Իրավապահները շարունակում են գործողությունները «Առինջ մոլում», աշխատակիցները ակցիա են իրականացնում

Իրավապահները շարունակում են գործողություններ իրականացնել կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլում»: Միևնույն ժամանակ տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով պարզաբանել՝ ինչու են իրավապահները կապարակնքել տաղավարները։

Տեղում ոստիկանական ուժեր են կենտրոնացած:

Ավելի քան 20 տաղավարները կապարակնքել են երկուշաբթի օրը. այդ օրերին մոլը չի աշխատում։

Աշխատակիցների ու տաղավարների վարձակալների պնդմամբ՝ որևէ պարզաբանում չեն ստացել, ոչ էլ ծանուցել են կապարակնքման մասին, իսկ իրենք անձնական իրեր ունեն ներսում՝ անձնագիր, ավտոմեքենայի բանալի և այլն։ Տուժում են բիզնեսները, որոնք փաստորեն արդեն 3-րդ օրն է՝ չեն աշխատում։

Բողոքի ակցիայի մասնակիցները պատմում են՝ զրույցների մակարդակով լսել են՝ պատճառը գուցե իրենց տաղավարների վրայով անցնող բարձրավոլտ էլեկտրականության լարն է։ Հարցնում են՝ մի՞թե միայն հիմա են իրավապահները նկատել, հավաքվածները մատնացույց են անում տարածքի այլ շինություններ, որոնք նույնպես բարձրավոլտ էլեկտրականության գծի տակ են գտնվում։

Քննչական կոմիտեն դեռ որևէ մանրամասն չի ներկայացրել, թե ինչ են փնտրում Ծառուկյանի ընտանիքին պատկանող այս բիզնեսում և ինչ գործողություն են իրականացնում տեղում:

ԲՀԿ առաջնորդին պատկանող այլ ընկերություններ ևս կապարակնքված են, աշխատակիցներն էլ փաստացի հարկադիր պարապուրդի մեջ: Ավելի վաղ իրավապահ կառույցից «Ազատությանը» գրավոր հայտնել էին, որ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները կապարակնքվել են «վարութային գործողությունների և գույքագրման նպատակով»՝ առանց որևէ այլ հավելյալ մանրամասների:

Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից ու հրավիրել հարցաքննությանԾառուկյանին պատկանող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿԾառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումն անցել է գործադիրին