Մատչելիության հղումներ

Մյուս շաբաթ «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահը Հայաստան կգա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ»-ի գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովի հանդիպումը 2019 թվականի հոկտեմբերին Երևանում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ»-ի գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովի հանդիպումը 2019 թվականի հոկտեմբերին Երևանում

Մյուս շաբաթ «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահը Հայաստան կգա, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք աշխատանքային քննարկում կունենանք, նաև որոշ հետևություններ կանենք այդ քննարկման արդյունքներով: Ես գիտեմ, որ նաև նույն Ախուրիկի ու Երասխի հատվածների վերականգնման հարցում նաև ղազախական ընկերություն է հետաքրքրված, կքննարկենք, տարբեր հարցեր կան», - ասաց Փաշինյանը:

2025 թվականի դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին կոչ էր արել հնարավորինս արագ վերականգնել Հայաստանի տարածքում գտնվող՝ դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածները։ Նույն ամսին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ եթե այդ հատվածների վերականգնման հարցում դժվարություններ առաջանան, Հայաստանը պատրաստ է դրանք հետ վերցնել ռուսական կողմի կոնցեսիոն կառավարումից։ Այս տարվա հուլիսին Փաշինյանը չէր բացառել նաև հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի հարցով արբիտրաժ դիմելու հնարավորությունը։

ՌԴ փոխվարչապետը հոկտեմբերի 2-ին հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում հայկական երկաթուղու երկու հատվածների՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման, վերականգնման վերաբերյալ առաջարկին:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովն էլ ավելի վաղ նշել էր, որ ընկերությունը մտադիր է ամբողջությամբ կատարել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայի շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Միաժամանակ, նա ընդգծել էր, որ կոնցեսիայի պայմանների փոփոխության կամ դրա դադարեցման դեպքում ընկերությունն իրավունք ունի ակնկալելու կատարված ներդրումների վերադարձը։


​
XS
SM
MD
LG