Հաջիև. Ադրբեջանը Հարավային Կովկասը մարտադաշտից վերածել է համագործակցության տարածքի

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանը Հարավային Կովկասը մեծ տերությունների «մարտադաշտից» վերածել է համագործակցության տարածքի բոլոր կողմերի համար, գրել է երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում ամերիկացի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի հետ հանդիպման վերաբերյալ X-ում արած հրապարակման մեջ:

Հաջիևը Սաքսի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանը, իր անկախության 34-35 տարին անցկացնելով պատերազմի մեջ, կանաչ միջանցք է ստեղծել Կասպից ծովից մինչև Եվրոպա և վերստին գրել է սեփական պատմությունը:

Բաքուն իր առջև խնդիր է դնում Հարավային Կովկասում ձևավորել տարածաշրջանային անվտանգության ամուր համակարգ, որը թույլ կտա կանխարգելել նոր հակամարտությունները և Հայաստանի հետ խաղաղության գործընթացը պաշտպանել արտաքին միջամտության ու ապակայունացման փորձերից, Minval.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Իլհամ Ալիևի օգնականը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ձգտում է ոչ թե սոսկ թղթի վրա ամրագրված ձևական խաղաղության, այլ իրական և կենսունակ կարգավորման, որի արդյունքները կարող են զգալ մարդիկ:

«Խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստվել է հենց մեր երկրում: Մենք խաղաղության ձեռք մեկնեցինք հարևան Հայաստանին: Մեր առջև երկու ճանապարհ էր՝ հավերժ պատերազմ կամ հավերժ խաղաղություն: Մենք ընտրեցինք հավերժ խաղաղության ճանապարհը», - ասել է Հաջիևը:

«Խաղաղություն նվաճելը շատ ավելի դժվար է, քան պատերազմում հաղթելը: Այսօր ես ուրախ եմ, որ ամբողջ Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելու ռազմավարության շրջանակում մենք նաև հաղթանակ ենք տանում խաղաղության գործընթացում», - նշել է Ալիևի օգնականը՝ շարունակելով. - «Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ խաղաղությունը: Խաղաղության հայեցակարգի հիման վրա մենք մտադիր ենք կառուցել տարածաշրջանային անվտանգության այնպիսի ճարտարապետություն, որը կկարողանա դիմակայել պատերազմի տանող բոլոր բացասական գործոններին, ինչպես նաև խաղաղ գործընթացը խաթարելու ձգտող ուժերի գործողություններին: Այն պետք է ապահովի երկարաժամկետ արդյունք բոլոր սերունդների համար»:

Անդրադառնալով հայ - ադրբեջանական հարաբերություններին՝ Հաջիևը վստահեցրել է, որ Բաքուն ելնում է բազմամյա հակամարտության հետևանքների հաղթահարման անհրաժեշտությունից՝ թույլ չտալով պատմական ծանր ժառանգությանը որոշել երկու պետությունների ապագան: «Որոշ վերքեր դեռ թարմ են, և մենք չենք կարող աչք փակել որոշակի հիշողությունների վրա: Սակայն դրա հետ մեկտեղ մենք նայում ենք դեպի ապագան՝ դեպի հավերժ խաղաղությունը», - ասել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան:

Որպես նոր մոտեցման գործնական հաստատում Հաջիևը նշել է տնտեսական շփումների զարգացումը: Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն հաստատվել են առևտրական կապեր, զուգահեռաբար աշխատանք է տարվում տրանսպորտային հաղորդակցության ձևավորման վրա, ասել է նա՝ պնդելով, թե այդ հնարավորությունները հատուկ նշանակություն ունեն դեպի ծով ուղղակի ելք չունեցող Հայաստանի համար:

«Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, և մենք նրան առաջարկում ենք վերածվել տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապված երկրի ու բացում ենք նրա համար տարբեր տրանսպորտային երթուղիներ», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը: