Տարբեր հարցեր կան, կքննարկենք, այո», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ղազախական և ուզբեկական ընկերություններ ոչ միայն հետաքրքրություն են ցուցաբերել, այլև երկաթուղու Երասխի ու Ախուրիկի չգործող հատվածները վերականգնելու համար նախագծերի մրցույթին են մասնակցել, նրանց հայտերը, սակայն, մերժվել են՝ չափորոշիչներին չհամապատասխանելու հիմքով:

Կառավարությունից հայտնում են՝ առաջիկայում միջազգային նոր մրցույթ կհայտարարեն, թե երբ, չեն հստակեցնում:

Ղազախական ընկերությունը Երասխի հատվածում երկաթուղին վերականգնելու համար 3.5 միլիոն դոլար է առաջարկել, ուզբեկականը՝ 1.9 միլիոն դոլար: Ախուրիկի հատվածը վերակագնելու համար ղազախական ընկերությունը 890 հազար դոլարի գնառաջարկ է արել, ուզբեկականը՝ 450 հազար դոլարի:

Սեպտեմբերին հայտարարված մրցույթն, ի դեպ, իրականացվել է հրատապ ընթացակարգով, հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ մասնակիցներից առնվազն մեկը ռուսական կոնցեսիայի պատճառով նախագծի իրականացումը քաղաքական ռիսկերի հետ է կապել ու հետաքրքրվել՝ Կառավարությունն առնվազն 30-50 տոկոսի չափով կանխավճար կտա՞ կատարողին: Կառավարությունը պատասխանել է՝ այս մրցույթով կանխավճար չեն կարող տրամադրել:

Փաստաթղթերից պարզ է դառնում, որ մրցույթով նաև Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինայում են հետաքրքրվել: Գրավոր հարցել են ուղարկել՝ հետաքրքրվելով, թե հայ-ուկրաինական կոնսորցիումը կարո՞ղ է հայտ ներկայացնել, ինչին Կառավարությունը դրական պատասխան է տվել: Թե որ ընկերությունն է այս հարցերն ուղղել, փաստաթղթերում գրված չէ: Մրցույթին, ի վերջո, միայն ղազախական և ուզբեկական ընկերություններն են դիմել: «Ազատություն»-ը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հարցնելով, թե ուկրաինական որ ընկերությունն է հայկական երկաթուղիների այս հատվածները վերականգնելու հետաքրքրություն հայտնել, սպասում է պատասխանի:

Անցած տարվա դեկտեմբերին՝ մինչ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների այսչափ խորացումը, Հայաստանի վարչապետը ռուսական կողմին կոչ արեց հնարավորինս արագ վերականգնել երկաթուղիների այդ հատվածները: Հետո, սակայն, Փաշինյանը ռուսական կոնցենսիայի պատճառով մրցակցային առավելությունները կորցնելու թեզը ներկայացրեց և հայտարարեց, թե այդ հատվածները պետական բյուջեի միջոցներով կվերականգնեն:

Մոսկվայից այժմ հայտարարում են, թե պատրաստ են աջակցել Երևանին Երասխի ու Ախուրիկի հատվածները վերականգնելու հարցում և սպասում են Երևանի արձագանքին:

«Մենք աջակցում ենք այդ հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել ու աջակցել Հայաստանին՝ Երասխից մինչև Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման տրանսպորտային կապն ապահովելու նպատակով», - հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա պնդմամբ՝ համապատասխան որոշումներն ընդունել են նախագահի մակարդակով՝ դեռ այս հունվարին: Թե մասնավորապես ինչ է առաջարկել Մոսկվան, հայտնի չէ:

Վարչապետ Փաշինյանն էլ այսօր չմանրամասնեց, հորդորեց սպասել «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարի այցին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցովՂազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք. Փաշինյան«ՀՀ-ում ՌԴ տնտեսական օպերատորների շահերի ոտնահարումը չի մնա առանց պատշաճ արձագանքի». ԳալուզինՓաշինյանը և Պուտինը հայկական երկաթուղու հարցով ինչ են պայմանավորվել. մանրամասներ բանակցություններից