Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացման սկանդալին արձագանքել են աշխարհի տարբեր համալսարաններից 24 ցեղասպանագետներ՝ Էդիտա Գզոյանի հեռացումը համարում են սարսափելի ազդակ ամբողջ աշխարհի գիտնականների ու պատմաբանների համար, որ ճշմարտացի հիշողությունը կարող է զոհաբերվել ըստ դիվանագիտական հարմարության։
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության և գիտական ուսումնասիրությունների կենտրոն է՝ ժխտման և խեղաթյուրման դեմ պաշտպանական ամրոց։ Նրա ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից, այլ ոչ թե ենթարկվի դրան»,- ասված է տարածված հայտարարությունում։
Միջազգային գիտական համայնքի ներկայացուցիչները նշում են՝ Հայոց ցեղաապանության թանգարան-ինստիտուտը Գզոյանի ղեկավարությամբ կարևորագույն գիտական աշխատանք է կատարել , որը, ըստ նամակի հեղինակների, նպաստել է ցեղասպանագիտության զարգացմանը ողջ աշխարհում։
Հայտարարությունում ասված է. «Խստորեն կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը չմիջամտել ինստիտոտի ղեկավարմանը: Կոչ ենք անում իշխանություններին հարգել
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անկախությունը և ապահովել, որ դոկտոր Գզոյանը կարողանա շարունակել իր գործը առանց քաղաքական ճնշման ու միջամտության»:
Երեկ Հայաստանի վարչապետը հաստատեց՝ ինքն է ցուցում տվել, որ Գզոյանը հեռանա աշխատանքից, պատճառը Միացյալ Նահանգների փոխնախագահին նվիրած ժողովածուն է՝ ամերիկյան մամուլի արձագանքը 1905-1921 թվականներին Անդրկովկասի հայության նկատմամբ ազերիների ագրեսիայի մասին։
Կառավարության ղեկավարը երեկ հայտարարեց.- «Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի՝ իմ ցուցումով։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»։
Իսկ մինչև այս հայտարարաությունը Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը բոլորովին այլ հիմնավորում էր ներկայացրել անձնակազմին ու ինստիտուտը կառավարող հոգաբարձուների խորհրդին: Նա հուշահամալիրի շինարարությունը լավ չվերահսկելն էր որպես պատճառ մատնանշել, ոչ թե այն, որ վարչապետն է հրահանգել: Թանգարան -ինստիտուտի ամբողջ անձնակազմը մինչև այսօր էլ ոչ աշխատանքային մթնոլորտում է: Նրանք պահանջում են, որ լիազոր մարմնից՝ այսինքն նախարարությունից գան ու պարզաբանում տան՝ ինչ է տեղի ունենում։ Գիտաշխատողներից Արման Խաչատրյանը գրում է.
«Անմեղ և ոչ սադրիչ արարքի համար պատժելով իր քաղաքական թիմի անդամ չհանդիսացող Գզոյանին՝ վարչապետը նրան դարձնում է քավության նոխազ՝ ցույց տալով, որ ցանկացած ոք՝ լինի գիտնական, պետական պաշտոնյա, համախոհ, հակառակորդ, թե մեկ այլ անձ, եթե շարունակի խոսել Արցախի թեմայով՝ խիստ կպատժվի»։
Ըստ գիտաշխատողի՝ գիտությունը արտաքին քաղաքականության աղախինը չէ: Հայաստանի վարչապետը չունի իրավունք գրաքննելու որևէ գիտական հարց, որևէ գիտական հաստատության ներսում, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է։
Նախօրեին թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն «Ազատության» հետ զրույցում նշել էր.- «Ոչ մի ճնշում տեղի չի ունենում։ Ակադեմիական աշխարհը, այսինքն՝ էս հիմնարկը, էս հաստատությունը պետք է շարունակի իր աշխատանքը նույն հունով, ինչով որ աշխատել է։ Բոլոր բաժինները շարունակում են իրենց աշխատանքը»։
Թանգարան-ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը գիտական հաստատության ուղղությամբ ճնշում չի տեսնում, բայց շեշտում է՝ ինքը պատրաստ է վարչապետի ուղենշած արտաքին քաղաքականությամբ առաջնորդվել: Թաշչյանը գիտնական չէ, դիվանագետ է, վերջին տարիներին աշխատել է Փաշինյանի կաբինետում, ունի մեկ հեղինակային, ոչ ակադեմիական գիրք, կոչվում է «Մեր անհաջողության պատճառների և մարտահրավերների մասին». այն ինչ չէինք արել 44-օրյա պատերազմից առաջ.
Վենս ամուսիններին պատմական ժողովածու նվիրելուց հետո ծայր առած այս աղմկոտ պատմությունը գիտական հանրության մտահոգության թեմա է: Գիտությունը օրվա քաղաքականությանը ենթարկելը համարում են վերադարձ Խորհրդային Միություն.
«Գիտնականը անաչառ պատմության կոչված անձնավորություն է, պատմական ճշմարտությունը պիտի հանի ջրի երես՝ առանց քաղաքական կոնյուկտուրան հաշվի առնելու։ Խորհրդային տարիներին քաղաքական կաղապարների պատճառով շատ ու շատ պատմական իրադարձություններ կեղծվել են, շրջանցվել են, որոնց մասին չի խոսվել կամ եթե խոսվել է՝ գլխիվայր շուռ տված։ Հիմա մենք, փաստորեն, եթե քաղաքական կոնյուկտուրայով առաջնորդվենք, կնշանակի կվերադառնանք խորհրդային ժամանակվա քաղաքական կաղապարներին։ Այնինչ, անկախության շրջանում, վերջապես, պատմաբանները ազատ գրելու հնարավորություն են ստացել, և դա մեր մասնագիտական պարտքն է»,- պատմության ինստիտուտը երկար տարիներ գլխավորած Աշոտ Մելքոնյանը շեշտում է՝ սովետի ժամանակ էին գիտնականներին թեմաներ թելադրում: 2020-23 թվականներին Արցախում տեղի ունեցածն, ասում է՝ էթնիկ զտում է, ցեղասպանական գործողություն՝ ըստ միջազգային դասակարգման և այդ ուղղությամբ հայ գիտնականները պարտավոր են աշխատել
«Մենք ուսումնասիրել ենք և՛ Արևմտյան Հայաստանը, և՛ Նախիջևանը, և Արցախն առավելևս, որվհետև Արցախի պատմության ուսումնասիրությունը, պատկերացրեք, կազմել է մեր հետազոտությունների առնվազն 1/4-ը»,- շեշտում է ԳԱԱ Պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Աշոտ Մելքոնյանը։
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կառավարող հոգաբարձուների խորհուրդը այժմ ձևափոխումների փուլում է։ Այս սկանդալից հետո հրաժարականաի դիմում էին ներկայացրել խորհրդի մի շարք անդամներ, նաև նախագահը՝ ֆրանսիահայ ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգյանը։ «Ազատության» տեղեկությամբ՝ վերջինիս փոխարինելու է Կրթության փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, նա քաղաքագետ է: